Հայերեն   English   Русский  

​Չի կարելի գիտությունը վերածել բիզնես պրոյեկտի. Լևոն Աբրահամյան


  
դիտումներ: 3906

«Չի կարելի գիտությունը վերածել բիզնես պրոյեկտի: Հենց փորձեն գիտությունը դիտարկել որպես բիզնես պրոյեկտ, դա կլինի գիտության վերջը: Նման մոտեցումն ինձ համար հակագիտական է»,- ասում է պատմական գիտությունների թեկնածու, ԳԱԱ թղթակից անդամ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Արդիականության ազգաբանության բաժնի վարիչ Լևոն Աբրահամյանը` պատասխանելով այն հարցին, թե Հայաստանում գիտության ոլորտում առկա խնդիրները լուծելու համար ինչից պետք է սկսել:

Երկրորդ կարևոր խնդիրը, ըստ Աբրահամյանի, գիտությունն ու բուհը փոխկապակցելն է: «Գիտությունը երկնքից չի ընկնում, այն համալսարանից է սկսվում: Բուհի շրջանավարտը չպետք է գա գիտական հիմնարկ և այստեղ նրան ասեն` մոռացիր բուհում սովորածդ, պետք է նորից սովորես: Բուհի և համալսարանի տարանջատվածությունն ազդում է գիտության վրա,- ասում է նա` հավելելով, որ այդ քայլն արհեստականորեն չպետք է արվի:- Պետք է մեխանիզմներ մշակենք, որ այդ երկուսը սերտաճեն, որպեսզի առանց տրավմաների կարողանանք միացնել իրար»:

Անդրադառնալով մեր երկրում հայագիտության վիճակին` Աբրահամյանը նշում է, որ այս ոլորտում ուշադրությունը սևեռված է միջնադարի վրա, այդ պատճառով բաց է մնում ներկան: «Երբ հայագիտությունը զարգացնելու մասին է խոսվում, որպես կանոն նկատի ունեն այսպես կոչված միջնադարագիտությունը: Այսինքն՝ մեր հայացքը միշտ ուղղված է դեպի անցյալը, մինչդեռ հայագիտությունն այն ամենն է, ինչ վերաբերում է հայերին»,- ասում է նա:

Աբրահամյանի խոսքով` անցյալին սևեռվածությունը մեկ այլ բացասական կողմ էլ ունի` պսևդոհայագիտությունը: «Հաճախ հայացքն այնքան վաղ անցյալ են նետում, որ Նոյին էլ են հայ համարում: Դա ֆանտաստիկ կամ պսևդոհայագիտությունն է»,- ասում է նա:

Այն մոտեցումը, թե յուրաքանչյուր երկիր ինքն է խթանում իր հումանիտար գիտությունների զարգացումը, Աբրահամյանը երկակի է համարում: Նշում է, որ հետխորհրդային մի շարք հանրապետություններում ու անգամ ինքնավար մարզերում պետական մակարդակով մեծ թափով զարկ է տրվում պսևդոգիտությանը. «Մենք չունենք պսևդոհայագիտության կարիքը, բայց աջուձախ դրա դրսևորումները կարող ենք տեսնել»:

Այն հարցին, թե արդյոք պետական մակարդակով բավարար քայլեր ձեռնարկվում են, որ հայագիտությունը միջազգայնորեն ճանաչելի ու մրցունակ լինի, Աբրահամյանը պատասխանում է, որ հայագիտությունը միայն թղթի վրա՝ օրենքով արտոնյալ կարգավիճակ ունի: «Արտոնյալությունը միայն մի առումով է դրսևորվում: Մեզ ասում են` Հայաստանում գիտությունը որ վերացնեն, հայագիտությանը ձեռք չեն տա: Բայց դա աջակցել չէ»,- ասում է նա:

Աբրահամյանը պետական մակարդակով հայագիտությանն աջակցություն ցույց տալու իր բանաձևն է առաջարկում: «Մենք փայլուն հայագետներ ունենք, որոնք միայն հայերեն են գրում, նրանց աշխատանքի մասին դրսում տեղյակ չեն: Նրանց աշխատություններն այդպես էլ միջազգային գիտական շրջանառության մեջ չեն մտնում, նրանց մասին, որպես կանոն, հպարտությամբ հիշում են ներքին մակարդակում, հաշվետվությունների ժամանակ»,- ասում է նա:

Որպես օրինակ մատնանշում է Մատենադարանի աշխատակից Արծրունի Սահակյանի` Մովսես Խորենացու աշխատության տեքստաբանական ուսումնասիրությունը: «Այն, կարելի է ասել, փոխում է ողջ խորենացիագիտությունը: Դա նաև ցույց է տալիս, որ շատ գաղտնիքներ կարելի է բացահայտել տեքստաբանական ուսումնասիրությամբ»,- ասում է Աբրահամյանը` վստահություն հայտնելով, որ աշխատությունն անգլերենով հրատարակելու դեպքում կփոխվեր պատմության նկատմամբ մոտեցումը:

«Եթե պետական հովանավորություն լիներ, կարելի էր ստեղծել պետական հանձնաժողով վստահելի գիտնականներից, ընտրել նման աշխատանքները, դրանք թարգմանել և մեկնաբանություններով միջազգային գիտական շրջանառության մեջ դնել` հրատարակելով բարձր վարկանիշ ունեցող որևէ պարբերականում»,- ասում է նա:

Որպես հայագիտությունը միջազգայնացնող դրական քայլ նա նշում է Միչիգանի համալսարանում պատմաբան Արա Սանջյանի նախաձեռնությունը. այսուհետ այդ համալսարանը անգլերենով կհրատարակի հայագիտական արժեքավոր աշխատությունները: Դա, սակայն, անհատական, ոչ թե պետական մակարդակով արված նախաձեռնություն է:

Աբրահամյանը վստահ է` հայագիտությունը կարող է լինել մրցունակ միջազգային մակարդակում: «Որոշ բաներ կարելի է հրատարակել, մինչդեռ շատ բաներ էլ պարզապես հետաքրքիր չեն միջազգային պարբերականներին, բայց դրանք կարևոր են ու անհրաժեշտ հայագիտության համար: Հենց այստեղ է, որ պետությունը պետք է կարողանա աջակցություն ցուցաբերել, ուշադրություն դարձնել այդ խնդիրներին»,- ասում է նա: Միաժամանակ Աբրահամյանը վստահ է` չկա թեմա, որը հնարավոր չէ միջազգային գիտական քննարկման առարկա դարձնել, պարզապես պետք է կարողանալ ճիշտ մատուցման ձև գտնել:

«Նրանք, ովքեր ասում են, թե իրենց ոլորտը կամ աշխատանքը միջազգային մակարդակով հետաքրքիր չէ, թերագնահատում են իրենց արածը կամ իրենց ուղղությունները: Ես չեմ պատկերացնում որևէ ուղղություն, որի վերաբերյալ հնարավոր չլինի խնդրահարույց հոդված գրել: Ճիշտ է, հատորով չես տպի, բայց կարող ես դրանից այնպիսի հետաքրքիր բան դուրս բերել, որ մտնի այսօրվա գիտական քննարկումների շարքը»,- ասում է Աբրահամյանը:

Հերքելու համար այն պնդումները, թե հայագիտությունը Հայաստանից դուրս որևէ մեկին չի հետաքրքրում, Աբրահամյանը բերում է իտալացի պատմաբան Կառլո Գինսբուրգի օրինակը: Միկրոպատմությամբ զբաղվող այս հեղինակը արխիվներում պահպանված մի ջրաղացպանի ինկվիզիցիոն գործի հիմա վրա մեծ հաջողություն ունեցած գիրք է գրել` դուրս բերելով միջնադարյան աշխարհընկալումը: «Նույն սկզբունքով որևէ իտալացի կարող էր ասել, թե դա Իտալիայից դուրս ոչ մեկին չի հետաքրքրի: Բայց պարզվում է` հետաքրքրում է, քանի որ նա այնպես է այդ ամենը ներկայացնում, որ հետաքրքիր և ուսուցողական է դառնում,- ասում է նա և հավելում:- Այնպես որ, եթե որևէ մեկին թվում է, թե իր ներկայացրածը մարդկանց չի հետաքրքրի, ապա նշանակում է, որ լավ չի ներկայացրել»:

Հումանիտար գիտությունների խթանման նախապայման է նաև, ըստ Աբրահամյանի, այդ ոլորտի հանդեպ տարբերակված, ճիշտ մոտեցում ցուցաբերելը: Ասում է, որ ի տարբերություն հումանիտարի, բնական և ճշգրիտ գիտություններն ազգային չեն լինում, ուստի նաև արդիական թեմաների նկատմամբ հետաքրքրությունն է մեծ, ամսագրերի ու հրապարակումների հղման ինդեքսն էլ՝ բարձր: Համեմատության համար նշում է, որ հումանիտար ոլորտի աշխարհի մակարդակով հայտնի պարբերականների հղման ինդեքսը մեկից փոքր է, մինչդեռ կենսաբանության ոլորտում կան հրատարակություններ, որոնց ցուցանիշը 8 է:

Նման պարագայում երկու ոլորտները նույն բանաձևով գնահատելը, ըստ նրա, սխալ մոտեցում է: «Արտասահմանում էլ բավական հայտնի կոլեգաներ ունեմ, որոնք համամիտ են ինձ: Այո, գնահատման ընդհանուր մոտեցում պետք է լինի, բայց դա չպետք է լինի ճշգրիտ գիտություններից վերցրած սանդղակ: Պետք է տարբերակված գնահատում իրականացվի, ինչը չի արվում»: Աբրահամյանը մատնանշում է, որ երկու ոլորտների արդյունավետության չափանիշներն էլ են տարբեր: Նշում է, որ հումանիտար ոլորտի միջին մակարդակի մասնագետը կարող է, օրինակ, որևէ հեղինակավոր գրքում մեկ կամ մի քանի գլուխ հեղինակել, միջազգային ժողովածուի համար վերջաբան գրել, ինչը չի կարող անել, օրինակ, նույն մակարդակի ֆիզիկոսը: Այստեղից էլ գալիս է շեշտադրումների ու արդյունավետության չափանիշների տարբերությունը:

«Հումանիտար գիտություններում PR-ային պահը կարևոր է: Մինչդեռ բնական ու ճշգրիտ գիտություններում այդպես չէ: Պետք է պարտադիր հաշվի առնեն հումանիտար գիտությունների առանձնահատկությունները»:

Աբրահամյանն ասում է, որ ստեղծված պայմաններում ի հայտ են եկել մասնագիտական առումով «կորած, մոլորված» բարձր վարկանիշ ունեցող հումանիտար ամսագրեր, որոնք առաջարկում են գումարի դիմաց հոդված տպել: Ասում է, որ դրանցում տպագրությունը կապահովի հեղինակի ընդգրկվածությունը խրախուսական ծրագրերի հաղթողների ցանկում, սակայն իրենց հարգող մասնագետները տպագրվելու համար ամսագրերի ընտրության առումով այլ առաջնահերթություններ ունեն:

Աբրահամյանը նաև իրատեսական է համարում, որ Հայաստանում հրատարակվի օտարալեզու բարձր վարկանիշ ունեցող ամսագիր: Ասում է, որ դրա համար պետք է տպագրվեն որակյալ թարգմանությամբ և միայն որակյալ բովանդակությամբ հոդվածներ, ինչպես նաև հնարավոր բոլոր միջոցներով պետք է տարածվի: Նման պարագայում հեղինակություն ձեռք բերելը ժամանակի հարց կլինի:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: