Հայերեն   English   Русский  

Գյուղի դպրոցները չեն օպտիմալացնի. կառավարությունը նոր սկզբունք է որդեգրել


  
դիտումներ: 2582

Դպրոցների օպտիմալացումը վերջին օրերի ամենաքննարկվող հարցերից էր Հայաստանում:

Կառավարության մայիսի 11-ի նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարեց ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանին 15-օրյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել քաղաքային դպրոցների օպտիմալացման վերաբերյալ առաջարկություններ, իսկ ավելի վաղ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը հայտարարել էր, որ նախատեսում են ՀՀ մարզային կրթական հաստատությունների օպտիմալացման խնդիրը նույնպես ընդգրկել կառավարության 2017 թվականի գերակա խնդիրների ցանկում։

Տարբեր փորձագետներ, հասարակական գործիչներ մտահոգություն հայտնեցին, որ այսօրվա իրավիճակում Հայաստանի մարզերում կամ գյուղերում դպրոց փակել նշանակում է ռազմավարական անուղղելի սխալ կատարել:

Օրեր անց, սակայն, հայտնի դարձավ, որ կառավարությունը վերանայում է ծրագիրը և ամրագրել է մի կարևոր սկզբունք՝ յուրաքանչյուր գյուղ պետք է դպրոց ունենա, իսկ օպտիմալացումը պետք է իրականացվի միայն մայրաքաղաքում` ընդգրկելով 8-10 դպրոց:

Աշոտ Արշակյան

ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանից փորձեցինք պարզել, թե ինչ վերանայումներ են տեղի ունեցել կառավարությունում: Արշակյանը նախ նշեց, որ այս բարեփոխման անունը չպետք է դնել օպտիմալացում, այլ դպրոցների տարածքների արդյունավետ օգտագործում: «Ծրագիրը կազմելիս առաջնորդվել ենք մի քանի սկզբունքներով,- ասաց նա,- առաջին փուլով նախատեսված էր, որ աշակերտների օպտիմալ թիվը պետք է համարվի 300-ը, դրանից ոչ պակաս, սակայն անցած շաբաթ վարչապետի հանձնարարականով այդ թիվը վերանայեցինք, դարձրինք 450: Սկզբունքներից է նաև այն, որ ծրագիրը կազմվում է միայն հանրապետության քաղաքային բնակավայրերի համար, իսկ գյուղերում դպրոցները պետք է պահպանվեն»:

ԿԳՆ պաշտոնյան նշեց, որ ծրագիրը կազմելիս պարզել են, որ դպրոցների ծանրաբեռնվածությունը հաշվարկված է եղել նախկին խորհրդային չափանիշներով: Նախարարությունը վերահաշվարկ է կատարել և սահմանել նոր չափորոշիչներ, օրինակ` 1 երեխային՝ 9 քմ տարածք: Սկզբունքներից է եղել նաև քաղաքաշինության պետական կոմիտեի կատարած հետազոտությունը դպրոցների շենքային պայմանների սեյսմիկ խոցելիության և շինարարական տիպերի վերաբերյալ: «Եվ ամենակարևորը` ծրագրում սահմանել ենք թերբեռնված դպրոց, միջին բեռնված դպրոց, նորմալ և գերբեռնված դպրոց հասկացությունները: Այսօր խնդիր կա և՛ թերբեռնված, և՛ գերբեռնված դպրոցների հարցում»:

Թերբեռնված է համարվում, եթե ծանրաբեռնվածությունը հասնում է մինչև 50 տոկոս, միջին բեռնված` 50-75 տոկոս, նորմալ` 75-105 տոկոս, իսկ դրանից բարձր` գերբեռնված:

Ի վերջո, քաղաքային քանի՞ դպրոց է ընդգրկվելու օպտիմալացման ծրագրում: ԿԳՆ պաշտոնյան խորհուրդ է տալիս սպասել ևս 10 օր, երբ ծրագիրն ամբողջական տեսքի կգա, թվերն էլ կհստակեցվեն:

Օպտիմալացման արդյունքում որքա՞ն գումար է խնայվում: «Փող, ըստ էության չի էլ խնայվում, նպատակը կրթության որակի բարձրացումն է»,- ասում է Արշակյանը:

ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, կրթության և գիտության նախկին նախարար, Հանրային խորհրդի անդամ

Էդուարդ Ղազարյան

Էդուարդ Ղազարյանը «Անկախի» հետ զրույցում ասում է. «Հին, ծեծված թեմա է: Ժամանակին մեզ հաջողվեց կասեցնել դա: Բայց եթե ծրագիրը վերաբերում է միայն Երևանին, ապա դա խնդիր չի, խնդիրը մարզերին է վերաբերում: Երևանում լուրջ հետևանքներ չի թողնի: Այստեղ տարածքներ կան, որտեղ կողք- կողքի 4-5 դպրոց է գործում, թող օպտիմալացնեն»:

Ինչ վերաբերում է այն հարցին, թե դա արվում է կրթության որակի բարձրացման համար, Ղազարյանն ասաց, որ դա կրթության որակի հետ կապ չունի: «Կրթության որակը կախված է լավ մասնագետներից, որակյալ դասագրքերից, նոր մեթոդներից, շատ այլ հարցերից»:

Վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականներից մեկն էլ վերաբերում է հանրակրթական ուսումնական հաստատությունների ֆինանսավորման նոր բանաձևի մշակմանը, որը կապահովի հանրային միջոցների թափանցիկ, արդյունավետ և արդարացի բաշխում: Ի դեպ, կրթության ոլորտի խնդիրներից մեկն էլ համարվում է դպրոցների ֆինանսավորումը աշակերտների թվով որոշելու կարգը: Միջին խտությամբ դասարանում աշակերտ-ուսուցիչ հարաբերակցությամբ հաշվարկած դրույքաչափը կազմում է միջինը 95 հազար դրամ, ինչը ներկա սոցիալական պայմաններում անմխիթար վարձատրություն է: Բացի այդ, որոշ դպրոցներ ուռճացնում են աշակերտների թիվը` բյուջետային ֆինանսավորումն ավելացնելու նպատակով:

Այն, որ դպրոցում խնդիրները բազմաթիվ են և բարեփոխումների լուրջ կարիք կա, հայտնի է վաղուց:

Սերոբ Խաչատրյան

Կրթության ոլորտի փորձագետ Սերոբ Խաչատրյանը ներկայացնում է չափազանց մտահոգիչ վիճակագրություն. անկախության տարիներին Հայաստանի դպրոցականների թիվը գրեթե կիսով չափ նվազել է։ Եթե 25 տարի առաջ մենք ունեինք ավելի քան 610 հազար աշակերտ, ապա այսօր Հայաստանի աշակերտների թիվը շուրջ 365 հազար է։ Հետաքրքիր է, որ պաշտոնական տվյալներում այդ թիվն ավելի պակաս է` 357 հազար: Ըստ պաշտոնական տվյալների` Հայաստանում 1385 դպրոց կա, որոնց շենք-շինությունների ընդհանուր մակերեսը կազմում է 4 մլն 674 հազար 850 քմ, ուսուցիչների թիվը՝ 36 հազար 807, իսկ աշակերտներինը՝ 357 հազար 52: Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ քաղաքային դպրոցները հիմնականում թերբեռնված են կամ գերբեռնված. թերբեռնված է 33,7, գերբեռնված՝ 35,8 տոկոսը: Նորմալ բեռնվածություն ունեցող դպրոցների թիվը կազմում է 16,3 տոկոս:

Փաստորեն, աշակերտների թիվը կիսով չափ նվազել է, սակայն դպրոցների թիվը պահպանվել է, և բնական է, որ շենք-շինությունների արդյունավետ օգտագործման խնդիրը վաղուց հասունացել էր:

Սերոբ Խաչատրյանը մի հետաքրքիր դիտարկում էլ է անում. փոխվել է նաև դպրոցների կառուցվածքը, ինչի վրա էապես ազդել է առանձնացված ավագ դպրոցների ստեղծումը։ «Նախատեսվում էր երկրում ստեղծել 150 ավագ դպրոց։ Ի վերջո, այսօր ունենք մոտ 110 ավագ դպրոց։ Ընդ որում, դրանց զգալի մասը Երևանում է։ Հաշվի առնելով, որ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողներին տրվեցին արտոնություններ բուհեր ընդունվելու համար, մեծ թվով աշակերտներ այսօր ավագ դպրոց գնալու փոխարեն գնում են քոլեջներ։ Սա էլ իր հերթին հանգեցրեց ավագ դպրոցներում աշակերտների թվի նվազման։ Առկա է նաև աշակերտների շարժ դեպի մասնավոր դպրոցներ։ Վերջին 10 տարում շուրջ 4 հազարով ավելացել է մասնավոր դպրոցների աշակերտների թիվը»։

Սերոբ Խաչատրյանը կարծում է, որ Հայաստանի դպրոցների օպտիմալացումը հասունացած հարց է, բայց շատ կարևոր է, թե ինչ նպատակով և ինչպես կարվի այն։ «Եթե օպտիմալացման նպատակը պարզապես, դպրոցներ փակելով կամ միավորելով, ֆինանսական միջոցների խնայումն ու աշխատավարձերի չնչին բարձրացումն է, ապա դա լավագույն տարբերակը չէ։ Օպտիմալացման նպատակը պետք է լինի կրթության որակի բարձրացումը։ Միջազգային փորձը ցույց է տալիս, որ եթե կրթության որակը չես բարձրացնում՝ էական չէ, թե աշակերտը քանի հոգանոց դպրոցում կսովորի։ Կարևոր է դպրոցական միջավայրի և ուսուցիչների որակը»։

Իսկ որպեսզի այդ նպատակն իրականացվի, ապա, ըստ փորձագետի, օպտիմալացումը պետք է արվի արդար ձևով. «Ոչ մի լավ ուսուցիչ չպետք է դուրս մնա իր դպրոցը փակվելու պատճառով։ Իսկ վատ ուսուցիչը չպետք է մնա դպրոցում միայն այն պատճառով, որ իր դպրոցը մեծ է և չի փակվելու։ Եթե օպտիմալացման արդյունքում ուսուցիչների որակը չպետք է բարձրանա, ապա չարժե ևս մեկ անգամ ցնցել համակարգը»։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: