Հայերեն   English   Русский  

Ընտանիքը սովորեցնում է սիրել


  
դիտումներ: 14435

Մայիսի 15-ին նշվում է Ընտանիքի միջազգային օրը, որը 1993 թ. սահմանել է ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովը: 2011 թ. ի վեր այս օրը նշվում է նաև Հայաստանի Հանրապետությունում։ Այդ առիթով էլ զրուցել ենք երիտասարդ գիտնականներ Վիգեն Շամիրյանի (սոցիոլոգ) և Լիլիթ Քոլյանի (տնտեսագետ) հետ, որոնք համատեղ կյանքի 7 տարվա ընթացքում փորձում են իրականություն դարձնել լավ ընտանիք ունենալու իրենց գիտակցված որոշումը:

Նախ փորձեցինք հասկանալ` չե՞ն տարբերվում ընտանիք հասկացության մասին նրանց պատկերացումներն ամուսնությունից առաջ և հետո: Վիգենը պատասխանեց, որ առանձնապես փոփոխություն չի նկատվել. նախկինում էլ ամուսնությունն իր համար եղել է մեծ պատասխանատվության, կյանքի նորովի իմաստավորման, նոր ապրելակերպի ու նոր զգացմունքների աղբյուր, պարզապես այժմ այդ ամենը դարձել է ավելի արտահայտիչ և իրական: Իսկ Լիլիթն ասում է, որ ամուսնությունից առաջ էլ, հիմա էլ իր համար առաջնային են նվիրվածությունը, փոխադարձ հարգանքն ու համատեղ որոշումներ կայացնելու սկզբունքը: Բայց և հավելեց. «Երբ առաջին անգամ գրկեցի մեծ բալիկիս, պատասխանատվության զգացում ունեցա այն առումով, որ արդեն ոչ թե Լիլիթն եմ, այլ` մայր, ու ամեն ինչ փոխվեց, հասկացա, որ մինչ ամուսնությունը բոլոր պատկերացումները տեսական են եղել»:

Վիգենը ներկայացրեց նաև հայկական ավանդական ընտանիք հասկացության իր պատկերացումները` շեշտելով, որ ավանդական է ոչ թե այն, ինչ որ կա հիմա, այլ այն, ինչը հայ ազգն ունեցել է իր հզոր թագավորության շրջանում, երբ կինն ու տղամարդը ընտանիքում իրենց դերային բաշխմամբ հավասար հարթության վրա են եղել. «Այսինքն` փոխհամաձայնությունն ի սկզբանե է եղել մեր ընտանեկան մշակույթում: Եվ ես հասկացել եմ, որ դա ընտանիքի կառավարման, պահպանման լավագույն մեթոդն է, որովհետև այն, ինչ տղամարդն է մտածում, չի կարող կինը մտածել, և հակառակը, այն, ինչ կինը կարող է հուշել, առաջարկել՝ տղամարդուն հասանելի չէ, այսինքն` փոխըմբռնումը իրականություն է դառնում երկու տարբեր սեռերի ու մտածելակերպերի փոխլրացումով: Ուստի ես ցանկանում եմ, որ մեր ակունքային հայկական ավանդական ընտանիքի մշակույթը վերականգնվի ու տարածվի»: Նա նաև բացատրեց, որ հայկական ավանդական ընտանիքի մոդելն աղավաղվել է այլակրոն, մասնավորապես՝ մահմեդականություն դավանող ժողովուրդներով շրջապատված լինելու հետևանքով, քանի որ այնտեղ է ընդունված, որ կինը սեփական կարծիքը բարձրաձայնելու իրավունք չունի, մինչդեռ հայկական ավանդական ընտանիքում կինը միշտ խոսքի իրավունք է ունեցել և որոշիչ դեր, ընտանիքի ամրությունը առաջին հերթին մոր ձեռքում է եղել, որովհետև համերաշխությունը, նվիրվածությունն ու հավատարմությունը նախ մոր կողմից պահպանվող, դաստիարակվող և փոխանցվող արժեքներ են:

Վիգեն Շամիրյան և Լիլիթ Քոլյան

Մենք փորձեցինք հասկանալ, թե ժամանակին հայկական ընտանիքներին ինչն է օգնել ապրելու գերդաստաններով, իսկ այսօր անգամ երկու սերունդ չի կարողանում ապրել նույն հարկի տակ: Վիգենն անկեղծացավ, որ կցանկանար ժամանակակից հայկական ընտանիքը վերադառնար իր հին ակունքներին, հարգեր ավագներին, լիներ համախմբված, գերդաստանային մոդելը պահպաներ, եթե ոչ համատեղ ապրելու տարբերակով, գոնե հարաբերությունների մակարդակում, որ ուրբանիզացիայի հետևանքով հարազատների կապը չխզվեր: Քանի որ, ըստ նրա, երիտասարդները սկսում են տեղափոխվել խոշոր քաղաքներ, որտեղ էլ կյանքը` իր առօրյա ծանրաբեռնվածությամբ ու բազմազանությամբ, ստիպում է մեկուսանալ: Հաճախ էլ հարազատ մարդկանց միմյանցից հեռանալու, անգամ թշնամանալու պատճառ են դառնում ֆինանսական խնդիրները: Լիլիթն էլ լրացնում է, որ միասին ապրելուն խանգարում է նաև կանանց շրջանում «ես»-ի դիրքավորման խնդիրը, որովհետև յուրաքանչյուրը փորձում է իր անհատական կերպարն ընդգծել ընտանիքում, չի ընդունում այդ ընտանիքը որպես իր սեփականը, ինչն էլ հանգեցնում է առանձնանալուն:

Նույն հարցի շրջանակներում Վիգենը նկատեց նաև, որ հետխորհրդային շրջանում շատ տղամարդիկ, երբ ընտանիքները լքեցին` մեկնելով արտագնա աշխատանքի, իրենց կանանց թողեցին մենակ` ստիպելով, որ միաժամանակ կատարեն երկու դեր: Հաճախ այդ ամենին գումարվում էր ամուսնու ծնողների խնամքը` ավելի ծանրացնելով միայնակ կնոջ հոգսը: Փոխվեց կնոջ կերպարը. նա դարձավ առավել ինքնուրույն: Լիլիթն էլ նկատեց, որ տղամարդու կերպարն էլ է փոխվել որոշ չափով` տղամարդկության չափանիշ դարձնելով նրա աշխատած գումարի չափը: Նա նաև հավելեց, որ կողմ է ավագների հետ ապրելուն և ազգակցական հարաբերությունների ամրապնդմանը: Վիգենն էլ, եզրափակելով այս հարցը, ասաց, որ առաջ մեծ գերդաստանային ընտանիքներում հոգսերը բաժանվել են, ամեն մեկն ընդհանուր ընտանիքի համար որոշակի գործեր է արել` այդպիսով թեթևացնելով ընդհանուր բեռը, իսկ հիմա ողջ ծանրությունը մնում է ընտանիքի որոշ, երբեմն նույնիսկ մեկ անդամի վրա: Ընդհանուր տնտեսվարման անհավասար բաշխվածությունն էլ հաճախ ստիպում է երիտասարդ զույգերին ապրել առանձին:

Զրույցի ընթացքում ամուսինները ներկայացրին, թե ինչ հիմքերի վրա պետք է ստեղծվեն ընտանիքները: Ըստ Վիգենի` ընտրությունը պետք է լինի զույգի կողմից, ոչ թե միջնորդավորված, անպայման պետք է լինի փոխըմբռնում ու պիտի հստակ իմանալ` ում հետ ես կյանքդ կապում և ինչու: Իսկ ըստ Լիլիթի՝ ընտանիքի ողջ գոյության ընթացքում հիմքը չի կարող նույնը լինել, քանի որ ընտանիքը մի կենսապարբերաշրջան է, որ յուրաքանչյուր փուլում մի կարևոր հիմք պիտի ունենա: Նա նաև խոստովանեց, որ ընտանիքն իրեն ավելի համարձակ է դարձրել, ավելի մեծ մոտիվացիա է տվել և սովորեցրել է սիրել ու կարոտել: Վիգենի կարծիքով էլ միայն ամուսնական հարաբերություններն են սովորեցնում կյանքին նայել երկու կողմից` կնոջ և տղամարդու և ստիպում հրաժարվել սեփական կյանքից` հասնելով անձնազոհության գագաթնակետին:

Մեր այն հարցին, թե որն է ամուր ընտանիք ունենալու գաղտնիքը, Լիլիթը պատասխանեց`չստելը: Իսկ Վիգենն էլ ավելացրեց, որ պետք է բացառվի անարգանքն ու դավաճանությունը, ամուսինները պետք է լինեն նվիրված` հավատալով իրենց համատեղ կյանքի վաղվա օրվան: Նա հավելեց, որ այժմ ստեղծում է իր երազանքի ընտանիքը, որից դուրս ուրիշ երևույթներ իրեն չեն գայթակղում: Լիլիթն էլ հետաքրքիր դիտարկում արեց, որ խնդիրների հանդեպ ունի դրական տրամադրվածություն, դրանց առկայությունից ուրախանում է` համարելով դա զարգացման ու հարաբերությունների ամրապնդման հիմք: Անցած տարիներն էլ համարձակություն են տալիս իրենց ընտանիքը համարելու արժեքաստեղծ:

Անդրադարձանք նաև այն հարցին, թե ինչն է այսօր ՀՀ-ում ամուսնալուծությունների թվի աճի պատճառ դառնում: Ըստ Լիլիթի` բացահայտ ու թաքնված շատ պատճառներ կան` չկայացած տեսակների ամուսնություն, շտապողականություն, փոխզիջումների գնալու անկարողություն: Եվ դրանից խուսափելու միակ լուծումը մայր Թերեզայի այն խոսքն է, թե պետք է սիրել ցավելու աստիճան: Վիգենն էլ շեշտեց, որ ընտանիքը միշտ պետք է պատկերացնել որպես մեծ ընտանիքի`պետության մի մասնիկ, գիտակցելով, որ ընտանիքի շրջանակներում ստեղծվածը ծառայում է սեփական ժողովրդին. թե՛ երեխայի դաստիարակությունը, թե՛ փոխհարաբերությունների հիմքում ընկած արժեքներն օրինակ են շրջապատի համար, որի «պտուղներից» պետք է օգտվեն բոլորը:

Զույգը խոսեց նաև հայկական ընտանիքներում երեխայի սեռով պայմանավորված հղիության ընդհատումների մասին` հուսալով, որ ժամանակի ընթացքում մարդկանց գիտակցությունը կբարձրանա այնքան, որ նման խնդիրներ չեն լինի: Վիգենն այդ երևույթը բացատրեց այն հիվանդագին մտածելակերպի ներարկումով, որ տղա երեխան ընտանիքի հենասյունն է, ազգանունը շարունակողը, ծնողներին պահողը, ինչն իրականում խաբկանք է, քանի որ այդ ամենը ոչ թե սեռով, այլ զավակի` ծնողի հանդեպ ունեցած վերաբերմունքով է որոշվում: Կյանքն ապացուցել է, որ աղջիկներն ավելի հոգատար են իրենց ծնողների հանդեպ, քան տղաները և՛ օբյեկտիվ, և՛ սուբյեկտիվ պատճառներով, ուստի ազգանվան փոխանցումն ուղղակի պայմանականություն է: Վիգենը նշեց, որ այժմ աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ, ինչն աստիճանաբար տալիս է իր արդյունքը. այս տարի նման դեպքերը գրեթե կիսով չափ նվազել են:

Վիգեն Շամիրյան և Լիլիթ Քոլյան

Փորձեցինք պարզել, թե որքանով են այսօր ընտանիքները զգում պետության հոգածությունը: Վիգենը ցավով նկատեց, որ պաշտպանվածությունը գրեթե զրոյական վիճակում է, որովհետև եթե ընտանիքի աշխատող ուժը ապրելու համար անհրաժեշտ գումար վաստակելուն հատկացնում է իր ողջ ժամանակը` չկարողանալով լինել ընտանիքի կողքին, դա նշանակում է, որ չկա ընտանիքի պաշտպանություն: Օրենքը ոչ թե գործում է բարեկեցիկ պայմաններ ստեղծելու օգտին, այլ նպաստում է, որ իշխանություն և ուժ ունեցողներն ավելի ամրապնդեն իրենց դիրքերը, իսկ մնացածներն ավելի մեծ կախվածության մեջ ընկնեն: Նա եզրափակեց, որ եթե երկրում կա աղքատության բավականին բարձր ցուցանիշ և երիտասարդների ու երիտասարդ ընտանիքների մեծ արտահոսք երկրից, ուրեմն այդ պետության պաշտպանական դերն իր ընտանիքների համար հնարավոր չէ ինչ-որ ձևով դրական գնահատել:

Զույգը խորապես համոզված է, որ սոցիալ-տնտեսական հիմք ունի նաև մարդկանց ուշ ամուսնանալու երևույթը, քանի որ այն երիտասարդները, որոնք գիտակցաբար են մոտենում ամուսնությանը, առաջին հերթին փորձում են լուծել բնակարան, աշխատանք ունենալու խնդիրները, ինչը շատերին չի հաջողվում: Անգամ այն ծրագրերը, որոնք ստեղծված են երիտասարդ ընտանիքների համար, շատ արհեստական են. քչերին է հնարավորություն տրվում արդարացիորեն օգտվելու դրանցից: Լիլիթն ուշ ամուսնանալու մեջ ամեն դեպքում տեսավ այն դրական երևույթը, որ ամուսնացողներն ավելի կայուն ու գիտակից են դառնում:

Երբ անդրադարձանք ընտանիքում երեխաների թվի խնդրին, Լիլիթը մատնանշեց, որ վերջերս գովազդվում է ժամանակակից ընտանիքի հետևյալ մոդելը. մեկ տղա, մեկ աղջիկ: Նա դեմ է դրան, քանի որ մենք համարվում ենք ծերացող ազգ, ինչը ենթադրում է ավելի շատ թվով երեխաների պահանջ: Անգամ խոստովանեց, որ եթե համարձակությունը բավականացներ, կունենար նաև չորրորդ բալիկը: Ըստ Վիգենի` որպես երեխաների իդեալական թիվ նախկինում միշտ էլ չորսն է ընդունվել` երկու աղջիկ, երկու տղա, բայց դա, իհարկե, բնության որոշելիքն է, ոչ թե ծնողի: Ամեն դեպքում այսօր ֆինանսական հնարավորություններն ու կանանց առողջական վիճակը թույլ չեն տալիս ամուսիններին ավելի համարձակ գնալ երկուսից ավելի երեխաներ ունենալու քայլին: Իսկ երկուսը բավարար չէ ոչ միայն դեմոգրաֆիական առումով, այլև ամուր, սիրող, համերաշխ ընտանիք ունենալու համար:

Մեր զրուցակիցների հետ ճշտեցինք նաև` որոնք են երեխաների դաստիարակության հիմնական սկզբունքները, ինչին Վիգենը պատասխանեց` սեփական օրինակը, որը մեծ հետևողականություն է պահանջում և բավականին բարդ ու աշխատատար ընթացք է: Լիլիթն էլ հավելեց` ամուսինը երբեմն շատ սահմանափակումներ է դնում երեխաների առջև, ինչն ինքը, բոլոր մայրիկներին բնորոշ խորագիտությամբ, փորձում է չեզոքացնել` բնավ չգցելով հայրիկի խոսքի արժեքը: Նաև որոշակի ինքնուրույնության տեղ է թողնում, որ երեխաները կարողանան իրենք իրենց դրսևորել, պաշտպանել, որ հետագայում ավելի հեշտ լինի սոցիալական միջավայրերում ընդգրկվելը:

Ավարտին մեր զրուցակիցները մաղթեցին բոլոր ամուսիններին ոչ թե մեկը մյուսին ապացուցել, թե իրենցից ով է ավելի կարևոր, այլ վստահ լինել, որ ուժեղ են երկուսով:

Արփի Խաչատրյան





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: