Հայերեն   English   Русский  

​ՔՐԴԵՐ


  
դիտումներ: 1645

Քրդերը հայոց պատմության մեջ մեծ ու էական դերակատարություն են ունեցել: Եվ այսօր էլ Մերձավոր Արևելքում ռազմաքաղաքական մեծ գործոն են: Միայն Թուրքիայի, Իրանի, Իրաքի ու Սիրիայի տարածքներում բնակվում է մոտ 35 միլիոն քուրդ: Իսկ Թուրքիայում և Իրաքում քրդերը պայքարում են ազգային պետականություն ստեղծելու համար:

Բնականաբար հայությանն ավելի շատ հետաքրքրում են այսօրվա Թուրքիայի քրդերը, քանզի քրդական գործոնը ահագնացող ուժ է և սպառնում է էապես ձևափոխել Մերձավոր Արևելքի քաղաքական քարտեզը:

Ի դեպ, շատերն այսօր ուրախանում են Թուրքիայում քրդերի աշխուժացմամբ՝ համարելով, որ քրդերը կարող են են ոչ միայն թուլացնել թուրքական պետությունը, այլև կազմալուծել ու պառակտել այն:

Բայց և այնպես, որքան էլ տարօրինակ է, դա ամենևին էլ մեր ազգային շահերից չի բխում: Բանն այն է, որ քրդերը մեր պատմական հայրենիքի մեծագույն հատվածը՝ Արևմտյան Հայաստանը, համարում են իրենց հայրենիքն ու Քրդստան են կոչում: Նրանց հավակնությունները հենց մեր պատմական հողերի նկատմամբ է, և եթե այսօր մենք գոնե աղոտ հույս ու հնարավորություն ունենք Թուրքիայի դեմ հանդես գալու պահանջատիրությամբ, ապա վաղը, եթե մեր հայրենիքի տարածքում ձևավորվի անկախ Քրդստան, ապա հայությունը երբեք որպես պահանջատեր քրդերի նկատմամբ հանդես գալ չի կարող: Այս իմաստով ամենևին ուրախանալու առիթ չէ Թուրքիայի Հանրապետությունում քրդական գործոնի ուժեղացումը, մեզ համար ամենաձեռնտուն թերևս ստատուս քվոյի պահպանումն է այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանի Հանրապետությունը չի կարող հանդես գալ որպես ազդեցիկ և գործող ուժ:

Քրդերի հայրենիքը Իրանական բարձրավանդակն է: VII դարում Արաբական խալիֆայության կազմավորումից հետո քրդերն իսլամ ընդունեցին: Նրանց հիմնական մասը սուննի մահմեդական է, մի փոքրիկ հատվածը՝ շիա: Իսկ իրենց ազգային՝ էզիդիզմ (ծագում է զրադաշտականությունից) դավանանքը պահպանած քրդերն այժմ հանդես են գալիս առանձին էթնանունով՝ որպես եզդի:

Եզդի-քրդերի դավանանքի հիմքում ընկած է հետևյալ պատումը: Էզիդիզմի համաձայն` Աստված արարել է 7 հրեշտակապետներին, որոնք հետո նրա հետ մեկտեղ ստեղծեցին Տիեզերքը: Սիրամարգ հրեշտակը կամ Մալաքի Թաուսը, առաջինն արարվեց: Աստված նրան օգնական նշանակեց իր գլխավոր արարման` մարդու ստեղծման գործում: Երբ արարվեց Ադամը, Աստված կանչեց բոլոր հրեշտակապետներին և հրամայեց նրանց ծնկի գալ նրա առջև: Բոլորը ենթարկվեցին, բացի Սիրամարգից: «Նա կեղտից է արարվել, իսկ ես՝ սուրբ ոգուց: Ես միայն Աստծուն եմ երկրպագում»,֊ ասաց Մալաքի Թաուսը: «Դա պատասխան էր, որ ես ուզում էի լսել»,֊ ասաց Աստված և Մալաքի Թաուսին նշանակեց գլխավոր հրեշտակապետ:

Քրդերը արաբական տիրակալության ժամանակահատվածում տեղաշարժվեցին խալիֆայության տարածքում և հաստատվեցին Հայկական բարձրավանդակում: Քրդերի շարժը դեպի Հայաստան ուժգնացավ հատկապես սելջուկյան արշավանքների հետևանքով: Լինելով ռազմատենչ ցեղախմբեր՝ նրանք հաճախ ծառայության էին անցնում սելջուկյան բանակում և բնակություն հաստատում գրաված շրջաններում: Քրդական թափառական ու խաշնարած առաջին ցեղախմբերը հաստատվեցին Հայաստանի հարավային՝ Միջագետքին հարող շրջաններում: Իսկ XVI դարում, երբ Հայաստանում հարաբերական դադար հաստատվեց երկարատև թուրք-պարսկական պատերազմներից հետո, քրդերն ավելի տարածվեցին Հայկական բարձրավանդակում և մեծ կշիռ ստացան երկրի ռազմաքաղաքական, սոցիալական հարաբերություններում:

Քրդերը, որպես կանոն, միմյանցից մեկուսի, անկազմակերպ, երբեմն ընդհանրություններ չունեցող ցեղախմբերով էին հանդես գալիս: Սակայն, միջնադարյան Հայաստանի պատմության մեջ քրդական որոշ ցեղախմբեր ու տոհմեր նաև խոշոր դերակատարություն ստանձնեցին: Մասնավորապես սելջուկյան կայսրության ժամանակահատվածում Բագրատունյաց թագավորության տարածքում ձևավորվեցին երկու առանձին պետական կազմավորումներ՝ Շադդադյանների էմիրությունը, որի կենտրոնը հայոց Անի մայրաքաղաքն էր, և Շահարմենների պետությունը՝ Խլաթ մայրաքաղաքով: Թե՛ Շադդադյանները, թե՛ Շահարմենները քրդական ծագում ունեին և էական դերակատարություն ունեցան հայոց կյանքում:

Շադդադյանների պետությունը կործանվեց Զաքարյանների հարվածներից: Իսկ Շահարմենների պետությունը՝ թուրքմենական արշավանքների հետևանքով: Ինչևէ, քրդական տարրը ուշ միջնադարում Հայաստանի տարածքում մեծ գործոն էր դարձել: Թուրքիան մասնատելու իրենց քաղաքականությամբ հաճախ աշխարհի գերտերությունները՝ Ռուսաստանը, Անգլիան, Ֆրանսիան, Գերմանիան, մեծ հույսեր էին կապում նաև քրդական գործոնի հետ՝ հաճախ այդ առումով շրջանցելով լեռնաշխարհի բնիկ տերերին՝ հայերին: Տարածաշրջանում, ճիշտ է, հայությունը թվաքանակով ավելին էր, քան քրդերն էին, սակայն վերջիններս՝ որպես ռազմական գործոն, առավել մեծ ուժ էին ներկայացնում, քան հայությունը:

Միաժամանակ պետք է նշել, որ XVII-XIX դարերում պատմական Հայաստանի տարածքում քրդերի թվաքանակի մասին հակասական և իրարամերժ տեսակետներ կան: Մի բան աներկբա է, որ այսօրվա Թուրքիայում բնակվող քրդերի գրեթե կեսը հայկական արմատներ ունի: Նրանք իսլամացած հայերն են, որ ցայսօր իրենց կենցաղում և կենսակերպում հայկական շատ տարրեր են պահպանել:

Լինելով մահմեդական՝ շատ քրդացած հայեր չեն մոռացել անգամ մոմավառության ծեսը և իրենց օջախներում կամ պահպանված քրիստոնեական շատ հուշարձաններում ծածուկ կամ բացահայտ մոմ են վառում:

Օգտվելով այն հանգամանքից, որ XIX դարավերջում և XX դարի սկզբին քրդերը հիմնականում անմիաբան էին, խաշնարած, քոչվոր և անգրագետ, Օսմանյան Թուրքիայի ղեկավարները նրանց օգտագործեցին հայության դեմ՝ ճնշելու հայկական շարժումները:

XIX դարի վերջին Օսմանյան սուլթան Աբդուլ Համիդ Երկրորդը ստեղծեց իր պատժիչ Համիդիյե գնդերը հիմնականում հենց քրդերից: Քրդերին արտոնվեց հարստահարել, կեղեքել ու սպանել հայերին:

Քրդական գործոնի դերը մեծ էր նաև 1915 թվականի ցեղասպանության ժամանակ: Ճիշտ է, թուրքական բանակն իրականացրեց Արևմտյան Հայաստանի հայկական բնակավայրերի հայաթափումը, իսկ մնացած սև գործն արեցին քրդերը՝ ճանապարհին ավարառելով, թալանելով, սպանելով հայությանը: Ցեղասպանության սպանդի ամենաստվար հատվածը հենց քրդերի ձեռքով կատարվեց:

Իսկ Արևմտյան Հայաստանի հայաթափումից հետո քրդերն արդեն իրենց վրա զգացին թուրքական յաթաղանի սրությունը:

Պետք է նշել, սակայն, որ ցեղասպանությունից մազապուրծ հարյուրհազարավոր հայեր, մնալով հայրենիքում, իսլամացան և սերտացան քրդերին, և այսօր Էրգրում քրդի անվան տակ միլիոնավոր իսլամացած հայեր են բնակվում:

Բուն Թուրքիայում քրդերը մի քանի խոշոր ապստամբություններ բարձրացրին 1925, 1930, 1935 թվականներին: Խոշոր ապստամբություն էր հատկապես 1925 թվականի Արարատի ապստամբությունը, երբ քրդական շատ աշիրեթներ, հայազգի Զեյլան բեյի գլխավորությամբ, Մասիսի ստորոտում ամրանալով, հզոր շարժում սկսեցին: Թուրքական պետությունը հազիվ կարողացավ ճնշել այդ շարժումը, այն էլ՝ խորհրդային Կարմիր բանակի գործուն աջակցությամբ, որ անցնելով Արաքսը՝ թիկունքից հարված հասցրեց ապստամբներին:

Խոշոր ելույթ էր նաև Դերսիմի ապստամբությունը Ալի Ռզայի գլխավորությամբ: Այս շարժումներում էական էր հայության դերակատարությունը:

Քրդական շարժումները Թուրքիայի տարածքում ավելի ակտիվացան 1980-ական թվականների սկզբից, երբ ձևավորվեց Քրդական բանվորական կուսակցությունը (ՔԲԿ): Քրդական շարժումներն ավելի կազմակերպված ու ավելի ազդեցիկ դարձան՝ երբեմն վերածվելով զինված ապստամբության: Հենց ՔԲԿ-ի ի հայտ գալով քրդական գործոնը դարձավ միջազգային դիվանագիտության հարց:

Այսօր ՔԲԿ-ն իսկապես մեծ ներուժ ունի և կարողանում է ներկայացնել քրդերի հավաքական շահերը Թուրքիայում: Այս կուսակցությունը հիմնադրվել է 1978 թ. Աբդուլլահ Օջալանի (Ափո) նախաձեռնությամբ: Շատ տեսաբաններ պնդում են Ափոյի հայկական ծագման մասին:

Քրդերը երկարատև պայքարի շնորհիվ կարողացան Իրաքի հյուսիսում ինքնավարություն ստեղծել, որ փաստացի անկախ պետություն է և շատ դեպքերում չի ենթարկվում Բաղդադի իշխանություններին:

Սակայն քրդերը միայն Թուրքիայի և Իրաքի տարածքում չէ, որ ձգտում են անկախ պետականության: Դեռևս 1946 թ. նրանց նույնիսկ հաջողվեց Իրանում հիմնել Մեհրբանի Հանրապետությունը, որ սակայն շատ կարճ կյանք ունեցավ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: