Հայերեն   English   Русский  

«Հակամարտող գործընկերների» հարաբերություններն ու դաշնակցի «խերը»


  
դիտումներ: 1430

Վերջին տասնօրյակը նշանավորվեց Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունու որոշ իրադարձություններով: Մայիսի 1-5-ը Ադրբեջանում ընթանում էին թուրք-ադրբեջանական զինված ուժերի մարտական կրակով մարտավարական համատեղ զորավարժությունները: Այդպիսի վարժանքներ Ադրբեջանն ու Թուրքիան անցկացնում են 2013 թվականից, և այս առումով թերևս նորություն կարծես չկա: Բայց հաշվի առնելով անցյալ տարվա ապրիլյան պատերազմի ժամանակ թուրք սպաների ու հրահանգիչների ներկայությունը ադրբեջանական կողմում՝ դժվար չէ գուշակել, թե այդ զորավարժություններում ով էր «ասկյարների» պայմանական հակառակորդը և ում դեմ հանդես գալու համար են մարզվում թուրք-ադրբեջանական զինվորները:

Հայկական շահի տեսանկյունից հենց այստեղ է, որ առաջանում է եռանկյան երրորդ անկյունի՝ մեր «ռազմավարական դաշնակից» Ռուսաստանի խնդիրը: Որովհետև թե՛ հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունն ամրագրող փաստաթղթերով, թե՛ ՀԱՊԿ-ի շրջանակներում գոնե տեսականորեն ենթադրվում է, որ Հայաստանի նկատմամբ ակնհայտ սպառնալիքի դեպքում մեր դաշնակից Ռուսաստանը պետք է հասնի օգնության: Որպես այս երաշխիքի հավելյալ հիմնավորում էլ հաճախ հիշատակվում է Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի առկայությունը: Մայիսի 6-ին հայ-ռուսական զորքերի միացյալ խմբավորման հրամանատար Անդրանիկ Մակարյանը հայտարարեց, որ հայ-ռուսական միացյալ խմբավորումը պատրաստ է չեզոքացնել թուրքական կողմից հնարավոր սպառնալիքը: «Եթե այդ կողմից սպառնալիք լինի՝ կկանգնենք թշնամու ճանապարհին: Այդ ամենն արձանագրված է փաստաթղթերում»,- շեշտել է Անդրանիկ Մակարյանը:

Անդրանիկ Մակարյան

Բայց հենց այն օրերին, երբ թուրք-ադրբեջանական զինուժի ներկայացուցիչները զորավարժանքներ էին իրականացնում, հանդիպեցին և ջերմ ձեռքսեղմումներ ու սիրաշահումներ սկսեցին Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Էրդողանը՝ ոչ միայն երկկողմ առևտրա-տնտեսական, էներգետիկ հարաբերությունները խորացնելու, այլև ռազմա-տեխնիկական համագործակցության պայմանավորվածություններ ձեռք բերելու: Իսկ մայիսի 3-ին ռուսաստանյան «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերության ներկայացուցիչ Վլադիմիր Գոնչարովը հայտարարեց, որ Թուրքիան և Ռուսաստանը քննարկում են ինչպես Թուրքիային ռուսաստանյան արտադրության զինտեխնիկա մատակարարելու, այնպես էլ համատեղ արտադրություն և նախագծումներ իրականացնելու հարցեր: Դեռ 2016 թ. դեկտեմբերից կողմերը բանակցում են Թուրքիային ռուսական Ս-400 ՀՕՊ համակարգեր վաճառելու շուրջ: Սակայն ապրիլի 28-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարեց, որ կողմերը ներկայումս քննարկում են Ս-400 ՀՕՊ համակարգերի համատեղ արտադրության հարցը: Այս տեղեկությունը հաստատեց նաև Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ նշելով, որ Թուրքիային Ս-400 ԶՀՀ մատակարարման թեման քննարկվել է Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Ռեջեփ Էրդողանի բանակցություններում. «Այդ թեման, ինչպես և ռազմատեխնիկական համագործակցության հետ կապված մյուս հարցերը քննարկվել են: Քննարկումը դրական հունով է ընթացել» ,- հայտնել է Պեսկովը:

Ահա կանգնում ենք մի բավականին խճճված երկընտրանքի առջև՝ չհասկանալով մեր ռազմավարական գործընկերոջ խաղը: Ստացվում է, որ Ադրբեջանը նույն ավյունով շարունակելու է Հայաստանին համարել իր թիվ մեկ թշնամին ու սադրանքները մեր երկրի հանդեպ, մյուս կողմից՝ թուրք-ադրբեջանական զորավարժությունները պետք է Ռուսաստանին հուշեն, որ ինչպես էլ փորձի սիրաշահել Ադրբեջանին, որքան էլ զենք վաճառի նրան, միևնույն է, Ադրբեջանը շարունակելու է իր թիվ մեկ դաշնակից համարել Թուրքիային և չի հեռանալու թուրքական ուղեծրից: Մեկ այլ կողմից՝ ստեղծվել է հայ-ռուսական միացյալ զորախումբ, որի հրամանատարը հայտարարում է, թե ամեն վայրկյան պատրաստ են կանգնելու ոչ միայն Թուրքիայի, այլև Ադրբեջանի ճանապարհին: Եվ, վերջապես, մեկ այլ կողմից՝ Ռուսաստանը զինում է իր ռազմավարական դաշնակցի երկու ամենաոխերիմ հակառակորդներին:

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծության կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանի կարծիքով՝ Ռուսաստան-Թուրքիա դաշինքն ավելի մտահոգիչ է, քան Ադրբեջան-Թուրքիա տանդեմը: «Ադրբեջանա-թուրքական դաշինքը մեզ հասկանալի է, նրանք միշտ մեր դեմ են հանդես եկել և զորավարժություններ պարբերաբար տեղի են ունեցել: Սակայն հայ ժողովրդի համար գլխավոր սպառնալիքը Ռուսաստանի ու Թուրքիայի մերձեցումն է: Այն երկարատև չի լինում, սակայն նույնիսկ կարճ ժամանակում Հայաստանի համար սպառնալիք է: Բաքուն ու Անկարան փորձում են մեկուսացնել մեզ, պարզ է: Առավել սպառնալից է այն երկրների վարքագիծը, որոնք պաշտոնապես մեր դաշնակիցներն են, սակայն անկանխատեսելի են», - նշում է քաղաքագետը և հավելում, որ հատկապես մտահոգիչ են Ռուսաստանի՝ Ս-400-ները Թուրքիային վաճառելու ծրագրերը:

Իհարկե, կարելի է ասել, որ Ռուսաստանը զինտեխնիկա է փորձում վաճառել ոչ թե Ադրբեջանին, այլ Թուրքիային: Բայց գոնե այս պահին վստահ չենք, որ այդ զինտեխնիկան մի օր չի գործի Հայաստանի և հենց Ռուսաստանի դեմ: Հիշենք թեկուզ ռուսական ինքնաթիռի խոցումը թուրքական զինուժի կողմից և դեռևս կենդանի օդաչուի գնդակահարումը: Ուստի ռուս-թուրքական հարաբերությունների ջերմացումը չի կարող չհետաքրքրել հայկական կողմին:

Թևան Պողոսյան

«Եթե հաշվարկի խնդիրներում արժեք չես ներկայացնում, որ երբ երկու երկրներ խոսեն, ասեն՝ գիտե՞ս այնտեղ Հայաստան կա ու նրանից բան է կախված, ուրեմն միշտ էլ քեզանով խաղալու են: Այս պարագայում Ռուսաստանը Թուրքիային մի հատ Ս-400 կվաճառի թե 5 հատ, գուցեև Հայաստանի անվտանգությունը դրանից չնվազի, որովհետև Հայաստանն այսպես թե այնպես չէր պլանավորում Թուրքիայի վրա հարձակում գործել, որ մտածեր՝ այնտեղ Ս-400 է՞ դրված, «Պատրիո՞տ», թե՞ այլ զինատեսակ: Բայց եթե այդ Ս-400-երը տրամադրվեն Թուրքիային, ապա պայմանագրում պետք է հստակ ամրագրվի, որ այդ զենքերը Հայաստանի դեմ չեն կարող օգտագործվել: Օրինակ, երբ ՆԱՏՕ-ն Թուրքիային տրամադրեց «Պատրիոտ» համակարգերը, տրամադրեց այն պայմանով, որ դրանք կարող են տեղակայվել միմիայն Սիրիայի հետ սահմանին: Կարող ենք, չէ՞, բանակցել ու մեզ ապահովագրել, դիվանագիտական ասպարեզում, փաստորեն, տեղ ունենք գնալու և Ռուսաստանի հետ խոսելու, որ մի այսպիսի պայման է պետք ամրագրել»,- մեզ հետ զրույցում նշեց ԱԺ նախկին պատգամավոր Թևան Պողոսյանը:

Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը նշում է, որ ոչ թե տասնամյակների, այլ հարյուրամյակների ընթացքում ավանդական ռուս-թուրքական հարաբերությունները միշտ ունեն մի տրամաբանություն. շատ ջերմ և նույնիսկ կոնստրուկտիվ գործընկերության փուլերը պարբերաբար կտրուկ փոխվել են լուրջ հակամարտության:

Սերգեյ Մինասյան

«Եվ այդ առումով Ռուսաստանն ու Թուրքիան նույնիսկ ամենասերտ համագործակցության ամենաակտիվ փուլում դժվար թե ունենան ավելի հարաբերություններ, քան այնպիսիք, որ կարելի է բնորոշել որպես հակամարտող գործընկերների հարաբերություններ: Ես չեմ կարծում, որ ռուս-թուրքական նոր համագործակցությունը որակապես ինչ-որ բան փոխի, որովհետև ռազմական առումով Թուրքիայի և Հայաստանի պոտենցիալները երբեք համարժեք չեն եղել, ու այդ անհամարժեքությունն, առավել ևս, չի խաթարվում Ս-400-ների մատակարարումներով, որոնք ընդհանրապես լուծում են ռազմա-օդային ուժերի դեմ պայքարի խնդիրներ, մի ոլորտ, որը Հայաստանի զինված ուժերում այնքան էլ տեսանելի չէ»,- «Անկախին» ասաց քաղաքագետը:

Բայց որ առումով էլ որ դիտարկում ենք մեր ռազմավարական դաշնակցի ռազմատեխնիկական խաղերը մեր հակառակորդների հետ՝ չմտածել չի ստացվում: Առավել ևս ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունից հետո, որ խոստանում էր ջախջախել «Իսլամական պետությունը» և մատնանշում, որ ՀԱՊԿ անդամ-երկրների ուժային ենթակառույցները պատրաստ են գործողություններին: «Պատրաստ են նաև ռուսական ռազմաբազաները, որոնք գտնվում են Տաջիկստանում, Ղրղզստանում և Հայաստանում: Քանի դեռ այդ վարակը չի ոչնչացվի, այդ առաջնահերթությունները կպահպանվեն»,- ընդգծել էր Լավրովը:

Իսկ ոչ միայն Գյումրու ռազմաբազան, այլև Հայաստանը ներքաշել ԻՊ-ի դեմ պայքարում, նշանակում է լուրջ վտանգի տակ դնել Հայաստանը: Այնպես որ մեր դաշնակիցը շարունակում է մի կողմից զինել և ավելի ուժեղացնել մեր հակառակորդներին, մյուս կողմից մեզ համար նոր թշնամիներ է ստեղծում՝ անկանխատեսելի հետևանքներով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: