Հայերեն   English   Русский  

Ինչո՞ւ երևանցիների մեծ մասը քաղաքապետ չընտրեց, իսկ Տարոն Մարգարյանը մնաց Երևանի քաղաքապետ


  
դիտումներ: 6267

Երևանի ավագանու ընտրություններն ավարտվեցին: Հանրապետական կուսակցությունն ու ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանը հաղթեցին 71, 25 տոկոսով:

Ընտրողների 21 տոկոսը քվեարկեց «Ելք» դաշինքի օգտին, որի քաղաքապետի թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է: 7,75 տոկոսն էլ քվեարկել է Զարուհի Փոստանջյանի՝ վերջերս հիմնադրած «Երկիր ծիրանի» կուսակցության օգտին: Եթե նախնական արդյունքները լուրջ փոփոխությունների չենթարկվեն, ապա մայրաքաղաքի 65- հոգանոց ավագանիում Հանրապետականը կունենա 46, «Ելքը»՝ 14, իսկ «Երկիր ծիրանին»՝ 5 մանդատ:

Ավագանու կազմում պետք է ներկայացված լինի առնվազն 3 ուժ. սա նշանակում է, որ ի սկզբանե մասնակից բոլոր ուժերի ներկայությունը հաջորդ ավագանիում ապահովված էր:

Աբսենտի՞զմ

Ինչքան էլ քաղաքական ուժերը հորդորում էին ակտիվ մասնակցություն ունենալ մայիսի 14-ի ընտրություններին՝ մասնակցած քաղաքացիների թիվը մեծ չէր: Քվեարկությանը մասնակցել է 345 226 ընտրող, որը կազմում է Երևանի ընտրողների 40,99 տոկոսը: Ստացվում է, որ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների գերակշիռ մասը՝ 59.01 տոկոսը չմասնակցեց ընտրություններին: Համեմատության համար նշենք, որ 2013 թվականին մասնակցության ցուցանիշը կազմել էր 53,5 տոկոս:

Սա կարելի է համարել աբսենտիզմի դրսևորում: Ընտրություններում քաղաքական ակտիվ մասնակցությանը հակադրվում է քաղաքական վարքագծի աբսենտիզմ ձևը, երբ անհատները կամովի հրաժարվում են ընտրություններին, հանրահավաքներին, բողոքի ցույցերին, կուսակցությունների գործողություններին մասնակցելուց, կորցնում են հետաքրքրությունը քաղաքականության նկատմամբ: Այսինքն՝ առաջ է գալիս քաղաքական անտարբերություն: Այսպիսի վարքագիծը բնորոշ է ցանկացած հասարակության: Դրա դրսևորումը քաղաքական համակարգի, նրա նորմերի և արժեքների լեգիտիմության ճգնաժամի վկայություն է:

Ինչպես խորհրդարանական ընտրություններում, ավագանու ընտրություններում էլ պարզ դարձավ, որ ներկայիս ընտրական համակարգով զգալիորեն նվազում են ընտրատեղամասերում նախկինում արձանագրվող ավանդական ընտրախախտումները՝ լցոնում, կրկնաքվեարկություն, մահացածների և արտերկրում գտնվողների փոխարեն քվեարկություն և այլն: Փոխարենը բազմաթիվ էին ահազանգերը՝ կապված նախապես բաժանված կաշառքի, ուղղորդված քվեարկությունների հետ: Դրանք կարելի է համարել ընտրական այլ մշակույթ, որի ազդեցությունն ավելի տևական է, իսկ ընթացքը՝ քիչ վերահսկվող:

Չնայած պասիվ մասնակցությանը՝ այդ ընտրություններն էլ առանց միջադեպի չանցան:

Զարուհի Փոստանջյան

Զարուհի Փոստանջյանը Տարոն Մարգարյանի շտաբում ընտրակաշառքի ցուցակների առկայության մասին ահազանգի հետքերով դստեր հետ փորձել էր մտնել ներս և բացել գրասեղաններից մեկի դարակները, իսկ շտաբի աշխատակիցները թույլ չէին տալիս դա անել: Դեպքի վայր եկած ոստիկանները, ուժի գործադրմամբ, հրելով, քարշ տալով, շտաբից դուրս բերեցին թեկնածուին և նրա դստերը:

Փոստանջյանի ինքնազգացողությունը վատացավ, երբ ոստիկանները փորձում էին նրան նստեցնել ոստիկանության մեքենան, իսկ նրա դստերը բերման ենթարկեցին, սակայն կարճ ժամանակ անց ազատ արձակեցին: Միջադեպից մի քանի ժամ անց «Երկիր ծիրանի» կուսակցության քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանի դուստրը՝ Լիլիթ Դրամփյանը, տեղափոխվել է Հանրապետական հիվանդանոց, նրա մոտ ախտորոշել են ուղեղի ցնցում: Գլխավոր դատախազությունում Փոստանջյանի նկատմամբ ոստիկանության գործողությունները իրավաչափ են որակել: Սակայն «Երկիր ծիրանի» կուսակցությունը ընտրությունների ողջ ընթացքն է համարում ոչ իրավաչափ: Նրանք Երևանի ավագանու ընտրություններն անվավեր ճանաչելու պահանջով դիմել են ԿԸՀ: Խոսակցություններ կան, որ այդ կուսակցությունը կամ դրա ցուցակը գլխավորող Զարուհի Փոսատանջյանը կհրաժարվի անգամ մանդատից:

Ինչ վերաբերում է «Ելք» դաշինքին, ապա քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն ինքնաբացարկ ներկայացրեց: Նա աշխատանքները կշարունակի Ազգային ժողովում՝ որպես խմբակցության ղեկավար: Չնայած սրանք էլ են համոզված, որ «ՀՀ ոստիկանությունը լծված է եղել ՀՀԿ-ի օգտին ձայներ ապահովելու գործին», մանդատները վայր դնելու մտադրություն չունեն:

«Ընտրակաշառքների բաժանման ու ստացման շղթայում ներգրավված են եղել տասնյակհազարավոր քաղաքացիներ, և այդ երևույթի նկատմամբ ձևավորված է հանրային հանդուրժողականության մթնոլորտ»,- նկատեց Էդմոն Մարուքյանը:

Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ եթե անգամ հետընտրական գործընթաց սկսեն, ընտրակաշառք վերցրած քաղաքացին չի գա Ազատության հրապարակ։ «Եթե քաղաքացուն 10 հազար դրամով տարել են ընտրական տեղամաս, 10 հազար դրամով էլ հետ կտանեն տուն։ Մենք ավելի շատ մտածում ենք մեզ քվեարկած Երևանում 70 հազար և Հայաստանում 120 հազար քաղաքացիների մտածողությունն ուժեղացնելու ուղղությամբ, իսկ մենք փուստ կրակոցների իրավունք քաղաքական պրոցեսում չունենք, ես ինքս չեմ պատրաստվում քաղաքացիներին հանել էքսկուրսիայի Երևան քաղաքի փոքր կենտրոնով»:

«ԵԼՔ» խմբակցության քարտուղար ընտրվեց Գևորգ Գորգիսյանը:

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու ընտրություններն անցկացվում են համամասնական ընտրակարգով, այսինքն՝ դրանց մասնակցել կարող են միայն կուսակցություններն ու դաշինքները: Մայրաքաղաքի ավագանին կազմված է 65 անդամից։ Ըստ ընտրական օրենսգրքի` ընտրական ցուցակի առաջին համարը կուսակցության քաղաքապետի թեկնածուն է: Եթե կուսակցությունը ստանում է մանդատների մեծամասնությունը, ապա ուղղակիորեն, առանց ավագանու որոշման, նրա թեկնածուն դառնում է քաղաքապետ։ Այլ դեպքերում ավագանին նիստ է գումարում և ընտրում քաղաքապետ։

Ամփոփեց Արմինե Ավետիսյանը





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: