Հայերեն   English   Русский  

​Ռոբերտ Հովսեփյան. «Հրաձգությունը թիվ 1 ռազմավարական նշանակություն ունեցող մարզաձևն է»


  
դիտումներ: 2190

Հրաձգության հայկական դպրոցը դեռևս խորհրդային ժամանակներից բարձր վարկանիշ և լավ ավանդույթներ է ունեցել: Այսօր էլ մեզ համար ռազմավարական նշանակություն ունեցող մարզաձևը մեծ մասսայականություն է վայելում:

«Անկախի» հետ զրույցում Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն Ռոբերտ Հովսեփյանը նշում է, որ թեև հրաձգությամբ զբաղվողների թիվն օր-օրի ավելանում է, ոլորտում բազմաթիվ խնդիրներ կան:

- Պարոն Հովսեփյան, ապրիլի 14-16-ը մարզադպրոցում անցկացվեց Զինաիդա Սիմոնյանի անվան հուշամրցաշար, որին մասնակցեցին մարզիկներ հանրապետության տարբեր մարզադպրոցներից: Արդյունքները գոհացուցի՞չ են:

- Արդեն ավանդույթ դարձած միջոցառումն այս տարի անցկացվեց 6-րդ անգամ, հրաձգության ֆեդերացիայի նախագահ Արթուր Հովհաննիսյանի նախաձեռնությամբ: Մարզիկները մրցեցին գնդակային հրաձգության օդամղիչ բոլոր վարժություններում` հրացան, ատրճանակ, վազող թիրախ` նորմալ և խառը վազք: Ընդհանուր թվով խաղարկվեց 24 մեդալ:

Մեծամասշտաբ միջոցառում էր: Մեր մարզիկները լավ արդյունքներ գրանցեցին: Նմանատիպ մրցումները դրական ազդեցություն ունեն, քանի որ մրցափորձի պակասը հաճախ խանգարում է ավելի հաջող հանդես գալուն: Մրցումները հնարավորություն են տալիս մարզիկներին ամրապնդելու ուժերը, կատարելագործելու հմտությունները և հաջող ու վստահ մասնակցելու միջազգային մրցաշարերում:

- Կենսական և կիրառական նշանակություն ունի հրաձգային սպորտը մեր երկրում: Ոլորտում առկա հիմնական խնդիրները որո՞նք են:

- Բոլոր մարզաձևերն էլ կարևոր են, սակայն հրաձգությունը թիվ 1 ռազմավարական նշանակություն ունեցող մարզաձևն է: Ազգային բանակին մենք տալիս ենք պատրաստի հրաձիգներ: Մեր աշխարհագրական դիրքը, երկրի վիճակը հաշվի առնելով՝ պետք է մեծ ուշադրություն դարձնենք այս մարզաձևին: Պետք է հաշվի առնել, որ հրաձիգներն առաջին հերթին երկրի պաշտպաններն են: Քառօրյա պատերազմի ժամանակ հրաձիգ մարզիկներն անմասն չմնացին: Շատերը պարգևատրվեցին և մեդալների արժանացան:

Հրաձգությունն աշխարհում ամենաթանկ մարզաձևերից է: Մենք այսօր բոլոր հնարավոր միջոցներով փորձում ենք այն զարգացնել, սակայն ֆինանսական լուրջ ներդրումներ են հարկավոր:

Հրացանը նվազագույնն արժի 3000 եվրո: Ինչքան մարզիկը կատարելագործվում է, այնքան նրա զենքը պետք է լավը լինի: Այսօր պետությունն այդ հնարավորությունը չունի, որ կարողանանք յուրաքանչյուրին ապահովել զենքով: Հրաձիգ մարզիկները հատուկ համազգեստ ունեն, որը ֆիքսում է մարմինը, կարգավորում արյան շրջանառությունը, որպեսզի հետագայում առողջական խնդիրներ չունենան: Համազգեստի ամբողջական հավաքածուն սկսվում է նվազագույնը 5000 եվրոյից: Մարզիկը պարապմունքի ընթացքում մոտավորապես 50-60 անգամ կրակում է մանրագնդակով: Կան մրցումային և մարզումային մանրագնդակներ, որոնք տարբերվում են իրենց արժեքով:

Հայաստանը համարվում է պատերազմական երկիր, այդ պատճառով մենք մարզվում ենք օդաճնշիչ զենքերով: Եվրոպական երկրները մեզ փամփուշտ չեն տալիս: Սակայն մենք ունենք արտասահմանյան ժամանակակից զենքեր, որոնց հատուկ փամփուշտներ են հարկավոր: Եթե մանրագնդակի հարցը հնարավոր է լուծել, ապա փամփուշտ ձեռք բերելն անհնար է:

Այս ծախսերը հնարավոր չէ ամբողջապես հոգալ: Ցանկալի է, որ գերատեսչական մարմինները, բարերարները ուշադրություն դարձնեն այս խնդրին:

- Հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցն ունի 117 մարզիկ: Մարզադպրոցն ապահովվա՞ծ է համապատասխան պայմաններով և մարզագույքով:

- Օր -օրի ավելանում է հրաձգությամբ զբաղվել ցանկացողների թիվը, պարապմունքից պարապմունք մենք հայտնաբերում ենք հեռանկարային մարզիկներ: Մարզադպրոցն ունի 56 զենք. մի մասը սպորտային հրազեններ են, մյուս մասը՝ օդաճնշիչ: Մարզիկները լրիվ ապահովված չեն համապատասխան զենքերով, մանավանդ որ սպորտային հրազենները (5,6 մմ տրամաչափ) չենք կարող օգտագործել: Դեռևս 7 տարի առաջ, երբ դարձա մարզադպրոցի տնօրեն, մի զենքով պարապում էր 4-5 մարզիկ: Այնինչ ամեն մարզիկ իր անհատական զենքը պետք է ունենա: Երբ մարզիկները ձեռք են բերում կարգեր, դառնում սպորտի վարպետի թեկնածու, սպորտի վարպետ, միջազգային կարգի սպորտի վարպետ, ապա պարտադիր պետք է անհատական զենք և հատուկ հրաձգության համազգեստ ունենան: Մարզադպրոցում ավելի քան 30 բարձրակարգ մարզիկ ունենք: Խնդիր է առաջանում նորեկների համար. նրանց արդեն հնարավոր չէ ապահովել զենքով և զինամթերքով: Երբ այս խնդիրը լուծվի՝ կունենանք բարձրակարգ մարզիկներ: Միջազգային ասպարեզում հաղթանակներն ավելի շատ կլինեն, բարձր կպահենք երկրի պատիվը և անհրաժեշտության դեպքում պատրաստ կլինենք մեր երկրի պաշտպանությանը և աշխատանքին:

Նշեմ նաև, որ Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցը 9 տարի առաջ կառուցվել է համահայկական հիմնադրամի կողմից, բայց այսօր դպրոցն ունի մի շարք խնդիրներ. տանիքը բաց է, ձմռանը համապատասխան ջերմություն չենք կարողանում ապահովել, հնարավոր չէ լիարժեք մարզումներ անցկացնել: Հարկավոր է վերակառուցել այն, հետո միայն մտածել նոր մարզադպրոցներ կառուցելու մասին:

- Պարոն Հովսեփյան, տեղյակ եմ, որ այսօր ֆիզկուլտուրային հաստատություններում հրաձգության բաժիններ չկան: Այս հարցը մտահոգիչ չէ՞:

- Մենք ունենք բարձրակարգ մարզիչներ, որոնք իրենց գործի իսկական նվիրյալներ են: Նրանք այս դժվարին պայմաններում, նվազագույն աշխատավարձով արդյունքներ են ցույց տալիս: Մարզիչները պատրաստ են աշխատել, միայն թե համապատասխան պայմաններ լինեն:

Սակայն մեր մարզիչները շուտով փոխարինողներ չեն ունենա, քանի որ նրանց հետնորդներ չունենք: Ֆիզկուլտուրային հաստատություններում չկան հրաձգության բաժիններ, որտեղ հնարավոր լինի մասնագիտանալ: Ըստ ՀՀ օրենքի՝ մարզիչը պետք է ունենա մասնագիտական բարձրագույն կրթություն: Մենք այսօր ունենք բարձրակարգ հրաձիգներ, որոնք ցանկանում են մասնագիտություն ձեռք բերել և իրենց գործունեությունը շարունակել այս ոլորտում, բայց չունեն այդ հնարավորությունը: Սա կարևոր հարց է, որին հարկավոր է լուծում տալ, հատկապես՝ մեր օրերում:

Անժելա ԲԵԳԼԱՐՅԱՆ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: