Հայերեն   English   Русский  

​Այս տեմպերով 200 տարի է պետք, որ Հայաստանը հասնի իր պարտավորությունների կատարմանը. գենդերային հարցերով փորձագետ


  
դիտումներ: 7896

6-րդ գումարման Ազգային ժողովի 105 պատգամավորներից 18-ը կամ ընդհանուրի 17.14 տոկոսը կանայք կլինեն:

Տոկոսային առումով նախորդ գումարման խորհրդարանի հետ համեմատած՝ կանանց ներկայացվածությունը կրկնակի ավելացել է՝ 8.3 տոկոսից հասնելով 17.14-ի: Մասնագետների կարծիքով, սակայն, առաջընթացը միայն թվացյալ է. կանանց քաղաքական ներգրավվածության տեսանկյունից Հայաստանը տարբեր կոնվենցիաներով ստանձնած պարտավորություններն անգամ կիսով չափ իրականացնել չի կարողանում:

«Անխոս, կանանց քաղաքական ներկայացվածության մեջ առաջընթաց կա: Բայց եթե հաշվի առնենք մեր ստանձնած պարտավորությունները, կանանց և տղամարդկանց քաղաքական ներկայացվածության զուգակշռվածության, այն է՝ 50/50 ներկայացվածության մասին ՄԱԿ-ի որոշումը, եվրոպական ու ՄԱԿ-ի փաստաթղթերում սահմանված նվազագույն 40 տոկոս ներկայացվածության պահանջը, ապա մեր ունեցած 17 տոկոսը շատ ցածր է: Ներկայիս հաշվարկներով՝ այս տեմպերով 200 տարի է պետք, որպեսզի Հայաստանը կարողանա հասնել իր ստանձնած պարտավորությունների իրականացմանը»,- ասում է գենդերային հարցերով փորձագետ Լիլիթ Զաքարյանը:

Նախորդ տարիներին օրենքի պահանջով կանայք ընդգրկվում էին համամասնական ցուցակներում, սակայն ընտրություններից հետո ինքնաբացարկ էին հայտարարում՝ տեղը զիջելով տղամարդկանց: Այս անգամ, օրենքի համաձայն, ինքնաբացարկ հայտարարած կնոջ փոխարեն խորհրդարան կանցնի ցուցակում նրան հաջորդող կին թեկնածուն: Մինչ ընտրությունները թվում էր, թե համամասնական ընտրակարգին անցումը և օրենքի նշված պահանջը կապահովեն կանանց առնվազն 25 տոկոս խորհրդարանում: Տարածքային կամ ռեյտնիգային ցուցակների առկայությունը, սակայն, խոչընդոտ դարձան: Տարածքային ցուցակներով ընտրված միակ կին պատգամավորը «Ելք» դաշինքից Մանե Թանդիլյանն է:

«Ի տարբերություն այլ երկրների, մեզ մոտ քվոտան սահմանված է համապետական ցուցակների, ոչ թե ընտրությունների արդյունքների վրա: Տարածքային ցուցակներն իրենց էությամբ մեծամասնական ընտրակարգին են նման: Ուստի նախորդ տարիների փորձը հաշվի առնելով՝ ակնհայտ էր, որ կանայք խորհրդարանում 25 տոկոս չեն կազմի»,- ասում է Զաքարյանը:

Հարցին, թե ինչու է մեծամասնական ընտրակարգով, այժմ էլ տարածքային ցուցակներով կանանց ընտրվելու հնարավորությունը փոքր, Զաքարյանը մի քանի գործոն է մատնանշում:

«Այդ տարբերակով կանանց ընտրվելու հնարավորությունը ցածր է ոչ թե այն պատճառով, որ չունենք այնպիսի դեմքեր, որոնք արժանի են ընտրվելու, այլ այն պատճառով, որ մեր ընտրական համակարգը, քաղաքացիական ակտիվության ու ժողովրդավարության մակարդակը դեռևս չեն նպաստում արդար ընտրություններին»,- ասում է նա:

Զաքարյանը վստահ է՝ եթե կուսակցությունները ցանկանային՝ տարածքային ցուցակներով կընտրվեին կանայք, ճիշտ այնպես, ինչպես ընտրվեցին տղամարդիկ:

«Այլ հարց է, որ այդ տեղերը, որպես կանոն, գնվում են: Իսկ դրա համար ֆինանսական մեծ հնարավորություններ են պետք: Այդպիսի մեծ հնարավորություններ ունեցող կանայք շատ քիչ են, ու համամասնականով անցնելը նրանց լրիվ բավարար է: Ինչո՞ւ ավելորդ գումար ծախսեն, եթե կան տղամարդիկ, որոնք պատրաստ են այդ տեղերը գնել»,- ասում է փորձագետը:

Զաքարյանը նշում է, որ 1999-ից ի վեր Հայաստանում տեղի ունեցած բոլոր ընտրությունների հիմքում կապիտալն է եղել: Իսկ նման պայմաններում կանայք դեմ են առնում ֆինանսական ռեսուրսների պակասի խնդրին:

«Մյուս պատճառն այն է, որ մեր հասարակությունը ֆեմինիստական շարժման ավանդույթ չունի: Մենք ունեցել ենք հայ ֆեմինիստուհիներ, առանձին դեմքեր, ունեցել ենք կանանց ՀԿ-ներ, որոնք մեծ վերելք ապրեցին սկսկած XIX դարի կեսից, բայց ֆեմինիստական շարժում, որը որպես այդպիսին ուղղված լիներ կանանց իրավունքների պաշտպանությանը, չենք ունեցել»,- ասում է Զաքարյանը՝ հավելելով, որ այն երկրներում, որտեղ կանանց և տղամարդկանց քաղաքական ներգրավվածությունը զուգակշռված է, մեծ դեր են ունեցել ֆեմինիստական շարժումները:

«Պատահական չէ, որ այդ երկրներում որևէ քննարկում կամ բանավեճ հնարավոր չէ պատկերացնել առանց կանանց և տղամարդկանց հավասարության հարցի: Մեզ մոտ այդ դիսկուրսը չկա, որովհետև այդ փորձը չի եղել, կանայք իրենց բոլոր քաղաքական իրավունքները ստացել են սկուտեղի վրա»,- ասում է նա և հիշեցնում՝ առաջին հանրապետության ժամանակ 3 կին ընդգրկվեց խորհրդարանում առանց պայքարի, խորհրդային տարիներին Կոմունիստական կուսակցությունը հատուկ պետական ֆեմինիզմի քաղաքականություն էր վարում, և կանայք իրենց իրավունքների համար պայքարելու առիթ չունեին: Իսկ ահա երրորդ հանրապետության ձևավորման փուլում, Զաքարյանի խոսքով, Հայաստանում կանանց շարժման թռիչքաձև զարգացում տեղի ունեցավ կանանց դրությանը նվիրված Պեկինի համաժողովից հետո, ինչը, սակայն, հետագայում աստիճանաբար անկում ապրեց քաղաքացիական ակտիվության նվազման, սոցիալ-տնտեսական ծանր պայմանների և արտագաղթի պատճառով:

«Այսօր էլ չունենք կանանց հզոր շարժում: Ունենք մեծաթիվ կանանց կազմակերպություններ, սակայն դրանցում ընդգրկված կանանց թիվն այնքան փոքր է, որ նրանք չեն կարող ազդեցություն թողնել»,- ասում է նա:

Գենդերային հարցերով փորձագետի կարծիքով՝ միայն քվոտաների սահմանմամբ խնդիրը չի լուծվի, նաև աջակցող գործողություններ են հարկավոր՝ թեմատիկ քարոզարշավներ, ԶԼՄ-ների հետ համագործակցություն, սոցիալական հոլովակներ, կուսակցությունների ներգրավվածություն, քաղաքական դեմքերի՝ այդ գաղափարին հակվածություն:

Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի պահանջն է ձևավորել գենդերային հավասարության ազգային մեխանիզմ: «Նման մեխանիզմ մենք չունենք: Կանանց խորհուրդը, որը ստեղծվել է վարչապետին կից, ֆիկցիա է, այդտեղ չկան անգամ ՀԿ-ների ներկայացուցիչներ: Նույն նախարարները, որոնք իրականացնում են ոլորտի քաղաքականությունը, խորհրդում են: Ի՞նչ պետք է անեն նրանք: Եթե որևէ բան անելու լինեին՝ իրենց պաշտոնում կանեին»,- ասում է Զաքարյանը:

Նա այլ երկրների օրինակով նշում է, որ գենդերային հավասարության ազգային մեխանիզմը չպետք է թույլ տա, որ ընդունվի օրենք, որը գենդերային ուղղորդում չի ստացել, պետք է հետևի, որ կառավարության կազմում կանայք և տղամարդիկ հավասար ներկայացված լինեն, որ կանխարգելի խտրականությունը որևէ մակարդակում: Մինչդեռ Հայաստանում, ըստ փորձագետի, կանանց խորհուրդը ձևական բնույթ է կրում, և դրա մասին, որպես կանոն, հիշում են միայն կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների իրականացման վերաբերյալ հաշվետվություն գրելիս:

«Ինստիտուցիոնալ մեխանիզմները, որ ստեղծվել են, լիարժեք չեն գործում. բոլոր մարզպետարաններում և Երևանի քաղաքապետարանում կա գենդերային հանձնաժողով, սակայն գենդեր բառը վերջին տարիներին արգելվել է: Ազգային հայերեն գրված վերջին փաստաթղթերում այդ բառը չեք գտնի»,- ասում է Զաքարյանը:

Հայաստանում բարձրագույն կրթություն ստացածների 60 տոկոսը կանայք են: Փորձագետը հարց է բարձրացնում. «Այդ 60 տոկոսի մեջ ինչ-որ թվով կանայք պիտի ձգտեին քաղաքականություն, ինչո՞ւ չեն ձգտում, որովհետև քաղաքականությունը դեռևս հարմարավետ չէ իրենց համար, որովհետև չկան այն պայմանները, որոնք նպաստավոր դաշտ կստեղծեն կանանց համար»:

Նա նշում է, որ Հայաստանում կուսակցությունների անդամների 19-70 տոկոսը կանայք են: Իշխող կուսակցություններում միջինը 30-40 տոկոսը կանայք են, բայց կուսակցությունները ոչինչ չեն անում այդ կանանց համար քաղաքական դարբնոց դառնալու առումով. «Այն, ինչ տղամարդը ձեռք է բերում փողոցում (մրցակցությանը դիմանալ, բանավեճեր վարել, իր ճիշտն ապացուցել) կանանց պետք է օգնեն ձեռք բերել լիդերության դպրոցները, կրթության ֆորմալ և ոչ ֆորմալ համակարգերը»:

«Կին քաղաքական գործիչներից մեկը մի անգամ խոստովանեց, որ շատ դժվար է տղամարդկանց շրջապատում գործելը: Դժվար է ոչ թե ինտելեկտի առումով, դժբախտաբար, քաղաքականությունում ներգրավված տղամարդկանց ինտելեկտն այնքան էլ բարձր չէ, այլ դժվար է, որովհետև կան ստվերային տեխնոլոգիաներ, վարկաբեկման հատուկ տեխնոլոգիաներ, որոնք խոչընդոտում են կանանց,- ասում է նա ու հարցնում:- Երբևէ հիշո՞ւմ եք, որ անդրադառնան տղամարդ պատգամավորի վարսահարդարմանը, հագուստին, մինչդեռ քանի անգամ նման քննարկումներ եղան կանանց վերաբերյալ: Կինը և տղամարդը կարող են նույն բանը հնչեցնել ամբիոնից, կնոջը կասեն՝ համեստ պահեք Ձեզ, տիկին, տղամարդուն չեն ասի»:

Անդրադառնալով հասարակական-քաղաքական կյանքում կանանց ակտիվության հիմնական խոչընդոտներին՝ Զաքարյանը մատնանշում է նաև գենդերային կարծրատիպերը, որոնց դեմ որևէ պայքար չի մղվում: «Դա նաև գենդերային սոցիալականացման արդյունք է, երբ ամենափոքր տարիքից կերտում ենք կնոջ և տղամարդու այն կերպարները, որոնք համապատասխանում են մեր կարծրատիպերին: Ընդ որում, թյուր կարծիք կա, որ հավասարություն նշանակում է տարբերությունների վերացում: Իրականում շփոթում են «նույնություն» ու «հավասարություն» տերմինները: «Հավասարություն» նշանակում է իրավունքների և հնարավորությունների հավասարություն: Ինչո՞ւ միայն իրավունքների հավասարությունը բավարար չէ: Որովհետև այնպես է ստացվել, որ ոչ բոլորն են կարողանում օգտվել իրավունքներից»,- ասում է նա:

Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հնարավորությունների խնդրի լուծման ուղիներից է, ըստ Զաքարյանի, տնտեսության աշխուժացումը, ՓՄՁ-ների զարգացումը, որը կհանգեցնի միջին խավի, հետևաբար նաև քաղաքացիական հասարակության ձևավորման, որն էլ իր հերթին համապատասխան պահանջ կձևավորի՝ հետամուտ լինելով խնդրի լուծմանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: