Հայերեն   English   Русский  

​Հաջողակ կնոջ բանաձևը՝ ըստ Նվարդ Մելքոնյանի


  
դիտումներ: 38549

«Գործիր այնպես, որ չզղջաս, որովհետև ինչ անում ես՝ քեզ համար ես անում: Ուրիշին մեծագույն լավություն անելով անգամ նախևառաջ քեզ համար ես դա անում»,-

այս կարգախոսով է առաջնորդվում սոցիոլոգ, PR մասնագետ, ԵՊՀ PR մագիստրոսական ծրագրի ղեկավար, ԵՊԼՀ Տեղեկատվության և հանրային հաղորդակցման գիտաուսումնական կենտրոնի տնօրեն, Spring PR ընկերության համահիմնադիր և խորհրդի նախագահ, ինչպես նաև երկու երեխայի մայրիկ Նվարդ Մելքոնյանը:

Նա վստահ է և իր երեխաներին ու ուսանողներին էլ պարբերաբար հիշեցնում է՝ միակ իրական հարստությունը, որ մարդ կուտակում է իր կյանքի ընթացքում, մարդկային փոխհարաբերություններն են:

«Երևանն իմ քաղաքն է, իմ ամենամեծ սերը»

Երբ «Անկախը» քաղաքական PR-ի և սոցիոլոգիայի ոլորտի հայաստանյան առաջատար մասնագետներից Նվարդ Մելքոնյանին առաջարկում է պատմել իր մասին, նա նախ նշում է, որ ծնվել է Երևանում ու իրեն իսկական երևանցի է զգում. «Երևանն իմ քաղաքն է, իմ ամենամեծ սերն է, ինձ առանց Երևան չեմ պատկերացնում ոչ մի վայրկյան: Ինչպես մարդիկ իրենց հարազատներին են կարոտում, ես այդպես կարոտում եմ Երևանը այստեղից հեռանալու արդեն երկրորդ օրվանից: Ամեն վայր համեմատում եմ Երևանի հետ և միշտ մեծ սիրով եմ վերադառնում: Երևանն իմ ես-ի շատ կարևոր մի մասն է»:

Խոսելով իր մասնագիտության մասին՝ տիկին Մելքոնյանը նշում է, որ սոցիոլոգիան իր համար ամենից առաջ մտածելակերպ և աշխարհայացք է: «Որքան էլ հետաքրքրվել ու զբաղվել եմ տարաբնույթ գործունեությամբ և մասնագիտական այլ ոլորտներով, մնացել եմ սոցիոլոգ այդ բոլոր զբաղմունքներում»,- ասում է նա՝ հավելելով, որ 1992-ին առաջին հայտով ԵՊՀ սոցիոլոգիայի բաժին դիմած միակ ուսանողն է եղել: Հարցին, թե ինչպես է սոցիոլոգիան ընտրել որպես մասնագիտություն և ինչ գիտեր սոցիոլոգիայի մասին այն տարիներին, տիկին Մելքոնյանը պատմում է, որ մանուկ հասակում ուզում էր կենդանաբան դառնալ: Գիտեր անգամ, որ աշխատելու է Բաթումիի դելֆինարիումում: 8-րդ դասարանում, սակայն, երբ սկսում է անատոմիա ուսումնասիրել, հասկանում է, որ իր հետաքրքրություններն ուրիշ են:

«Ես հասկացա, որ նույն դելֆինների առնչությամբ ինձ նրանց վարքն է հետաքրքրում: Սկսեցի խորանալ հոգեբանության մեջ, ուզում էի հոգեբանության բաժին ընդունվել: Բայց մի շատ հետաքրքիր ու ճակատագրական զրույց ունեցա հորս հետ: Խոսում էինք, թե ինչ է հոգեբանությունը, ինչ է սոցիոլոգիան: Հայրս ասաց՝ հոգեբանությունն ուսումնասիրում է անտառի առանձին ծառն իր բոլոր առանձնահատկություններով, իսկ սոցիոլոգիան ուսումնասիրում է ողջ անտառը: Ինձ այդ համեմատությունը շատ դուր եկավ: Հասկացա, որ ինձ ոչ թե առանձին մարդն է հետաքրքրում, այլ մարդկային հասարակությունը»,- պատմում է Մելքոնյանը:

Եվ Երևանի համալսարանում ուսումնական առաջին իսկ օրվանից նա ավելի ու ավելի էր համոզվում, թե ինչքան ճիշտ ընտրություն է կատարել:

Մութ ու ցուրտ, բայց գիտելիքաշատ ուսանողական տարիները

Մելքոնյանի ուսանողական տարիները համընկել են նորանկախ Հայաստանի դժվարին տարիների հետ՝ 1992-97 թվականներ: Հիշում է, որ չջեռուցվող լսարանում անհնար էր նստել աթոռին, որովհետև մարդ պարզապես սառցակալում էր, միմյանց գլխի հավաքվում ու, լոկ թեյ խմելով, լամպի լույսի տակ պարապում էին, կարդում:

«Երևի երբևէ այդքան գիրք կարդացած չկամ, ինչքան այդ հինգ տարիներին»,- ասում է նա՝ հավելելով, որ հենց այդ տարիներին է նաև ձեռք բերել ընկերներին, գործընկերներին, որոնց հետ մինչ օրս էլ քայլում է կյանքի ճանապարհով: Իր ամուսնու հետ ևս Մելքոնյանը ծանոթացել է համալսարանում:

«Մասնագիտությունը, որ ընտրել էի, հնարավորություն էր տալիս ստանալու այն հարցերի պատասխանները, որոնք կյանքն էր դնում մեր առջև,- ասում է նա և նշում, որ ծանր է ապրել փոփոխությունների ժամանակահատվածում:- Մենք սկսել էինք ճանաչել մեզ, մեր ազգայինը, մեր պատմությունը: Մարդիկ մեծացել էին այլ արժեհամակարգում՝ սիրելով սովետական մշակույթը, որովհետև այլընտրանք չկար: Իսկ հիմա աչքերը բացելու փուլ էր»:

Համալսարանն ավարտելուց հետո Մելքոնյանը ասպիրանտուրա է դիմում՝ որպես ուղղություն ընտրելով քաղաքական սոցիոլոգիան և քաղաքական իմիջմեյքինգը՝ դառնալով Հայաստանում այդ ոլորտում առաջիններից մեկը:

«Այն ժամանակ հասարակական կարծիքի մասին ավելի շատ խոսում էին, քան գիտեին՝ ինչ է դա: Այդ ժամանակ էր, որ ինքս ինձ հարցրեցի՝ եթե ես կարող եմ ուսումնասիրել հասարակական կարծիքը, ինչո՞ւ չեմ կարող հասկանալ, թե ինչպես ազդել դրա վրա, և ինչո՞ւ չեմ կարող ազդել դրա վրա: PR ոլորտի ընտրությունն էլ դրանով էր պայմանավորված»:

Հարցին, թե ինչն էր դրդում սովորել այն մութ ու ցուրտ տարիներին, Մելքոնյանը պատասխանում է. «Մի տեսակ վարակիչ հայրենասիրություն կար օդում, հասկանում էիր, որ սա է քո երկիրը, որ այն քո կարիքն ունի, և որպեսզի բավարարես այդ կարիքը, պետք է լինես մրցունակ, գիտակ, պատրաստված մասնագետ»:

Մելքոնյանն ասում է, որ երբեք միտք չի ունեցել լքելու Հայաստանը. «Հակառակը, երբ բավականին երիտասարդ տարիքում առաջին անգամ մասնակցեցի միջազգային հանդիպման, զգացի, որ մրցունակ եմ, որ այն, ինչ ստացել եմ այստեղ, այս պայմաններում, արժևորվում է իմ արտասահմանյան գործընկերների կողմից: Այնպիսի հպարտություն զգացի, որ այդ դժվարագույն պայմաններում մենք կարողացել ենք հետամուտ լինել կարևորին»:

Շարունակելով Հայաստանում մնալ-չմնալու թեման՝ Մելքոնյանն ասում է, որ իր երեխաներին և ուսանողներին էլ պարբերաբար հիշեցնում է՝ եթե քո հարևանը լավ է ապրում՝ չես գնում բնակվելու նրանց տանը, եթե ուրիշի մայրը ավելի գեղեցիկ է՝ չես գնում նրան մայրիկ ասում, նույնն էլ՝ հայրենիքի դեպքում:

Նվարդ Մելքոնյանի հաջողության գրավականը

Նվարդ Մելքոնյան

Խոսելով կյանքում իր հաջողության գրավականի մասին՝ տիկին Մելքոնյանը նշում է՝ հավատացած է, որ կյանքում ոչինչ պատահաբար չի լինում: «Միշտ մտածել եմ՝ եթե այստեղ եմ, կամ այս իրավիճակում, ուրեմն այդպես պետք է լիներ: Դրանից ելնելով՝ ամեն ինչին մեծ պատասխանատվությամբ եմ մոտենում, ճիշտ ուղիներ որոնում»,- ասում է նա:

Հաջողության հասնելու ճանապարհին Մելքոնյանին չեն վախեցրել նաև խոչընդոտները: «Անթիվ, անհամար խոչընդոտների եմ դեմ առել: Ես միշտ ասում եմ, որ պայքարող բնավորություն չունեմ, ու զգում եմ, որ շրջապատիս մարդիկ զարմանում են իմ ասածից: Հետո հասկանում եմ, որ դա այնքան ներքին ու արագընթաց է, որ մարդիկ չեն հասցնում դա նկատել: Ներքին ուժս ստիպում է ելքեր գտնել»:

Մելքոնյանի կարծիքով՝ հնարավոր չէ Հայաստանում խոչընդոտների դեմ չառնել, եթե կին ես և նպատակներ, ձգտումներ ունես:

«Ինչքան էլ ունենաս առաջադեմ հայացքներ, ինչքան էլ այս տարիների ընթացքում չզգաս խտրականություն, գալիս է մի պահ, որ կին լինելդ շատերի տեսանկյունից լուրջ խոչընդոտ է դառնում քեզ համար հնարավորություն ստեղծելու առումով: Ինչո՞ւ, որովհետև մեր հասարակությունում թևածում են գենդերային կարծրատիպերը: Որքան էլ վարժված լինես կարծրատիպեր կոտրելուն, գալիս է ժամանակ, որ ուղղակի անանցանելի պատի ես դեմ առնում: Ճիշտ է, պատը ճակատով կոտրելու հմտություն էլ ես ձեռք բերում, բայց դա խնդիր է»,- ասում է Մելքոնյանը՝ հավելելով, որ շատ է ուրախանում տարբեր ոլորտներում կանանց ունեցած հաջողություններով:

Մելքոնյանը նշում է, որ վաղ տարիքում աղջիկների և տղաների հնարավորությունները հավասար են: Բայց գալիս է մի փուլ, երբ այդ հնարավորությունները սկսում են տարբերվել, և դրանում մեծ դեր ունեն կարծրատիպերը: «Օրինակ՝ մի քանի օր առաջ ուսանողուհիներիցս մեկն ասաց, որ կյանքի ինչ-որ փուլից կինը պետք է սկսի զսպել իր զարգացումը, որ անձնական կյանքում անհաջողության չմատնվի: Այսինքն՝ կանանց հնարավորությունները սահմանափակում են ոչ միայն տղամարդիկ, այլև հենց կանայք»:

Անձնական ու գործնական կյանքը հաջողությամբ համատեղելու գաղտնիքը

«Այնքան հետաքրքիր է փոխկապակցվածությունը: Մի կողմից մտածում եմ՝ եթե չունենայի իմ այս մասնագիտությունն ու աշխատանքը, չէի ունենա այն ընտանիքը, որն ունեմ այսօր: Մյուս կողմից՝ եթե իմ ընտանիքը չլիներ այնպիսին, ինչպիսին է, ես չէի ունենա այն հաջողությունը, որ ունեմ աշխատանքում»,- ասում է Մելքոնյանը:

Նա նշում է, որ անձնականն ու գործնականը համատեղել ստացվում է, բայց ոչ այնպես, ինչպես կուզենար. «Հաճախ, երբ գնում եմ գործնական հանդիպման, չեմ կարողանում ազատվել այն մտքից, որ դրա փոխարեն կարող էի զբոսանքի գնալ իմ 11 տարեկան տղայի հետ, որն այնքան սրընթաց է մեծանում, որ չեմ էլ հասցնում դա նկատել այս զբաղվածության պատճառով: Կարծում եմ՝ հաջողակ, աշխատող կնոջ ամենամեծ խնդիրը և ամենածանր հոգսը հավերժ տանջող մեղքի զգացումն է. տանը մտածում ես, որ ինչ-որ բան չես արել աշխատանքի առումով, իսկ աշխատանքի վայրում մտածում ես, որ կարող էիր ինչ-որ մի բան անել տանը, ընտանիքիդ ու երեխաներիդ համար: Մի կողմից դա ճնշում է, բայց մյուս կողմից դառնում է քո գլխավոր շարժիչ ուժը և թայմ մենեջմենթի գլխավոր գրավականը»:

Ո՞վ է հաջողակ կինը

Հաջողակ կնոջ մերօրյա ընկալման մասին Մելքոնյանն ասում է. «Հաջողակ է այն կինը, որը կարողանում է հոգալ իր, ինչպես նաև իրենից կախված անձանց հիմնական պահանջմունքները՝ կախված չլինելով որևէ այլ մարդուց կամ մարդկանցից, բացի այդ, ունի այն անձնական կյանքը, որն ինքն ուզել է»:

Հարցին, թե արդյոք հանրության աչքը սովորե՞լ է հաջողակ կանանց տեսնելուն, Մելքոնյանը նշում է. «Մի կողմից սովորել է տեսնել հաջողակ կանանց, բայց մյուս կողմից դա մի քիչ միֆականացված պատկերացում է: Հանրությունը տեսնում է, բայց չի ընկալում, թե այդ հաջողակ կնոջ կայանալու հետևում ինչ ահռելի աշխատանք, փորձություններ, կորուստներ ու զիջումներ կան: Նայելով թվում է, թե այդ ամենը պատրաստի մատուցել են սկուտեղի վրա, բայց դա իրականում լուրջ, ծանր աշխատանքի արդյունք է»:

Այնուամենայնիվ, Մելքոնյանն ընդունում է, որ տարբեր ոլորտներում հաջողության հասնելու, ինքնադրսևորվելու առումով կանանց հնարավորություններն աստիճանաբար մեծանում են:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: