Հայերեն   English   Русский  

​#ԵկԱրցախ. վայրեր, որոնք անպայման պետք է այցելել


  
դիտումներ: 6030

Արցախի կանչն այնքան ուժեղ է, որ անցած տարի ստեղծված #ԵկԱրցախ հաշթեգ-կոչը մինչ օրս գործուն է: Արցախ մեկնող քաղաքացիները սոցիալական ցանցերում իրենց ընկերներին ու հարազատներին այս կոչով խրախուսում են հետևել իրենց օրինակին ու այցելել մեր հայրենիքի այդ չքնաղ անկյունը:

Եվ ահա՝ տողերիս հեղինակն էլ, հետևելով կոչին, հերթական անգամ Արցախ մեկնեց:

Եթե անձնական ավտոմեքենայով չեք, նաև չեք ուզում միանալ դեպի Արցախ խմբային տուրեր իրականացնող ընկերություններին, ապա հաջողությամբ կարող եք այնտեղ ինքնուրույն կազմակերպել հանգստյան օրերը: Երևանի Կենտրոնական ավտոկայանից դեպի Ստեփանակերտ են մեկնում թե՛ երթուղային միկրոավտոբուսներ, թե՛ տաքսիներ. մեկ ուղևորի տոմսի արժեքն է, համապատասխանաբար, 5000 և 8000 դրամ: Ստեփանակերտում կամ Շուշիում հեշտությամբ կարող եք հյուրանոց գտնել տարբեր գնային սահմաններում՝ կախված ձեր բյուջեից, եթե իհարկե Եռատոնի նախօրյակը չէ: Մայիսյան տոներից առաջ մեծ խնդիր է ազատ հյուրանոց կամ անգամ վարձով բնակարան գտնելը: Ստեփանակերտի և Շուշիի միջև կանոնավոր երթուղային տրանսպորտ է գործում: Իսկ ահա այս երկու բնակավայրերից դուրս այլ տեսարժան վայրեր այցելելու համար պետք է տրանսպորտ գտնեք: Քանի որ Արցախն այնքան էլ մեծ չէ ու ամեն ինչ մայրաքաղաքից մի քանի տասնյակ կմ հեռավորության վրա է, հանգիստ կարող եք տաքսիով շրջել:

Արցախում առաջընթացն ակնհայտ է

Արցախ

Արցախ նախորդ այցելությունիցս ուղիղ հինգ տարի է անցել: 2012-ին թե՛ Ստեփանակերտում, թե՛ Շուշիում և թե՛ ամենուրեք տեսանելի էր պատերազմի ավերիչ հետևանքը. չկար տուն, շենք կամ շինություն, որ չկրեր պատերազմի հետքը՝ խոցված պատեր, կարկատած տանիքներ, կիսաքանդ շինություններ, մրոտ ավերակներ և այլն: Այս անգամ թե՛ Շուշին, թե՛ Ստեփանակերտը կարծես վերածնված լինեին, այլևս զգալի չէր պատերազմի ավերիչ ձեռագիրը: Անցած տարիների ընթացքում բազմաթիվ նոր շենքեր են կառուցվել, որոնք շքեղ ու ժամանակակից տեսք ունեն: Դրանց կողքին պահպանվել ու վերականգնվել են նաև հները: Ստեփանակերտը և հատկապես Շուշին պատմություն ունեցող կոլորիտային քաղաքներ են, որոնք շատ բան ունեն ցույց տալու ցանկացած զբոսաշրջիկի՝ սկսած գեղեցիկ բնությունից, հնաոճ փողոցներից, գեղեցիկ ճարտարապետությամբ հին շենքերից մինչև ճարտարապետական ժամանակակից լուծումները: Եվ եթե զբոսաշրջիկը երևանում մի փոքր զբոսնելուց հետո կձանձրանա, քանի որ աշխարհի հնագույն քաղաքում կդժվարանա հնության հետք գտնել, ապա այստեղ այդպես չէ:

Ընդհանրապես մշակութային Շուշիում կարելի է մի քանի օր մնալ՝ քաղաքը ոտքով ծայրից ծայր անցնելու, հին շենքերն ուսումնասիրելու, ծուռումուռ և սալահատակ հին փողոցներով վերուվար անելու, թանգարաններ այցելելու համար:

Այս երկու քաղաքներից դուրս ևս առաջընթացն ակնհայտ է, զգացվում է վերածննդի շունչը, չնայած հաճախ հանդիպող ավերակները, ինչպես նաև տների պատերին առկա հետքերը էլի հիշեցնում են պատերազմի մասին: Միջքաղաքային ճանապարհները ևս այստեղ բարվոք վիճակում են: Եթե, օրինակ, Վայոց ձորի մարզով կամ Սիսիանի ոլորաններով անցնելը անտանելի փորձություն է փոսերով ու կարկատաններով ճանապարհների պատճառով, ապա Արցախում այդպես չէ:

Ճիշտ է, բնակիչների հետ կարճատև զրույցներից հասկացվում է, որ ապրիլյան պատերազմից հետո մարդիկ վախենում են ապագայի ծրագրեր կազմել, տուն սարքել կամ վերանորոգել, բիզնես նախաձեռնել, բայց փորձում եմ լավատես լինել՝ հավատալով, որ դա անցողիկ փուլ է: Եվ լավատեսությանս նպաստում է մայիսի 9-ին Ստեփանակերտում տեսածս՝ հարյուրավոր երիտասարդ ընտանիքներ, որոնք զբոսանքի էին դուրս եկել իրենց փոքրիկների հետ, ամեն քայլափոխին հանդիպող զինվորական հագուստով մանկիկներ, որոնք ուշադիր ուսումնասիրում էին հրապարակում ցուցադրված զինտեխնիկան, երեխաներին սիրող ու փայփայող զինվորականներ, այգում՝ ծառերի հովին նստած ու երիտասարդներին հիացական հայացքներով նայող տատիկ-պապիկներ:

Վայրեր, որոնք չայցելելը հանցանք է

Արցախ

Մաքուր ու գեղեցիկ Ստեփանակերտով ու Շուշիով հիանալուց հետո կարելի է այցելել Տիգրանակերտի թանգարան: Հայոց Տիգրան Մեծ արքայի հիմնադրած Տիգրանակերտ քաղաքի տարածքում՝ պեղված հնավայրերի կողքին՝ XVIII դարով թվագրվող ամրոցում, գործում է թանգարանը: Այստեղ ներկայացված են հնագիտական պեղումների ընթացքում բացահայտված և մ.թ.ա. V դարից մինչև մ.թ. XVIII դարով թվագրվող գտածոներ՝ եռալեզու մեկնաբանությամբ:

Ամրոցի հարևանությամբ գտնվող այգում անհոգ խաղում ու վազվզում են երեխաներ, մասնագետները խնամքով ջրում ու մշակում են բուսականությունը, իսկ շրջակա անծայրածիր դաշտերից զեփյուռը բերում է մեղմ ծաղկաբույրն ու խոնավության հոտը, որն անհագորեն ուզում ես շնչել ու շնչել:

Պեղված ավերակներից այն կողմ փռված է Վանքասարը, որի գագաթին գտնվում է VII դարում կառուցված եկեղեցին: Մայրամուտն այստեղ դիմավորելը աչք շոյող տեսարաններ է բացահայտում՝ մարող արևի ու ամպերի գեղեցիկ խաղի ֆոնին սարն ու դրա կատարին գտնվող եկեղեցին յուրօրինակ խորհրդավորությամբ են պատվում:

Շուշիից ոչ հեռու գտնվող Ջդրդուզ կամ Կատարոտ կոչվող դաշտավայրը ևս պարտադիր այցելության վայրերի ցանկում է: Ժայռերից ներքև տարածվում է Հունոտի կիրճը և Կարկառ գետի հովիտը: Շուրջ 250 մետր խորությամբ կիրճը ժայռերի կատարից բացառիկ գեղեցկություն ունի:

Արցախ

Վերևից կիրճի գեղեցկությամբ հիանալուց հետո կարող եք նաև Հունոտի կիրճ իջնել, տեսնել XVIII դարում կառուցված և XX դարքում լքված գյուղի ավերակները, քայլել 1720 թվականին կառուցված ու մինչև այժմ գործող կամուրջի վրայով: Արկածներով լի արահետներով անցնելուց հետո կարող եք տեսնել Մամռոտ քար ջրվեժը, որը հանրությանը հայտնի է նաև Զոնտիկ անվանումով: Եթե քայլելու սիրահար եք, ապա կարող եք ուսումնասիրել նաև կիրճում գտնվող քարանձավները, որոնք հարյուրավոր տարիներ բնակեցված են եղել:

Արցախում լինելը և Գանձասար չայցելելը կարելի է «հանցագործություն» որակել: Մարտակերտի շրջանի Վանք գյուղում գտնվող եկեղեցական համալիրը հարևանությամբ գտնվող կիրճի բացառիկ գեղեցկության հետ զբոսաշրջիկների սիրելի վայրերից է: XIII դարում կառուցված եկեղեցում, ըստ պատմական տվյալների, ամփոփված է Հովհաննես Մկրտչի գլուխը, Հովհաննես Մկրտչի հոր՝ Զաքարիայի արյունը, Գրիգոր Լուսավորչի «Օրէնուսույց սուրբ ծնոտը» և այլ նահատակների սուրբ նշխարները։

Հայտնի բարերար Լևոն Հայրապետյանի ծննդավայր գյուղը յուրօրինակ կոլորիտային բնակավայր է, տարբեր հատվածներում կարելի է տեսնել առյուծների և էշերի արձաններ, ինչպես նաև ջրային մոտիվներով արձաններ՝ գետի ափին: Իսկ գագաթնակետը հանրահայտ ժայռակերտ առյուծն է, որը 2007-ին Լևոն Հայրապետյանի մտահղացմամբ ստեղծել է նկարիչ Արամ Ավագյանը:

Կիրճում՝ գետի ափին, բացօթյա տաղավարներ կան, որտեղ այցելուները կարող են հանգստանալ ու սնվել՝ օրը բնության գրկում ամփոփելով:

Իհարկե, Արցախի տեսարժան վայրերն այսքանով չեն ավարտվում: Պարտադիր այցելության վայրերի ցանկում են նաև Ամարասը և հայտնի տնջրի ծառը, Դադիվանքը և ոչ միայն: Մեկ այցելությամբ ամեն տեղ լինելը բարդ է, բացի այդ, չէ՞ որ Արցախ այցելելու և այն նորովի բացահայտելու առիթներ են հարկավոր: Այնպես որ, պարտադիր այցելության վայրերի ցանկը կշարունակենք հաջորդ այցելությունից հետո:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: