Հայերեն   English   Русский  

Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ տեղի ունեցած բռնությունները ոչ միայն բարոյական,


այլև իրավական տեսանկյունից բացարձակ ապօրինություն են


  
դիտումներ: 807

ԱԺ պատգամավոր, Երևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանի և նրա դստեր՝ Լիլիթ Դրամփյանի նկատմամբ մայիսի 14-ին

կիրառված բռնություններին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ իր գնահատականը տվեց “Հելսինկյան ասոցիացիա” իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Նինա Կարապետյանցը։ Նրա գնահատմամբ` ինչ ապահով Հայաստանի մասին կարող է խոսք լինել այն դեպքում, երբ անձեռնմխելի անձի անվտանգությունն ապահովված չէ։

2017 թվականի մայիսի 14-ին Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ տեղի ունեցած բռնությունները ոչ միայն բարոյական, այլև իրավական տեսանկյունից բացարձակ ապօրինություն են։ Ինձ թվում է, իշխող հանրապետական կուսակցությունն ապահով Հայաստան ասելով, նկատի ունի միայն իր կլանում գտնվող մարդկանց անվտանգությունը: Նման պայմաններում հասարակ քաղաքացիների անվտանգության մասին խոսք լինել չի կարող”,-ասաց Նինա Կարապետյանցը` հավելելով, որ ստեղծված իրավիճակը հանգեցնելու է արտագաղթի տեմպերի ավելացմանը։

Ըստ ՀԿ նախագահի` վերջին ընտրությունների ընթացքում ոստիկանությունը բռնություններ կիրառելու տեսանկյունից գերազանցել է ինքն իրեն:

Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան հասարակական կազմակերպության փաստաբան Արայիկ Պապիկյանի խոսքով` չկա որևէ իրավական ակտ, որը սահմանափակում է ընտրական շտաբ մարդու մուտք գործելը։

Ընտրական շտաբ նրա մուտք գործելու որևէ սահմանափակում գոյություն չունի, հետևաբար նրան այդ տարածքից դուրս հրավիրելու գործընթացն իրավաչափ չէ”,- ասաց փաստաբանը:

Նրա խոսքով` Գլխավոր դատախազության ներկայացուցչի, Կենտրոնական ընտրական հանձանաժողովի նախագահի, ՀՀԿ-ի շտաբներից մեկի ղեկավարի կողմից դեպքից անմիջապես հետո տարածված նման հայտարարություններն ուղղակի ազդեցություն ունեն քննության վրա:

Գլխավոր դատախազության կողմից ոստիկանության գործողություններն իրավաչափ որակելու պահից կանխորոշվել է գործի հետագա ընթացքը: Դա ուղղակի ցուցում և հրահանգ էր այն քննչական մարմնին, ով պետք է զբաղվեր գործի քննությամբ առ այն, որ ոստիկանության գործողություններն օրինաչափ են, հետևաբար տվյալ մարմինը քննության արդյունքում չի կարող և իրավունք չունի հակառակն ապացուցել”,- ասաց իրավապաշտպանը:

“Երկիր Ծիրանի” կուսակցության ավագանու թեկնածու, լրագրող Գոհար Արշակյանն էլ տեղեկացրեց, որ Զարուհի Փոստանջյանի դուստրը երեկ երեկոյան ունեցել է ուժեղ գլխացավ, սրտխառնոց, իսկ Զարուհի Փոստանջյանի թևերն ամբողջությամբ կապտուկներով են պատված:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: