Հայերեն   English   Русский  

​«Ավելի լավ է սկսել փոքրից». հայկական Earlyone հավելվածի հիմնադիր


  
դիտումներ: 3478

Limetech-ը ութ տարվա ընկերություն է, Հայաստանում արտադրում է տարբեր տերմինալներ՝ հերթերի կառավարման, վճարումների, տեղեկատվական և այլն: Ընկերությունն աշխատում է ավելի քան տասը բանկերի և նույնքան պետական հաստատությունների հետ, բոլոր բջջային օպերատորները, ներառյալ «Ղրաբաղ տելեկոմը», ընկերության հաճախորդն են: Այսինքն՝ Հայաստանում հերթերի կարգավորման համակարգերի ավելի քան 95 տոկոսն այս ընկերությունն է կառավարում:

Հիմնվելուց 6-7 տարի հետո, երբ ընկերությունն արդեն ուներ հերթերի կարգավորման, սպասարկման որակը բարելավելու հսկայական փորձ, ղեկավարները մտածում են ավելի օգտակար մի բան ստեղծել, որը կարող է ամբողջ աշխարհում օգտագործվել: Ու հասկանում են, որ ճիշտ է, իրենք մեծ փորձ ունեն հերթերի կառավարման ոլորտում, իրենց ստեղծած համակարգի շնորհիվ մարդիկ հարմար պայմաններում են սպասում իրենց հերթին, բայց միևնույն է, ժամանակ են կորցնում: Եվ ստեղծում են Հայաստանի ամենահաջող սթրաթափներից մեկը՝ Earlyone բջջային հավելվածը, որը ներբեռնելով սմարթֆոնիդ մեջ՝ կարող ես, օրինակ, ոչ թե հասնել բանկ, տեղի տերմինալից հերթի կտրոն ստանալ ու սպասել, այլ հենց տնից, աշխատավայրից կամ, ասենք, սրճարանից բջջային հեռախոսով ստանալ այդ բանկի կտրոնը քո նախընտրած ժամի համար, այնուհետև այցելել ու առանց հերթ կանգնելու սպասարկվել: Իսկ եթե քո նախընտրած ժամը զբաղված է, հավելվածը կհուշի, թե առաջիկա ամենահարմար ժամը որն է, և խորհուրդ կտա մոտենալ հենց այդ ժամին:

«Earlyone-ի գաղափարը հենց դա էր՝ ոչ թե կարգավորել, այլ իսպառ վերացնել հերթերը, վերացնել մարդկանց ժամանակի կորուստը և սպասարկման գործընթացը կազմակերպել այնպես, որ հնարավոր լինի առավելագույն արդյունավետ, առավելագույն արագ և առավելագույն մեծ թվով մարդկանց սպասարկել, այդպիսով կրճատել մարդկանց ժամանակի կորուստն ու միաժամանկ օգնել ծառայություն մատուցող ընկերություններին ավելի օպտիմալ օգտագործելու իրենց ռեսուրսներն ու ժամանակը,- «Անկախին» պատմեց Limetech ընկերության հիմնադիր և Earlyone-ը ստեղծող Գևորգ Սաֆարյանը՝ հավելելով:- Մենք հաշվարկել ենք, որ մարդիկ իրենց կյանքից մոտ կես տարի ծախսում են հերթերում: Մեր փորձից ելնելով ենք հաշվել, բայց կան գիտական ուսումնասիրություններ, որոնք ցույց են տալիս՝ միջին ամերիկացին իր կյանքի մոտ 2 տարին կորցնում է հերթերում… Չնայած աշխարհը գնում է թվային լուծումների, ծառայությունների, որոնք առցանց են, բայց մարդիկ ամեն դեպքում հերթ են կանգնում»:

Այս հավելվածի աշխատանքները սկսվել են 2015 թ.: 2016 թ. սեպտեմբերին այն արդեն ներկայացվել է և 2017 թ. հունվարից հաջողությամբ սկսեց գործել ու միանգամից գրավեց ոչ միայն օգտատերերի, սպասարկող ընկերությունների, այլև նորարարությամբ հետաքրքրվող մասնագետների ու կազմակերպությունների ուշադրությունը: Այսօր արդեն հայկական 8 բանկ ցանկանում է միանալ այս պլատֆորմին:

Բջջային հավելվածն անվճար է և միայն Հայաստանում արդեն ունի մոտ 3000 ներբեռնում: Հայկական մոտ 20 ընկերություն արդեն միացել է այս հարթակին, և ոչ միայն հայկական: Earlyone-ը միացված է նաև Բելառուսում, բանակցություններ են վարվում հավելվածն ու համակարգը տարածելու նաև Ռուսաստանում, Աֆրիկայի երեք երկրներում:

2007 թ. Limetech ընկերության հիմնադիրը հանդիպում է մի գործընկերոջ, որն առաջարկում է Հայաստան ներմուծել հերթերի կառավարման համակարգեր, որոնք նա տեսել էր Ռուսաստանում: Մի օր մտածելուց հետո Սաֆարյանն ու ընկերները հասկանում են, որ այդ համակարգը կարող են իրենք էլ արտադրել Հայաստանում: Նախագծումը տևում է մի օր, քննարկում են, թե ինչ բաղադրիչներ կարող են դրա մեջ լինել, ինչ է հարկավոր, որ այդ համակարգը գործի, այդ ամենը քննարկում են ծրագրավորող ընկերների հետ և ամենանախնական տարբերակը, որը նույնիսկ դեռ չէին հասցրել պատրաստել, այլ միայն գաղափարը, սխեման ունեին, առաջարկում են բանկերից մեկին, որն այդ ժամանակ հերթերի շատ մեծ խնդիր ուներ: Բանկը համաձայնում է իր մի մասնաճյուղում ներդնել այդ համակարգը, նույնիսկ կանխավճար է տալիս, որով էլ ընկերության հիմնադիրները գնում են սարքավորումները, պարզագույն տարբերակով պատրաստում ծրագիրն ու մեկ ամսում հանձնում պատվիրատուին:

«Դրանից հետո, քանի որ լուծումը կար, բարեհաջող իրագործվում էր, տարբեր ընկերությունների առաջարկեցինք, ու երբ «Վիվա-Սելլ» ընկերությունը ցանկացավ ներդնել, արդեն ստեղծեցինք Limetech-ը որպես առանձին ընկերություն: Այսինքն` սկզբում անգամ ներդրում էլ պետք չեղավ, սկսեցինք կանխավճարով: Ու ես դա եմ բոլորին ասում, որ չի կարելի կարծրատիպերով ապրել և կարծել, որ ինչ-որ բան անելու համար անպայման պետք են մեծ գումարներ: Իհարկե, ինչ-որ մեծ բան անելու համար, ինչպես որ մենք Earlyone-ն ենք նախագծել, պետք են, բայց կարելի է և պետք է սկսել փոքրից»,- ասում է Գևորգ Սաֆարյանը:

Նա ասում է, որ որևէ գործ սկսելու և հաջողության հասնելու համար պետք է ցանկություն, կամք ու համարձակություն, որովհետև ցանկացած նախագիծ նախ և առաջ պատասխանատվություն է, պետք է գիտակցես, որ մարդկանց աշխատավարձ պիտի տաս, պիտի խոստումներդ կատարես:

«Եթե պատասխանատվություն ես վերցրել՝ ուրեմն պետք է անես, իսկ չարածի համար պետք է պատասխան տաս: Չկան հաստատուն նախադրյալներ կամ հիմքեր ինչ-որ բան սկսելու համար: Իմ կարծիքով` մարդու խառնվածքի խնդիր է ընդամենը, ես միշտ գիտեի, որ բիզնես եմ ունենալու, քանի որ ես դա էի տեսել, հորիցս սովորել էի ձեռներեցություն: Նախադրյալն այն է, որ պետք է միշտ շփվել ձեռներեցների հետ և վարակվել նրանցից: Երբ դա քեզ ծանոթ չէ, ինչպես ասում են՝ կոմֆորտի զոնա կա, այդ զոնայում ավելի հարմար է. գնում ես ինչ-որ տեղ աշխատելու, քեզ տալիս են ինչ-որ երաշխավորված աշխատավարձ, բնականաբար, շատ ավելի քիչ, քան լավ ձեռներեցը ստեղծում ու վաստակում է: Մարդկանց մեծ մասը նախընտրում է գնալ հատատուն աշխատավարձի ճանապարհով, ուստի ձեռներեցներն ավելի քիչ են»,- նշում է Limetech և Earlyone ընկերությունների հիմնադիրը:

Գևորգ Սաֆարյան

Կարևոր է ճիշտ գնահատել իրավիճակը, նշում է Սաֆարյանը, հասկանալ շուկայի միտումները, գնահատել սեփական կարողությունները ու, եթե անհրաժեշտ լինի, փոխել ընթացքն ու դնել ճիշտ ուղեգծի վրա: Ամեն ինչ մարդու ժամանակով է պայմանավորված, առհասարակ մարդու ամենամեծ ռեսուրսը ժամանակն է, և ձեռներեցը բիզնեսին պետք է տա իր ժամանակը: Հաջողության հասնելու երկրորդ կարևոր գրավականը, եթե հաշվի չառնենք նյութական միջոցները, թիմն է` մարդկային ռեսուրսը:

Թեև հաջողության պատմության տողատակում դժվարությունները չերևալու հատկություն ունեն, բայց իրականում ոչինչ հեշտ չի տրվել, եղել են դժվարություններ, ստիպված են եղել հաղթահարել ճգնաժամային տարիները, ուրիշ խոչընդոտներ:

«Շատ դժվար ժամանակներ ենք ունեցել, տարբեր մեխանիզմներ ենք մտածել, թե ինչ անենք, ինչ հավելյալ նախագծեր իրականացնենք, որպեսզի կարողանանք մեր աշխատակիցներին աշխատավարձ տալ, տարածքի վարձակալության վճարը տալ, հարկերը, շահութահարկի կանխավճարները տալ, այլ վճարներ, կոմունալ և կոմունիկացիոն ծախսերը կատարել և այլն: Ժամանակ է լինում, երբ շահույթ չունես, բայց պետք է այդ վճարումները կատարես: Այդպես այնքան ժամանակ, մինչև տնտեսությունը մի քիչ ուշքի եկավ ու նորից տարբեր ընկերություններ սկսեցին Limetech-ին պատվիրել հերթերի կառավարման համակարգեր»,- պատմեց Սաֆարյանը:

Իսկ դժվարությունները հաղթահարելու համար, նշում է մեր զրուցակիցը, գործարարը պետք է «հոտառություն» ունենա: Արժե՞ բիզնես սկսել, թե՞ ոչ. այս հարցին, որ շատերին է հետաքրքրում, նա պատասխանում է՝ սկսել և շեշտում է, որ ամենակարևորը որոշումն է, երբ ունես որոշակի գաղափար:

Իսկ գաղափարը նախ պետք է քննարկել տարբեր մարդկանց հետ, ցանկալի է` գործարար ու այդ ոլորտից հասկացող: Գաղափարից ու այն քննարկելուց հետո արդեն գալիս են մնացած քայլերը:

«Փոքրից սկսելով՝ ճանաչում ես ձեռք բերում, սկսում են քեզ ճանաչել մարդիկ, որոնք հետագայում միանալու են գաղափարիդ, ինչպես նաև մարդիկ, որոնք ներդրումներ են անելու: Բացի այդ, գիտելիքներ ու փորձ ես ձեռք բերում, հմտություններ, իմանում ես բազմաթիվ նրբություններ, որոնք ոչ մի դասագրքում գրված չեն, այլ գալիս են փորձից»,- ամփոփում է այս հաջողված պատմության գլխավոր գործող անձը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: