Հայերեն   English   Русский  

Ավելորդ քաշից ազատվելու հաջողված պատմություն


  
դիտումներ: 1306

Սա մեծ կամքի, ցանկության ու խելամիտ վարքի դրսևորման պատմություն է, մի տղամարդու մասին, որը կարողացավ ազատվել 100 կիլոգրամից՝ առանց հատուկ սննդակարգերի: Նա ընդամենը իր համար 7 կանոն մշակեց ու խստիվ հետևեց դրանց: Ընդամենը 30 ամսում Ջոն Գաբրիելը նիհարեց 100 կգ՝ ափսեն, գլուխն ու կյանքը «կարգի» բերելու շնորհիվ:

Սկսիր գլխից, ոչ թե սննդակարգերից

Այս տղամարդը, բոլոր գիտակից գեր մարդկանց նման, ձգտում էր ազատվել զզվելի կիլոգրամներից ու դրա համար ամենևին էլ կուրորեն չվստահեց սննդաբանների խորհուրդներին, այլ սկսեց իր գլխում կարգուկանոն հաստատելուց: Դրան իհարկե օգնեց մասնագիտությունը՝ անշարժ գույքի առքուվաճառքի գործակալ լինելու հանգամանքը. մարդ, որ սովոր է համակարգել ցանկացած տեղեկություն:

Ահա նրա 7 կանոնները

1. Առաջին հերթին պետք է մի կողմ դնել բոլոր սննդակարգերն ու պարզել օգտագործվող նյութերի սննդարարությունը

Պարզվեց, որ իմ կյանքում միշտ պակասել են օմեգա-3 ճարպաթթուները, բարձրորակ բուսական սպիտակուցներն ու վիտամինները: Ուշադրություն դարձրեք՝ ոչ մի սննդակարգում դրա մասին չի խոսվում: Ու դա մեծ սխալ է: Ես փոխեցի իմ օրաբաժինն այնպես, որ բավարար քանակությամբ ինձ անհրաժեշտ նյութեր ստանամ: Ու պատկերացրեք, որ դրանից հետո կոնֆետի ու չիփսերի հանդեպ իմ ախորժակն ինքնիրեն մարեց: Ըստ երևույթին, դրանցում կար մի բան, որը նախկինում ինձ պակասում էր:

2. Բուժել աղիքները

Դուք պատկերացում անգամ չունեք, թե որքան կարևոր է առողջ աղիքային տրակտը: Մարդիկ շատ են ուտում քանի որ նրանց աղիքները չեն կարողանում հաջողությամբ սննդից դուրս բերել անհրաժեշտ նյութերը: Ու բնականաբար, մարմինը խուճապահար սկսում է ճարպ կուտակել:

Իսկ այդ ժամանակ արդեն մարսողական տրակտում բորբոքում է սկսվում, ինչն ազդում է հորմոնալ ֆոնի վրա: Հետևաբար, պետք է ուտել մարսողության համար «ճիշտ» ֆերմենտներով մթերքներ:

3. Քնի ռեժիմը

Քունը կարգավորելը շատ կարևոր է. պետք է վաղ պառկել քնելու ու վաղ էլ արթնանալ: Քնի հետ կապված ցանկացած խնդիր քաշ կուտակելու պատճառ է դառնում: Ու նորից հորմոնները: Անքնությունը ազդում է հորմոնալ ֆոնի վրա, ինչի պատճառով անընդհատ քաղցրի ու յուղոտ ուտելիքի պակաս է առաջանում: Դա հանգեցնում է կորտիզոլի մակարդակի բարձրացման, որը դեպրեսիան հաղթահարելու համար հարկադրում է ուտել ֆասթֆուդ: Սակայն այդ «անառողջ» սնունդը ժամանակավոր «թեթևացում» է պատճառում, ընդամենը կորտիզոլի մշակումն է շատանում դրանից հետո: Էլ չասած, որ գիշերվան ընդառաջ սառնարանի վրա գրոհելու և ինչ-որ բան ուտելու անսանձ ցանկություն է առաջանում:

4. «Գլուխը» կարգի բերել

Ու կրկին կորտիզոլը: Դրա երկրորդ, պաշտոնական անվանումը «սթրեսի հորմոն» է: Եթե վատ ես քնում, ապա օրգանիզմի համար սթրեսային վիճակ է ստեղծվում: Իսկ որ սթրեսն ազդում է ախորժակի վրա, առանց ինձ էլ գիտեք: Ես սկսեցի մտքում պատկերացնել իմ հաջորդ օրը, կանոնակարգել ու պլանավորել, ազատվել սթրեսից, դրա հետ՝ նաև կիլոգրամներից:

5. Թույներից ազատվել

Մի քանի ամիս սովորելուց հետո հասա թույների բաժնին, իմացա, որ օրգանիզմը ճարպաբջիջներն օգտագործում է թույների ավելցուկը պահելու համար: Այդ ժամանակ արդեն կարողացել էի ազատվել 70 կիլոգրամից, սակայն իմ առջև խնդիր ունեի՝ ազատվել ևս 30-ից. հենց այդ 30 կիլոգրամներում էին իմ բոլոր թույները: Այդպես տարվեցի թույներից ազատվելու գաղափարով:

Սկսեցի լվանալ օրգանիզմս մեծ քանակությամբ հիմնային հեղուկով: Կիտրոնահյութով ջուր ու կանաչ հյութեր, մեծ քանակությամբ կանաչի, աղցաններ, ծիլեր ու բջջանք սկսեցի գործածել:

Իմիջիայլոց, վերջին 30 կգ-ն ավելի հեշտ գցեցի, քան առաջին 30-ը: Չնայած թվում էր՝ հակառակն է լինելու: Բոլոր քաշ գցողները գիտեն, թե որքան հեշտ է սկսելը ու որքան դժվարությամբ են տրվում վերջին քայլերը:

6. Այլևս չմտածել գումարի մասին

Տարօրինակ բան կասեմ. որքան քիչ կախում ունես փողից, այնքան երջանիկ ու բարեկազմ ես: Ես փոխադրվեցի ավելի էժանագին տուն, ավելի քիչ սկսեցի ծախսել տարատեսակ իրերի, գաջեթների վրա ու անգամ սկսեցի բանջարեղեն աճեցնել: Այսինքն՝ փողի պատճառով քիչ ապրումներ ունեի: Իսկ երբ նյարդայնանում էի, գիտեի, որ բակում լոլիկ կա, տունը շրջանցելով կարող էի ուտել սեփական աճեցրածս: Դա իհարկե, շատ ավելի լավ է քան շոկոլադով սթրեսը կուլ տալը :

7. Պարզապես կանոն

Խնդիրը լուծելու համար պետք է մեկընդմիշտ ինքներդ ձեզ խոստովանեք, որ այդպիսին եք ոչ թե գեների, ոչ թե մեծ ու ծանր ոսկրեր ունենալու պատճառով, այլ որովհետև ծույլ եք: Ու քաշի հետ կապված խնդիրը լուծելու համար պետք է սովորեք չերկյուղել այս աշխարհից: Այդ հարցում ինձ օգնեցին մեդիտացիան ու ամեն ինչ նախապես պատկերացնելը: Այդպես կարողացա խուսափել հոգեկան տրավմաներից:

Ավելորդ քաշ ունեցող իմ ծանոթների 65-70%-ը տառապում է հենց այդ՝ «զգացմունքային գիրությամբ»: Շատերն այնքան անհարմար են զգում իրենց շրջապատող աշխարհում, որ ենթագիտակցորեն մեծ անվտանգության մեջ են իրենց «պաշտպանական» ճարպային թաղանթի մեջ:

Գուցե տարօրինակ է, սակայն իրականում այդպես է:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: