Հայերեն   English   Русский  

​ՌՈՒԲԵՆ Ա ՌՈՒԲԻՆՅԱՆ


  
դիտումներ: 3854

Պատմությունն իրար հաջորդող օրինաչափ իրադարձությունների շարան է: Սակայն հայոց պատմությունը շատ առումներով զուրկ է օրինաչափություններից և տրամաբանությունից:

1045 թ., առանց պայքարի, Հայ առաքելական եկեղեցու առաջնորդ, կաթողիկոս Պետրոս Ա Գետադարձի դավաճանության հետևանքով կորցրինք Անիի Բագրատունյաց թագավորությունը: Երկարատև պայքարի գնով ձեռք բերած ազգային անկախ պետականությունը հեշտությամբ կորցրինք պատմական հայրենիքում:

Սակայն մի քանի տասնամյակ անց պատմական հայրենիքի սահմաններից դուրս՝ Հայկական լեռնաշխարհից արևմուտք՝ Լեռնային Կիլիկիայում, հայությունն ազգային պետություն ստեղծեց՝ Ռուբինյանների իշխանապետությունը, որ 1198 թվականից դարձավ թագավորություն և Արևելքում հզորագույն պետական կազմավորումներից մեկը հանդիսացավ:

Հայերը Կիլիկիայում հաստատվել են վաղնջական ժամանակներից: Մ.թ.ա. I դարում Կիլիկիան կարճ ժամանակով մտավ Տիգրան Բ Մեծի աշխարհակալության կազմի մեջ: Հետագայում հայոց պետականության կորստյան պատճառով Հայաստանից սկիզբ առած արտագաղթի հետևանքով հայերը հոծ զանգվածներով հաստատվեցին Կիլիկիայի տարածքում: Հատկապես 1021 թ., երբ Վասպուրականի Արծրունյաց թագավորությունը կործանվեց, հարյուրհազարավոր հայեր, Սենեքերիմ Արծրունի թագավորի գլխավորությամբ, գաղթեցին արևմուտք և հաստատվեցին Կիլիկիային սահմանամերձ Փոքր Հայքի տարածքում: Այնտեղից շատ հայեր տեղափոխվեցին Կիլիկիա՝ հիմնական բնակության:

1045 թ. Անիի Բագրատունիների թագավորության կործանումից հետո նույնպես շատ հայեր գաղթեցին և հաստատվեցին Կիլիկիայում: Հատկանշական է, որ հայրենիքից արտագաղթում էր ոչ միայն հասարակ բնակչությունը, այլև՝ իշխանական շատ տներ իրենց հպատակներով ու զինված ուժերով:

Տասը տարի անց Կարսի կամ Վանանդի թագավորության Գագիկ Աբասյան Բագրատունի արքան, իր տիրույթները հանձնելով Բյուզանդիային, տասնյակհազարավոր հպատակների հետ հաստատվեց Կիլիկիայի մատույցներում՝ Կապադովկիայում:

Հետագայում բուն Հայաստանից Կիլիկիայում հաստատվեցին Պահլավունյաց տոհմի շատ իշխաններ: Արցախից Կիլիկիա տեղափոխվեցին Հեթումյանների տոհմը և շատ այլ իշխանական տներ:

Դեռևս XI դարի կեսերին Կիլիկիայի հարակից տարածքում հզոր իշխանություն ստեղծեց Փիլարտոս Վարաժնունին: Նա բյուզանդական զորավար էր և 1071 թ. Մանազկերտի ճակատամարտում բյուզանդական բանակի կրած ծանր պարտությունից հետո ապստամբեց Ռոմանոս Դ Դիոգենես կայսրի դեմ ու ընդարձակ երկրամասեր գրավելով՝ իրեն անկախ իշխան հռչակեց: Փիլարտոս Վարաժնունու իշխանության մեջ էին Անտիոք, Մալաթիա, Եդեսիա, Սամոսատ քաղաքները:

Սակայն Փիլարտոսի իշխանությունը երկար չգոյատևեց: 1086 թ. սելջուկ թուրքերը սուլթան Մելիքշահի գլխավորությամբ ներխուժեցին Փիլարտոսի տիրույթներ և գրավեցին այն: Այսպիսով, Կիլիկիայում հայկական անկախ պետականության հաստատման այս փորձը ձախողվեց: Բայց դրա փոխարեն ավելի զորեղ գտնվեց Ռուբեն իշխանը, որ իր շուրջը համախմբելով հայոց զինուժը՝ ջախջախեց բյուզանդական զորքերը և Լեռնային Կիլիկիայում անկախ հայկական իշխանապետություն հաստատեց:

Ռուբեն Առաջինը արքայական նոր հարստության հիմք դրեց: Ճիշտ է, նրա իշխանությունը դեռևս իշխանապետություն էր, բայց հետագայում նրա սերունդներից Լևոն Բ Մեծագործը 1198 թ. արքայության պատվին հասավ:

Ռուբինյանների ծագման մասին հստակ և ճշգրիտ տեղեկություն, ցավոք, չկա: Բայց հայտնի է, որ Կիլիկիայի այս հայոց պետության հիմնադիրը Բագրատունյաց թագավորության վերջին գահակալ Գագիկ Բ Կրտսերի (1042-1045) թիկնազորի հրամանատարն էր: Եվ նա Բյուզանդիայի դեմ ապստամբեց հենց բյուզանդացիների ձեռքով հայոց վերջին արքայի նենգ ու դավադիր սպանությունից՝ 1079 թվականից անմիջապես հետո: Ամենայն հավանականությամբ Ռուբեն Առաջինը ծագում էր հենց Բագրատունիների տոհմից: Սակայն սա սոսկ վարկած է, պատմագիտությունը լուրջ հիմնավորում դեռևս չունի:

Որոշ ուսումնասիրողներ Ռուբեն Առաջինին Արծրունի են համարում՝ կարծելով, որ նա դեռ 1021 թ. Վասպուրականի հայոց թագավորության տարածքից Բյուզանդիա գաղթած Արծրունյաց արքայական տան կրտսեր ճյուղի ներկայացուցիչներից մեկի զավակն է:

Ի դեպ, Ռուբենին Բագրատունի կամ Արծրունի ծագում վերագրվել է XIII դարի հայ պատմիչների կողմից: Նրան Բագրատունիների և Արծրունիների ազգական են համարում Կիրակոս Գանձակեցին, Հեթում պատմիչը, Սամուել Անեցին, Մխիթար Այրիվանեցին, Վահրամ Րաբունին, Սմբատ Սպարապետը:

Դավիթ Բաղիշեցին նրան միմիայն Արծրունի ծագում է վերագրում: Իսկ Նիկողայոս Ադոնցը ժխտում է Ռուբինյանների ազգակցական կապը թե՛ Բագրատունիների, թե՛ Արծրունիների հետ:

Չի բացառվում, որ Ռուբինյանների արքայական ծագումը մտացածին է, որպեսզի հայոց իշխանապետ Ռուբեն Առաջինին արքայական ծագում վերագրելով՝ արդարացնեին Լևոն Բ արքայի արքայական նկրտումները:

Հայտնի է, որ Կիլիկիայի այս հայոց իշխանապետության հիմնադիրը ծնվել է 1025 թվականին:

Նրա կյանքի վաղ շրջանի գործունեության մասին քիչ բան է հայտնի: Սոսկ այն, որ Գագիկ Բ Բագրատունի արքայի թիկնազորի հրամանատարն էր: Ի դեպ, հայոց գահազուրկ արքայի թիկնազորում էր ծառայում նաև Ռուբեն Առաջինի որդին և ժառանգը, հետագայում՝ Կիլիկիայի իշխանապետ Կոստանդին Առաջինը (1095-1100):

Հայոց արքայի սպանությունից հետո Ռուբենը գրավում է Ամանոսի լեռնաշղթայի անառիկ քերծերում գտնվող Կոռոմոզոլ, Կոպիտառ և Բարձրաբերդ ամրոցները, ապստամբում Բյուզանդիայի դեմ և իրեն անկախ հռչակում:

Ռուբենի անկախ իշխանապետությանն աջակցեց նաև Փիլարտոս Վարաժնունին՝ նրան զինական աջակցություն ցուցաբերելով:

Բնականաբար, իշխանության նախնական շրջանում Ռուբեն Առաջինը ճանաչում էր Փիլարտոս Վարաժնունու գերագահությունն ու գերազանցությունը, և ըստ էության՝ Ռուբինյանները գտնվում էին Փիլարտոսի ավելի ընդարձակ ու զորեղ իշխանապետության ազդեցության տակ: Դրա մասին վկայում է նաև պատմիչ Միքայել Ասորին՝ նշելով, որ Ռուբենը գտնվում էր Փիլարտոսի հովանավորչության և ազդեցության ներքո:

Այնուամենայնիվ, Փիլարտոս Վարաժնունու և Ռուբեն Ա Ռուբինյանի հարաբերությունները ոչ թե տիրոջ և վասալի, այլ դաշնակցային հարաբերություններ էին: Եվ նոր կազմավորված Ռուբինյան իշխանությունը, բնականաբար, զորեղ Փիլարտոսի աջակցության կարիքն ուներ:

Անկախություն ձեռք բերելով և ամրապնդելով իր իշխանությունը՝ Ռուբեն Ա-ն աստիճանաբար ընդլայնեց այն: Նա իր գահակալման 15 տարիների ընթացքում առիթ ունեցավ բազմիցս չափվելու թե՛ Բյուզանդական կայսրության, թե՛ սելջուկյան իշխանությունների հետ: Եվ շնորհիվ աննկուն կամքի, հմուտ ռազմավարության և քաջության՝ Ռուբենը դիմակայեց ու հաղթեց:

Կան անհատներ, որոնք իրենց կյանքով պատմություն են կերտել: Ռուբեն Ա Ռուբինյանն իր պայքարով, գործով ոչ միայն պատմություն կերտեց, այլև նոր էջ ու ժամանակագրություն բացեց ոչ միայն հայոց, այլև համաշխարհային պատմության մեջ: Նա արեց անհավանականը. օտար երկրում, օտար հողի վրա հավաքելով հայության բեկորները, համախմբելով՝ նոր հայրենիք կերտեց, նոր պետություն ստեղծեց, որ շուրջ 3 հարյուր տարի հսկայական դերակատարություն ունեցավ ոչ միայն Արևելքում, այլև համաշխարհային պատմության մեջ:

1095 թ. 70 տարեկան հասակում Անարբազայում մահացավ Ռուբեն Ա Ռուբինյանը՝ իշխանական գահը փոխանցելով իր շնորհալի և քաջ որդուն՝ Կոստանդին Առաջինին: Երախտավորի աճյունն ամփոփված է Կաստալոնի վանքում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: