Հայերեն   English   Русский  

​Էմմա Պողոսովա. «Եթե կա պարտություն՝ կա նաև հաղթանակ»


  
դիտումներ: 1500

Սուսերամարտն ամենահին և ամենագեղեցիկ մարզաձևերից է՝ տարածված ամբողջ աշխարհում: Վերջին շրջանում Հայաստանում էլ սուսերամարտը սկսել է մասսայականություն վայելել, մարզաձևով զբաղվողների թիվը զգալիորեն ավելացել է, մեր մարզիկները հաջողություններ են ունենում միջազգային հարթակներում:

Ասվածի վառ ապացույցը խոցասուսերակիր Էմմա Պողոսովայի աննախադեպ հաջողությունն է: Մեր մարզուհին Բուլղարիայում կայացած սուսերամարտի աշխարհի պատանիների և երիտասարդական առաջնությունում 154 մասնակիցների պայքարում մտավ ութ լավագույնների մեջ: Դա անկախ Հայաստանի սուսերամարտի պատմության մեջ լավագույն ձեռքբերումն է:

«Անկախի» հետ զրույցում Էմման պատմում է աշխարհի առաջնությունից ստացած տպավորությունների, Հայաստանում մարզաձևի զարգացման հեռանկարների և առաջիկա ծրագրերի մասին:

- Աշխարհի առաջնության խմբային փուլը հաջողությամբ հաղթահարելով` իրավունք ստացաք պայքարը շարունակելու օլիմպիական մրցակարգով ընթացող փուլերում, որտեղ պարտվողը դուրս է մնում հետագա պայքարից:

- Առաջին անգամ չէր, որ մասնակցում էի երիտասարդների աշխարհի առաջնությանը: Որոշակի պատկերացում ունեի, թե ինչ կարգի մարզիկների հետ պետք է մենամարտեմ: Առաջնությունից առաջ Բուլղարիայում մասնակցեցի ուսումնամարզական հավաքի, ինչն իր դրական ազդեցությունն ունեցավ: Տրամադրվել էի, որ իմ վերջին երիտասարդական առաջնությունն է, հաջող հանդես գալու և բարձր հորիզոնական զբաղեցնելու ցանկությունս մեծ էր:

Խմբային փուլը հաղթահարեցի և սկսեցի պայքարը 1/64 եզրափակիչ մտնելու համար: Այս փուլի մենամարտն այնքան էլ դժվար չէր, 15:5 հաշվով հաղթեցի ավստրալացի մարզուհուն: Հաջորդ մենամարտն ամերիկուհու հետ էր: Նա Միացյալ Նահանգների թիվ 2 մարզուհին էր: Պայքարը շատ լարված ստացվեց: Ընթացքում ամերիկուհին ինձնից առաջ էր միավորներով: Վերջում հավասարվեցինք՝ 14:14, և ես կարողացա վաստակել որոշիչ միավորը:

Ինձ հաջողվեց մտնել 32-ի մեջ: Շատ ուրախ էինք, չնայած անցել էինք մրցումների 50 տոկոսը միայն: Այնուհետև հաջորդաբար հաղթեցի Եգիպտոսի, Շվեյցարիայի ներկայացուցիչներին, որոնք իրենց երկրների առաջին մարզուհիներն են: Մրցաշարի ավարտին թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես, կարելի է ասել, սպառվել էի: Առաջին տեղի համար 2-3 մենամարտ էր մնացել, և ես պարտվեցի ամերիկացի մարզուհուն: Ինձ հաջողվեց տեղ զբաղեցնել ուժեղագույն ութնյակում՝ գրավելով 5-րդ հորիզոնականը: Սա աննախադեպ հաջղություն էր: Վերջին 30 տարվա մեջ մեր մարզիկներից ոչ-ոքի չէր հաջողվել տեղ զբաղեցնել անգամ 16-ի մեջ:

- Աշխարհի առաջնությունից հետո Մինսկում մասնակցեցիք Եվրոպայի մինչև 23 տարեկանների երիտասարդների առաջնությանը, որտեղ նման արդյունք չգրանցվեց: Պատճառը ո՞րն էր:

- Եվրոպայի առաջնության ժամանակ մարզիկների տարիքային խումբը փոխվեց: Այստեղ մրցակիցներիցս տարիքով փոքր էի: Խմբային փուլը հաղթահարեցի և օլիմպիական մրցակարգով փուլում պարտվեցի ֆրանսիացի մարզուհուն, որին հաղթել էի առաջին փուլում: Ֆրանսուհին տակտիկան փոխեց, ես չկարողացա հարմարվել և պարտվեցի լավագույն 32-ի համար պայքարում:

- Տեխնիկապես և տակտիկապես բավական բարդ մարզաձև է սուսերամարտը: Ի՞նչ տակտիկա եք նախընտրում կիրառել մենամարտելիս:

- Մենամարտի ընթացքում պետք է կարողանալ պահպանել զգոնություն և սառը դատողություն: Հարկավոր է արագ կողմնորոշվել, ոչ թե հարմարվել հակառակորդի տեխնիկային ու տակտիկային, այլ աշխատել 1-ին համարով և այնպես անել, որ նա հարմարվի: Եթե մարզիկը սիրում է հարձակվել, հնարավոր է՝ ես նահանջեմ և ավելի հեշտ լինի պաշտպանվելով խոցում կատարել: Յուրաքանչյուր մարզիկի հետ հարկավոր է յուրովի աշխատել, մանավանդ բարձրակարգ մարզիկների հետ միևնույն տեխնիկայով ու տակտիկայով անհնար է մենամարտել ու հաղթել:

- Միջազգային հարթակներում լուրջ հաջողություններ ունենալու, մրցանակային տեղեր զբաղեցնելու համար ի՞նչ է հարկավոր հայ սուսերամարտիկներին:

- Վստահաբար կարող եմ ասել, որ այսօր հետաքրքրությունը մեծացել է մարզաձևի նկատմամբ: Եթե տարիներ առաջ Հայաստանի առաջնությանը մասնակցում էր 10-15 մարզուհի (տղաների մեջ մրցակցությունը միշտ ավելի շատ է եղել), ապա այսօր մասնակիցների թիվը կրկնապատկվել է և հասնում է 30-35-ի: Ֆինանսների սղությունը թույլ չի տալիս, որ մարզաձևն ավելի զարգանա: Գույքի, մարզահագուստի հետ կապված խնդիրներ կան: Տարվա կտրվածքով հարկավոր է շատ մրցումների մասնակցել, փորձ ձեռք բերել: Մենք շատ քիչ մրցումների ենք կարողանում մասնակցել: Աշխարհի առաջնությունում լավագույն ութնյակում հայտնվելս ոգևորեց ավելի երիտասարդ մարզիկներին: Նրանք ցանկանում են նման արդյունք գրանցել: Ուրախ եմ, որ իմ հաջողությամբ կարողացա ոգևորել նրանց: Տարիների ընթացքում առաջընթացն ակնհայտ է: Ֆինանսների առկայության դեպքում ձեռքբերումներն ավելի շատ կլինեն: Ինձ մեծապես աջակցում և հովանավորում է Միհրան Պողոսյանը, անչափ շնորհակալ եմ: Նրա շնորհիվ մենք կարողանում ենք կարգավորել և լուծել բոլոր խնդիրները:

- Մարզաձևի ընտրությունն ինչո՞վ էր պայմանավորված: Ինչպե՞ս սկսեցիք զբաղվել սուսերամարտով:

- Երբ սկսեցի զբաղվել սուսերամարտով, գաղափար չունեի, թե ինչ է իրենից ներկայացնում այս մարզաձևը: 10 տարեկանում սպորտով զբաղվելու ցանկությունս մեծ էր: Մեր դպրոց եկան ապագա մարզիչներս և տեղեկացրին, որ խմբակ է բացվում: Ես մարզվելու ցանկություն հայտնեցի: Մոտ 2-3 տարի մարզիչներն աշխատում էին ֆիզիկական պատրաստվածության վրա: Հետագայում, երբ առաջին անգամ տեսա զենքը, ծանոթացա սուսերամարտի պատմությանը, ավելի շատ սիրեցի մարզաձևը: Սկսեցի մասնակցել մրցաշարերի: Որոշ ժամանակ չէր հաջողվում մրցանակային տեղեր զբաղեցնել: Ընկերներիցս շատերը հիասթափվեցին անհաջողություններից ու չհաճախեցին այլևս խմբակ: Իմ դեպքում հակառակը տեղի ունեցավ: Վճռական որոշեցի հասնել նպատակիս: Առաջին մեդալս նվաճեցի Հայաստանի պատանիների առաջնության ժամանակ: Եվ այդտեղից սկսվեց իմ հետագա առաջխաղացումը: 2013-ին դարձա Հայաստանի սպորտի վարպետ: Երիտասարդների աշխարհի առաջնությունում գրանցած արդյունքիս հիման վրա այս տարվա աշնանը կստանամ միջազգային կարգի սպորտի վարպետի կոչում:

- Սպորտում հաջողության հասնելու համար ի՞նչ է հարկավոր:

- Հաջողության հասնելու համար հարկավոր է կամք և առաջ շարժվելու ցանկություն: Չպետք է ընկճվել դժվարություններից, պետք է գիտակցել ու հասկանալ, որ եթե կա պարտություն՝ կա նաև հաղթանակ: Յուրաքանչյուր պարտությունից պետք է դասեր քաղել, սխալները շտկել տեխնիկական, տակտիկական և հոգեբանական առումներով: Եթե հուսալքվես՝ դեպի լավը ոչինչ չի փոխվի: Հարկավոր է աշխատասիրություն, մարզչի հսկողություն և հաղթելու ցանկություն: Շուրջ 10 տարի արդեն աշխատում եմ մարզչիս՝ Արտաշես Մադոյանի հետ: Նրա մասնագիտական խորհուրդներով և աջակցությամբ հասել եմ այս մակարդակին:

- Ինչպե՞ս եք ազատվում լարվածությունից և զսպում հույզերը մենամարտի ժամանակ:

- Յուրաքանչյուր մրցաշարից ու մենամարտից առաջ տարբեր կերպ ես նախապատրաստվում: Լարվածությունը Հայաստանի առաջնության և աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների ժամանակ շատ տարբեր է: Լարվածության չափավոր առկայությունն ընդունելի է: Ինչպես բռնցքամարտիկներն են մտնում ռինգ և հետագայում նշում, որ առաջին հարվածից հետո լարվածությունն անցնում է, այնպես էլ սուսերամարտում առաջին խոցումից հետո մոռանում ես, որ մասնակցում ես մրցման, ամբողջովին տարվում ես մենամարտով:

Ես բուհում ընտրել եմ սպորտային հոգեբանի մասնագիտությունը: Մեր թիմում հոգեբան չի եղել, գիտելիքներս ու փորձս գալիք սերնդին փոխանցելու ցանկությունս մեծ է: Մարզիչը չի կարող միաժամանակ և՛ մարզիչ, և՛ բժիշկ, և՛ հոգեբան լինել:

- Մարզիկի առօրյան այնքան էլ հեշտ չէ. ամենօրյա մարզումներ, ծանրաբեռնված գրաֆիկ: Լինու՞մ են պահեր, երբ մտածում էիք, որ չպետք է ընտրեիք այս ճանապարհը:

- Իհարկե, լինում են դժվարություններ: Ես ուսանող եմ, բացի կիրակի օրերից, ամեն օր առնվազն 3 ժամ մարզվում եմ: Եթե մարզիկը ցանկանում է հաջողության հասնել, հաղթանակներ տոնել, ապա պետք է շատ զբաղմունքներից, հետաքրքրություններից հրաժարվի, մարզումների հաշվին ոչ մի տեղ չգնա և ոչինչ չպլանավորի: Եթե արդյունքի հասնելու, մեդալ նվաճելու նպատակ կա, ապա հարկավոր է կշռել ցանկությունները և ընտրություն կատարել: Յուրաքանչյուր բաց թողնված պարապմունք մեկ քայլ հետ է տանում նպատակից: Լինում են դժվար պահեր, բայց պետք է այդ ամենը հաղթահարել ու առաջ շարժվել:

- Առաջիկայում ի՞նչ մրցաշարերի եք պատրաստվում մասնակցել:

- Մայիսի 12-ին մեկնարկելու է Հայաստանի գավաթի խաղարկությունը: Մի ամիս հետո՝ հունիսի 15-ին, Վրաստանում կանցկացվի մեծահասակների Եվրոպայի առաջնությունը: Հուլիսին Գերմանիայում կմասնակցեմ ուսումնամարզական հավաքի, որտեղ և կկայանա մեծահասակների աշխարհի առաջնությունը: Երիտասարդների աշխարհի առաջնությունում ունեցած ձեռբերումը լրացուցիչ խթան է առաջ շարժվելու և նոր հաղթանակներ կերտելու ճանապարհին:

Անժելա ԲԵԳԼԱՐՅԱՆ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: