Հայերեն   English   Русский  

​Կներդրվի հակակարկտային նոր մեխանիզմ


  
դիտումներ: 1898

Մեր երկրի գյուղատնտեսությանն առավել հաճախ սպառնացող աղետներից են ցրտահարությունը և կարկտահարությունը։ Իսկ հողատարածքների 80 տոկոսից ավելին ենթակա են էրոզիայի, աղակալման, գերխոնավության և ջրակալման։ Հիշենք, որ գյուղատնտեսության ոլորտը պարենային պաշարների գլխավոր աղբյուրն է և ապահովում է երկրի ՀՆԱ-ի շուրջ 17 տոկոսը։

Հայաստանում հակակարկտային պաշտպանության համակարգի ձևավորման պիլոտային նախագիծ է իրականացվել դեռևս 2005 թ., տեղադրվել են արգենտինյան արտադրության հակակարկտային պաշտպանության կայանքներ։ Սակայն գործնական փորձը ցույց է տվել, որ դրանք հիմնականում արդյունավետ չեն: Գյուղնախարարությունը պատրաստվում է կարկտահարության պաշտպանության նոր մեխանիզմ մշակել: Խոսքը վերաբերում է հակակարկտային պոլիէթիլենային հիմք ունեցող ցանցերին:

Որքանո՞վ արդյունավետ կլինի հակակարկտային պաշտպանության այս մեխանիզմը, և ի՞նչ աշխատանքներ են տարվում այս համակարգի ներդրման ուղղությամբ: Այս հարցերի շուրջ զրուցել ենք ՀՀ գյուղփոխնախարար Արմեն Հարությունյանի հետ:

- ՀՀ գյուղատնտեսության ոլորտում կարևորագույն խնդիրներից մեկը գյուղատնտեսական բնածին աղետների ռիսկերի նվազեցումն է տարբեր միջոցներով։ Կարկտապաշտպանական ցանցերի տեղադրումը և ֆիզիկական միջոցների ապահովումը ռիսկերի նվազեցման թերևս ամենաարդյունավետ տարբերակն են։ Այժմ մտածում ենք կիրառել այնպիսի ձևաչափ, որով կարողանանք օժանդակել ֆերմերային տնտեսություններին և ներդրողներին՝ թիրախային գոտիներում ինքնուրույն պաշտպանական միջոցներ տեղադրելու համար:

ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության իրականացրած ուսումնասիության արդյունքներով բացահայտվել են բոլոր ռիսկերը, որոնք առկա են Հայաստանում, և մշակվել են ավանդական և ոչ ավանդական միջոցառումներ բնածին աղետների դեմ պայքարի համար։ Քարտեզագրված են հիմնական ռիսկերը, և ձեռնարկվելիք միջոցառումները կիրականացվեն հենց այս տրամաբանությամբ: Արդեն սկսվել են աշխատանքները, և մինչև 2017 թ. մայիսը դրանց ընթացք կտրվի։

- Խոսքը հատկապես ի՞նչ աշխատանքների մասին է, և ծրագիրն իրականացվելու է պետբյուջեի՞, թե դրամաշնորհների հաշվին:

Այս տարի ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հետ նախատեսվում է իրականացնել 20 պիլոտային ծրագիր ՀՀ մարզերում։

Պիլոտային ծրագրերն ունեն երեք ուղղություն՝ կարկտապաշտպան ցանցերի տեղադրում, ցրտահարության դեմ պայքարի նոր տեխնոլոգիաների կիրառում և կաթիլային ոռոգում։

Ընդհանուր առմամբ, պիլոտային ծրագրի իրականացման ուղղությամբ կներդրվի 200 հազար եվրո։ Ըստ առաջնայնության՝ ընտրվել է Արմավիրի մարզը, որտեղ ռիսկն ավելի բարձր է գնահատվել։

Պիլոտային ծրագրերն իրականացվելու են դրամաշնորհային ծրագրով, և որպեսզի թափանցիկ լինի ամբողջ գործընթացը՝ չափորոշիչները սահմանվել են միջազգային կազմակերպությունների կողմից։ Մեր ակնկալիքն է այս պիլոտային ծրագրի միջոցով որոշել արդյունավետությունը, որպեսզի նմանօրինակ ծրագրեր իրականացվեն նաև մյուս ներդրողների և ֆերմերների կողմից։ Համայնքներում միայն ապահովագրական համակարգի ներդրմամբ հնարավոր չի լինի այս խնդիրը լուծել։

- Իսկ առայժմ ո՞ր գյուղական համայնքներում են այդ պիլոտային ծրագրերն իրականացվելու, և ո՞ր ֆերմերներն են լինելու հիմնական շահառուները:

- Մենք, որպես գերատեսչություն, նպատակահարմար ենք գտնում օժանդակել այն գյուղաբնակներին, ովքեր բիզնեսով են զբաղվում և հստակ գիտակցում են իրենց կորստի չափը։ Ուստի շատ լավ պատկերացնում են, որ պաշտպանական հատուկ միջոցառումներ ձեռնարկելու պարագայում երկարաժամկետ հատվածում օգուտներ են ունենալու։ Նրանց օժանդակելու համար մենք սուբսիդավորման ձևաչափ ենք փնտրում: Դեռ պարզ չէ, թե որ գյուղական համայնքներից կսկսենք, բայց հավանաբար, թիրախը կլինի Արմավիրը:

Եթե համայնքում կարկտահարության հաճախականությունը բարձր է, ապա ապահովագրավճարները ավելանալու են: Ուստի, ըստ փորձագիտական գնահատականների, առավել նպատակահարմար է օգտագործել ֆիզիկական պաշտպանական միջոցները, ինչը նպաստավոր է հետագայում ավելի արդյունավետ ապահովագրական համակարգի ներդրման համար։ Շատ երկրներում երկու ձևաչափն էլ գործում է։

- Որքանով տեղյակ եմ, 1 հա տարածք ծածկելու համար միջին ծախսը կազմում է 4 մլն ՀՀ դրամ։ Հնարավո՞ր է մեղմել ֆինանսական բեռը և կարկտապաշտպան ցանցերի հումքն արտադրել տեղում՝ այդպիսով մեծացնելով ծրագրից օգտվողների թիվը:

- Այո, կարկտապաշտպան ցանցերի տեղադրումն իսկապես մատչելի չէ։ Հնարավոր է, որ ցանցերի և կաթիլային ոռոգման համակարգերը արտադրվեն տեղում։ Կան մի քանի կազմակերպություններ, որոնք, սակայն, դեռևս տեղական հումքով չեն աշխատում և հիմնականում այն ներմուծում են։ Սակայն ոչինչ չի բացառվում:

Լ. Ն.





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: