Արցախում հայտնաբերվել է ատամ, որը 7 հազար տարվա վաղեմություն ունի
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի էթնոգենոմիկայի լաբորատորիայի վարիչ, Արցախի Ազոխի և Քարինտակի քարանձավերի արշավախմբի ղեկավար Լևոն Եպիսկոպոսյանը՝ անդրադառնալով հնէաբանական պեղումներին:
Նրա խոսքով՝ Արցախի տարածքը հնագույն՝ մարդկանց և կենդանիների միգրացիայի շրջան է:
Նա նշեց, որ աշխատում են այնպիսի շերտերի հետ, որոնք 30-40 հազար տարվա պատմություն ունեն:
Ազոխի քարանձավն ունի 13 մետր հաստության մշակութային շերտեր, որոնցից յուրաքանչյուր տարի մոտ 20 սմ-ն են պեղում: Այն ունի եզակի կենդանատեսակներ: Էնդեմիկ 9 տեսակներից 4-ը վերացել են վերջին տարիների ընթացքում:
Ըստ Լ. Եպիսոկոպոսյանի՝ շատ խոստումնալից հնավայրեր կան:
Դրանցից է Քարինտակի քարանձավը, որն իր բնույթով եզակի, քանի որ վերին քարե դարի շերտեր ունի:
«Մենք գործ ունենք 20- 40 հազ. տարվա վաղեմության հետ: Ոչ միայն կատարում ենք պեղումներ` վերականգնելով շերտերը՝ տարբեր տեսակների և անհետացած կենդանիների, այլև լուծում ենք զուտ մարդաբանական հարց: Երկու տարի առաջ մեզ հաջողվեց այնտեղ գտնել մի բեկոր՝ ատամ, որը 7 հազար տարվա վաղեմություն ունի: Մենք կարողացանք դրանից որոշակի գենետիկական նյութ առանձնացնել »,- ասաց մարդաբանը:
Այդ հետազոտության արդյունքները կտպագրենք առաջիկայում: Գիտնական նշեց, որ ունեն լուրջ ֆինանսական խնդիրներ, սակայն, օրինակ, վերջերս ԱՀ վարչապետի հետ հանդիպման ժամանակ հորդորել է առաջին հերթին աջակցել Տիգրանակերտի պեղումներին, քանի որ դրանք ունեն ավելի մեծ քաղաքական նշանակություն: