Հայերեն   English   Русский  

Սուտ մատնություն


  
դիտումներ: 2993

Բոլորիս կյանքում կարող է պատահել, որ մեր կամքից անկախ հանգամանքներում ականատես դառնանք հանցագործության կամ ինչ-որ կերպ մեզ հայտնի դառնան տեղեկություններ կատարված հանցագործության մասին, որոնք կարող են էական նշանակություն ունենալ գործի բացահայտման համար: Նման իրավիճակում հայտնվելիս կանգնում ենք բարոյական երկընտրանքի առջև. ծանուցե՞լ պատկան մարմիններին, թե՞ ոչ: Պատկան մարմիններին ծանուցելը, ըստ էության, նույն մատնությունն է:

Հասարակության մեջ մատնության երևույթի նկատմամբ վերաբերմունքը հակասական է:

Մատնությունը կամ հանցագործության մասին հաղորդումը պատմականորեն համարվել է այն ամենակարևոր ազդակը, որի հիման վրա համապատասխան մարմինները լծվել են հանցագործության բացահայտման և պատժի իրականացման գործին: Օրինակ՝ Հին Հռոմում քրեական գործերը հարուցվել են մասնավոր անձանց մեղադրանքի հիման վրա: Այսինքն՝ դատարանում մեղադրանքի կողմը ներկայացրել է այն մասնավոր անձը, որի բողոքի հիման վրա հարուցվել է քրեական գործը:

Ընդհանուր առմամբ պետական կառավարման բոլոր ձևերն էլ՝ ժողովրդավարականից մինչև ամբողջատիրական, իրենց որդեգրած քրեաիրավական քաղաքականությամբ խրախուսել են մատնությունը: Սակայն նույնը չէ մոտեցումը սուտ մատնության նկատմամբ: Գրեթե բոլոր պետությունների քրեական օրենքները պարունակում են սուտ մատնության համար քրեական պատասխանատվություն սահմանող հոդվածներ:

Հայրենի քրեական օրենսգիրքը սահմանում է, որ հանցագործության մասին սուտ մատնությունը, եթե անձը գործել է գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկությունը կեղծ է, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

Նույն արարքը, որը՝

1) զուգորդվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելով,

2) զուգորդվել է մեղադրանքի արհեստական ապացույցներ ստեղծելով,

3) կատարվել է շահադիտական դրդումներով,

պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:

Այս հանցագործության հանրային վտանգավորությունն այն է, որ անհարկի ծանրաբեռնվում են քրեական հետապնդում իրականացնող մարմինները, որոնք շեղվում են իրական խնդիրներով զբաղվելու իրենց առաքելությունից, մյուս կողմից էլ անհարկի քրեական հետապնդման ենթարկվելու վտանգ են ստեղծում ամեղ մարդու համար:

Կարելի է փաստել, որ եթե մեր հասարակության մեջ մատնություն երևույթի նկատմամբ հակասական է վերաբերմունքը, ապա սուտ մատնությունը պարսավանքի է ենթարկվում բոլորի կողմից:

Չկա մի ծածուկ բան, որ հայտնի չդառնա, և մի գաղտնիք, որ չիմացվի:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: