Հայերեն   English   Русский  

Արցախի խորհրդարանի նախագահը հայրենասիրության դաս է վարել Շուշիում


  
դիտումներ: 1111

Մայիսյան եռատոնին նվիրված միջոցառումների շրջանակներում այսօր Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը այցելել է Շուշիի Խաչատուր Աբովյանի անվան դպրոց և հայրենասիրության դաս վարել աշակերտների համար:


Խորհրդարանի ղեկավարը հարգանքի տուրք է մատուցել և ծաղիկներ խոնարհել դպրոցի` արցախյան ազատամարտի զոհերի հիշատակին նվիրված փառքի սրահում:


Այնուհետև, կրթօջախի դահլիճում Աժ նախագահը ն աշակերտներին ներկայացրել է եռատոնի խորհուրդը, խոսել հայոց պատմության մեջ մայիսյան հաղթանակների ունեցած առանձնահատուկ նշանակության մասին և ընդգծել հայ ժողովրդի կամքն ու վճռականությունը սերնդեսերունդ փոխանցելու հաղթանակների ավանդույթը:


«Մայիսյան եռատոնը մեր տարեգրության մեջ հաղթանակների ոսկեդարն է: Երկար դարերով պետականություն չունենալուց հետո մենք կարողացանք կերտել երկու անկախ հայկական պետություններ և տոնել հաղթանակներ», - ընդգծել է ԱԺ նախագահը:


Պատմական հակիրճ ակնարկով աշակերտները տեղեկություններ են ստացել Հայրենական մեծ պատերազմում արցախցիների մասնակցության և հերոսական ճանապարհի մասին:


Մանրամասներ ներկայացնելով Շուշիի ազատագրման պատմությունից՝ խորհրդարանի ղեկավարը շեշտել է, որ քաղաքի ազատագրումը միայն սկիզբն էր, պետք էր նաև այն ապրեցնել, և փառք ու պատիվ բոլոր նրանց, ովքեր բերդաքաղաքն ազատագրելուց հետո վերահաստատվել են այնտեղ, նորից արմատներ ձգել և վերականգնել քաղաքի հայկականությունը:


Անդրադառնալով Արցախի պաշտպանության բանակի կազմավորման 25-րդ տարեդարձին՝ ԱԺ նախագահը կարևորել է այն փաստը, որ կարճ ժամանակում պաշտպանության բանակը կարողացել է կայանալ՝ որպես տարածաշրջանի ամենամարտունակ բանակներից մեկը և այսօր հանդես է գալիս որպես անվտանգության և կայունության կարևորագույն գործոն:


Ամփոփելով դասը՝ Աշոտ Ղուլյանը հորդորել է աշակերտներին հպարտությամբ ու մեծ պատասխանատվությամբ կրել շուշեցի լինելու պատիվը և անել ամեն ինչ՝ հայրենի քաղաքի երբեմնի փառքը վերականգնելու և այն աշխարհին ճանաչելի դարձնելու համար:


«Եղել են ժամանակներ, երբ Շուշիի կրթօջախների շրջանավարտները հեշտությամբ ընդունվել են Եվրոպայի լավագույն բուհերը: Վստահ եմ՝ նոր սերունդը կարողանալու է վերականգնել քաղաքի այդ համբավը»,- նշել է ԱԺ նախագահը:
Միջոցառմանը մասնակցել է Շուշիի շրջանի վարչակազմի ղեկավար Վլադիմիր Կասյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: