Հայերեն   English   Русский  

Իրանի հաջորդ հոգևոր առաջնորդը կարող է լինել նախագահի թեկնածու Իբրահիմ Ռեիսին. իրանագետ


  
դիտումներ: 353

Մայիսի 19-ին Իրանում տեղի կունենան նախագահական ընտրություններ: Նախապես որպես թեկնածուներ գրանցվել էին 1600 անձինք, սակայն հետագայում հաստատվեց նրանցից 6-ի թեկնածությունը:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց իրանագետ Գոհար Իսկանդարյանը:

Նախորդ ընտրությունների ընթացքում, երբ հաղթեց Ռոհանին, պահպանողականները չկարողացան համախմբել և չափավոր բարեփոխականները հնարավորություն ստացան:

«Վերջին երկու օրերին նախագահի թեկնածուներից մեկը՝ Մուհամմեդ Բագիր Գալիբաֆը, որը Թեհրանի քաղաքապետն էր, ինքնաբացարկ հայտնեց՝ հօգուտ Ռեիսիի: Ռաիսին արդեն հայտարարել է, որ նախագահ դառնալու դեպքում Գալիբաֆն իր տեղը կգտնի իր կառավարման համակարգում »,- ասաց նա:

Ռեիսիի ընտրազանգվածում հիմնականում գյուղական շրջանի բնակիչներն ու սոցիալապես անապահով խավն է:

Ռոհանիին աջակցում են ուսանողները, կրթական ոլորտում ներգրավված անձինք, մտավորականները, տնտեսագետները: Գործող նախագահին հաջողվել է կատարել իր նախընտրական ծրագրերից մեկը, այն է՝ բանակցություններ սկսել միջուկային ծրագրի շուրջ Արևմուտքի հետ: Սակայն նա չի իրագործել իր խոստումներից մյուսը. պատժամիջոցների հանելուց հետո այն գումարները, որոնք սառեցված են եվրոպական բանկերում պետք է ապասառեցվեին , բերվեին Իրան՝ուղղվելով տնտեսության զարգացմանը: Սակայն դա տեղի չունեցավ:

«Ներկայումս Իրանում շրջանառվում են տեղեկություններ, որ հոգևոր առաջնորդը փորձում է իրեն իրավահաջորդ պատրաստել և այդ դերում տեսնում է Ռեիսիին: Սակայն նա լայն հասարակությանը անծանոթ է և անհրաժեշտություն կա նրան բերելու ասպարեզ ճանաչելի դարձնելու համար: Այսօրվա հոգևոր առաջնորդ ևս ժամանակին եղել է ԻԻՀ նախագահ: Այդպես անցումն ավելի հեշտ կլինի: Ռեիսին կդառնա նախագահ, նրա գործունեությանը կծանոթանա ժողովուրդը և հետո, երբ ժամանակը գա, Ռեիսին պատրաստ կլինի կատարել հաջորդ քայլը», - ասաց իրանագետը՝ ընդգծելով, որ միանշանակ դեռևս հնարավոր չէ ասել, թե ով կհաղթի:

Իրանի ընտրություններում հատկապես կարևոր է, թե մզկիթներում հոգևորականներն ինչ մեսիջներ են տալիս այս կամ այն թեկնածուի հետ կապված. «Իրանում կա ընտրության իրավունք ունեցող 50մլն քաղաքացի և կանխատեսումներ անել, թե այս պահի դրությամբ ինչ փոփոխություններ կլինեն դժվար է ասել»:

Ինչ վերաբերում է հայկական համայնքի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի բարձրացմանը, ապա Իրանը դժվար թե ցանկանա հարաբերությունները փչացնել Թուրքիայի հետ: Տիկին Իսկանդարյանը ընդգծեց՝ Ցեղասպանության տարիներ շատ հայեր փախան դեպի Իրան,: Թուրքական զորքերը անցան Իրանի սահմանը՝ փորձելով հենց այնտեղ ոչնչացնել հայերին, սակայն իրանական զորքը կանգնեց նրանց դեմ՝ դա թույլ չտալով: Իրանը, որն իրեն համարում է Իսլամի իրական հետևորդ, թույլ չտվեց Սուրբ գրքում հիշատակված ժողովրդի կոտորածը իր տարածքում.«Մեջլիսում գործում է 2 հայազգի պատգամավոր: ըստ օրենքի՝ Յուրաքանչյուր 100 հազար հային մեկ պատգամավոր է հասնում, իսկ այսօր ես ձեզ ամենայն պատասխանատվությամբ հայտնում եմ, որ Իրանում 200 հազար հայ չկա, բայց այդ թիվը պահպանվում է: Հայ համայնքի նկատմամբ կա դրական մոտեցում, բայց նրանք չեն գնում Հայոց ցեղասպանության ճանաչման ճանապարհով, որովհետև չեն ցանկանում իրենց հարաբերություները փչացնել հարևան Թուրքիայի հետ: Անհրաժեշտ պահին նրանք օգնության ձեռք մեկնել են, սակայն այժմ իրենց պետական շահերը ավելի վեր են դասում, ինչը բնական է»,- եզրափակեց իրանագետը





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: