Հայերեն   English   Русский  

Գագիկ Եգանյանը պարզաբանում է, թե ինչու են Հայաստանից արտագաղթում


  
դիտումներ: 2209

Կառավարության նիստից հետո լրագրողները Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանից հետաքրքրվեցին Հայաստանում արտագաղթի ծավալների մասին:

Եգանյանի խոսքով` իրավիճակը գրեթե նույնն է, և «հեղափոխական, ցնցումային» փոփոխություններ չկան միգրացիոն իրավիճակում:

Վերջին հետազոտությունը, ինչպես տեղեկացրեց Միգրացիոն ծառայության պետը, իրականացրել է Հայ-ռուսական սլավոնական համալսարանը պետական պատվերով:

«Ընդհանրապես, 1992-1994 թվականները մենք համարում ենք զանգվածային արտագաղթի տարիներ, երբ բնակչության «կորուստը» կազմեց շուրջ 600 հազար, 1995-2001 թվականներին մի փոքր կայունացավ, այդ 7 տարիների ընթացքում ունեցանք շուրջ 250 հազարի հասնող բնակչության «կորուստ», իսկ 2002-ից մինչ այժմ գրեթե տարեկան նույն մակարդակի վրա է` 2002-2007 թվականներին ընթացքում` 25-26 հազար, որից հետո մի փոքր բարձրացավ մինչև 29-30 հազար»,-ներկայացրեց Եգանյանը:

Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե ընդդիմադիրները նշում են տարեկան 50-60 հազարի հասնող արտագաղթի ծավալների մասին, Գագիկ Եգանյանն ասաց, որ սա լավ թեմա է, որպեսզի ամեն մեկն իր ճաշակից ու իր խնդրից ելնելով` օգտագործի. «Եթե ուզում են ասել, թե ամեն ինչ վատ է, էլ պետք չի ուրիշ բնագավառներ գնալ»,-նկատեց նա:

Լրագրողները նաև հետաքրքրվեցին, թե տվյալներ ունե՞ն ՌԴ միգրացիոն ծառայության "Հայրենակիցներ" ծրագրով Ռուսաստան մեկնածների վերաբերյալ. «Բայց միայն այդ ծրագիրը չի. նման ծրագրեր իրականացնում են Կանադան, ԱՄՆ-ն, Ավստրալիան»,-հիշեցրեց Եգանյանը` նշելով, որ իրենք նման հետազոտություններ չեն արել և տվյալների չեն տիրապետում, քանի որ իրենք այդ ծրագրերին մասնակցություն չունեն:

Դիտարկմանը, որ դա լուրջ հիմնախնդիր է և ազգային անվտանգությանն է առնչվում, Գագիկ Եգանյանը պատասխանեց, որ արտագաղթի դեմ պայքարել` նշանակում է պայքարել այդ երևույթն առաջացնող պատճառների դեմ. «Աշխատատեղի բացակայություն, ցածր աշխատավարձ, բիզնեսով զբաղվելու դժվարություններ, հեռանկարի բացակայություն, կայունության բացակայություն, արդարության բացակայություն,-թվարկեց Եգանյանը` շեշտելով, թե հետազոտությունները ցույց են տալիս, որ առաջին դրդապատճառը սոցիալ-տնտեսական դաշտում է` աշխատատեղերի բացակայություն, բարձր աշխատավարձի բացակայություն, մասնագիտական աշխատանքի բացակայություն և այլն: Եթե ուզում ենք այդ երևույթի ծավալները փոքրանան, պետք է այս պատճառները վերացնենք, իսկ դրան միտված է ողջ կառավարության գործունեությունը»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: