Հայերեն   English   Русский  

​Ֆրանսիան նորընտիր նախագահից էլ պակաս հայտնի վարչապետ ունի


  
դիտումներ: 1594

Մինչ Ֆրանսիայի նախագահական ընտրությունները Էմանուել Մակրոնի հակառակորդները նրան չընտրելու հիմնավորումներից էին համարում այն, որ նրա նոր ձևավորված «Առաջ» շարժումը մարդկային մեծ ռեսուրսներ չունի և ընտրվելու դեպքում Մակրոնին սատարող Օլանդի վարչակազմը վերարտադրվելու հնարավորություն կունենա:

Ֆրանսիայի նորընտիր նախագահի առաջին նշանակումը, սակայն, այլ ազդակ տվեց:

Իր պաշտոնավարման առաջին օրը Մակրոնը վարչապետ նշանակեց աջակողմյան Հանրապետական կուսակցության ներկայացուցչին, ապա պաշտոնական այցով մեկնեց Գերմանիա, ուր հանդիպում ունեցավ կանցլեր Անգելա Մերկելի հետ:

Անդրադառնանք Ֆրանսիայի նորընտիր նախագահի քայլերին՝ առանձին-առանձին:

Ով է նորանշանակ վարչապետը

Ֆրանսիայի նոր վարչապետը Ֆրանսիայի Հավր քաղաքի արդեն նախկին քաղաքապետ Էդուար Ֆիլիպն է: 46-ամյա պաշտոնյան աջակողմյան Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ է: Նա փարիզյան քաղաքական հետազոտությունների Scineces Po և Ադմինիստրացիայի կառավարման ազգային դպրոցի շրջանավարտ է: Իր քաղաքական կարիերան սկսել է Սոցիալիստական կուսակցության շարքերում, ապա անցել է աջերի կողմը: 2002-ին գործիչը ղեկավարել է Ժակ Շիրակի նախընտրական քարոզարշավը, իսկ 2007-ի ընտրություններում պաշտպանել է Նիկոլա Սարկոզիի թեկնածությունը (թե՛ Շիրակը, թե՛ Սարկոզին կենտրոնամետ «Ժողովրդական շարժման միություն» կուսակցության ներկայացուցիչներ էին): Ավելի ուշ նա պաշտպանել է աջակողմյան գործիչ Ալեն Ժյուպենի թեկնածությունը՝ ղեկավարելով նրա քարոզարշավը 2016-ի աջակողմյանների փրայմերիզում: Երբ փրայմերիզում հաղթեց Ֆրանսուա Ֆիյոնը՝ դառնալով աջերի միասնական թեկնածուն, Ֆիլիպը միացավ նրա շտաբին, սակայն շուտով հեռացավ թեկնածուի հետ կապված կոռուպցիոն սկանդալից հետո:

Մակրոնի «Առաջ» շարժման ներկայացուցիչ Բենջամին Գրիվոն հայտարարել է, որ Մակրոնն ու Ֆիլիպը լավ ճանաչում են միմյանց և մեկը մյուսի մեջ գնահատում է ազնվությունը և ուղղամտությունը: Այս երկու գործիչները միմյանց ճանաչում են դեռ 2011-ից, և հանրային ելույթներում միմյանց մասին միշտ հարգալից են խոսել:

Էդուար Ֆիլիպի նշանակման վերաբերյալ մեկնաբանությունները բազմաթիվ են, որոնք ըստ էության հակասական չեն: Այսպես, որոշ շրջանակներ հումորով նշում են, որ Մակրոնը վարչապետ է նշանակել հանրությանն իրենից էլ պակաս հայտնի մարդու՝ նրա ֆոնին հայտնի հանրային դեմք երևալով:

Որոշ փորձագիտական շրջանակներ, այդ թվում և Մակրոնի շրջապատի ներկայացուցիչներ, համարում են, որ այդ նշանակումը մանրակրկիտ հաշվարկված էր և ուղղված է հունիսին սպասվող խորհրդարանական ընտրություններում աջերի դիրքերը թուլացնելուն: Փորձագետների կարծիքով՝ Մակրոնն այսպիսով ցանկանում է խորհրդարանում ապահովել կենտրոնամետ ուժերի մեծամասնություն:

Մեկ այլ տեսակետի համաձայն՝ Ֆիլիպը համապատասխանում է Մակրոնի ներքաղաքական օրակարգի երեք հիմնական պահանջներին. խորհրդանշում է Ֆրանսիայի կառավարության քաղաքական վերափոխման միտումը, ներկայացնում է չափավոր աջակողմյան ուժ և քաղաքական մեծ փորձ ունի: Նա 2010-ից ֆրանսիական խոշոր արդյունաբերական կենտրոն Հավրի քաղաքապետն է:

Նշենք, որ Ֆիլիպի նշանակումը վարչապետի պաշտոնում որևէ կերպ չի ազդի Ֆրանսիայի արտաքին կամ պաշտպանական քաղաքականության վրա. այդ ոլորտները բացառապես նախագահի իրավասության գոտում են:

Տեսակետներից մեկի համաձայն էլ Ֆիլիպի նշանակմամբ Մակրոնը շնորհակալություն է հայտնում իրեն աջակցած աջակողմյան ընտրազանգվածին:

Ամեն դեպքում Մակրոնին և Ֆիլիպին առաջիկայում դժվար ճանապարհ է սպասում: Մակրոնը, ըստ իր ծրագրի, լուրջ տնտեսական փոփոխություններ է նախատեսում: Չնայած Ֆրանսիան համարվում է ԵՄ-ում երկրորդ տնտեսությունն ունեցող երկիրը՝ զիջելով միայն Գերմանիային, այս երկրի տնտեսական աճը վերջին հինգ տարիներին ցածր է՝ կազմելով ընդամենը 0.2-1.3 տոկոս:

Մասնագետները կարծում են, որ առաջիկայում Ֆրանսիան կոշտ տնտեսական կուրս կորդեգրի: Մակրոնի հայացքները շատ հեռու են սոցիալիստականից, որով առաջնորդվում էր նախորդ վարչակարգը:

Ինչո՞ւ Գերմանիա աշխատանքային առաջին օրով

Նախագահի պաշտոնում իր առաջին աշխատանքային օրը Էմանուել Մակրոնը այցելեց Գերմանիա, ուր հանդիպում ունեցավ կանցլեր Անգելա Մերկելի հետ: Պրոեվրոպական մոտեցում ունեցող Մակրոնի այցելությունը կոչված էր ի ցույց դնելու ԵՄ առաջատար երկու երկրների միասնականությունը և գոնե ժամանակավոր հաղթանակը հակաեվրոպական տրամադրությունների նկատմամբ:

Նշենք, որ չնայած Մակրոնը Եվրոպական միության կողմնակից է, առաջարկել է ռեֆորմ իրականացնել ԵՄ-ում: Նա առաջարկում է ապահովել եվրոյի գոտու երկրների առավել սերտ ինտեգրում, ունենալ միասնական բյուջե, ֆինանսների նախարարի պաշտոն, ինչպես նաև եվրոյի գոտու երկրների առանձին խորհրդարան:

Մերկելը, սակայն, զգուշորեն է անդրադառնում այդ առաջարկներին՝ հայտարարելով, որ դեռևս Գերմանիայի քաղաքականության փոփոխության կարիք չի տեսնում: Պատճառն այն է, որ օրինակ՝ միասնական բյուջեի ձևավորման դեպքում Գերմանիայի աջակցությունը Հունաստանի պես երկրներին էլ ավելի կմեծանա:

Այնուամենայնիվ, երկու երկրների քննարկումից հետո Մերկելը հայտարարեց, որ Գերմանիայի իշխանությունները պատրաստ են անհրաժեշտության դեպքում վերանայել ԵՄ պայմանագրերը: «Ես դեմ չեմ զբաղվել դրանով, սակայն նախ պետք է հասկանանք, թե ինչ ենք ուզում փոխել»,- հայտարարել է նա:

Մերկելը նաև նշել է, որ երկու կողմերը վստահ են՝ պետք է զբաղվեն ոչ միայն ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու գործընթացով, այլև ապահովեն ԵՄ-ի և հատկապես եվրոյի գոտու սերտ համագործակցությունը և դիմադրողականությունը ճգնաժամերի նկատմամբ:

Բարեփոխումների քննարկման ու ճանապարհային քարտեզի մշակման համար երկու երկրների առանցքային նախարարները առաջիկայում կհանդիպեն Ֆրանսիայում սպասվող խորհրդարանական ընտրություններից հետո:

Գերմանիայում համապետական ընտրությունների «փորձը» բարեհաջող անցավ

Մակրոն-Մերկել

Առաջիկայում խորհրդարանական ընտրություններ են սպասվում ոչ միայն Ֆրանսիայում, այլև Գերմանիայում: Սեպտեմբերին այստեղ կայանալու են Բունդեսթագի ընտրություններ: Եվ եթե ամիսներ առաջ փորձագիտական շրջանակները կասկածներ էին հայտնում Մերկելի կուսակցության հաղթանակի հնարավորությունների մասին, ապա օրերս Հյուսիսային Ռեյն-Վեսթֆալիա դաշնային տարածքում տեղի ունեցած տեղական խորհրդարանի ընտրություններից հետո մտայնությունը փոխվել է:

Սա Գերմանիայի ամենամեծ թվով բնակչությամբ դաշնային տարածքն է, և այստեղ խորհրդարանական ընտրություններից 4 ամիս առաջ տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունները ուժերը դիտարկում են որպես համապետական ընտրությունների փորձ:

Նշենք, որ ընտրությունների արդյունքում Մերկելի գլխավորած Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունը ստացել է քվեների 33 տոկոսը, իսկ նրանց հիմնական մրցակից Սոցիալ-դոմակրատները առաջատարին զիջել են 2.5 տոկոսով: Ազգայնական «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը ստացել է քվեների 7.3 տոկոսը:

Ստեղծված իրավիճակում շատերին հետաքրքրում է, թե որն է Մերկելի շարունակական հաղթանակների պատճառը: Նրա կուսակցությունը շարունակում է ստանալ մեծամասնության քվեն՝ չնայած այն հանգամանքին, որ ներկա կանցլերի վարած քաղաքականության հետևանքով է ստեղծվել միգրացիոն ճգնաժամը:

Քաղաքագետների կարծիքով՝ Մերկելի հաղթանակի գրավականն այն է, որ նրա մրցակիցներն առանձնապես տարբերվող գաղափարներ չեն առաջ քաշում, իսկ եթե նոր ուժ պետք է գա և շարունակի այն, ինչ Մերկելն է անում, ապա քաղաքացիները նախընտրում են գործը վստահել Մերկելին և նրա թիմին: Բացի այդ, Մերկելը կարողանում է հաջողությամբ խաղալ նաև իր հիմնական մրցակիցների դաշտում: Օրինակ՝ նախորդ տարվա վերջին նա մեղմացրեց իր հռետորաբանությունը միգրացիայի վերաբերյալ՝ հայտարարելով, որ Գերմանիան չի կարող ընդունել բոլոր միգրանտներին:

Մերկելի օգտին է նաև երկրի տնտեսական վիճակը: Ներկայումս Գերմանիայում գործազրկությունը ռեկորդային ցածր մակարդակում է, իսկ գերմանացիները կտրուկ փոփոխություններ չեն սիրում, ստեղծված իրավիճակում դրա կարիքն էլ չեն տեսնում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: