Հայերեն   English   Русский  

​Վալոդյա Ֆրանգուլյան. «Ուրախ եմ ոչ միայն ինձ, այլև մեդալակիր դարձած մյուս տղաների համար»


  
դիտումներ: 3517

Մայիսի 2-7-ը Սերբիայում կայացավ Եվրոպայի ըմբշամարտի առաջնությունը, որտեղ Հայաստանի ազատոճայինների հավաքականը 3 բրոնզե մեդալ նվաճեց: Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հաշվին առաջին մեդալը գրանցեց 61 կգ քաշային Վալոդյա Ֆրանգուլյանը: 3-րդ տեղի համար որոշիչ գոտեմարտում հայ ըմբիշը 10:0 հաշվով փայլուն հաղթանակ տարավ թուրք Աբդի Զուռնաչիի նկատմամբ՝ դառնալով բրոնզե մրցանակակիր:

«Անկախի» հետ զրույցում Վալոդյա Ֆրանգուլյանը պատմում է մրցաշարից ստացած տպավորությունների, հաղթանակ տանող ճանապարհի և առաջիկա ծրագրերի մասին:

- Շնորհավորում ենք Ձեզ բրոնզե մեդալակիր դառնալու կապակցությամբ: Ի՞նչ տրամադրությամբ էիք մեկնել մրցավայր:

- Մրցաշարից առաջ բավական լուրջ և ծանրաբեռնված նախապատրաստական շրջան ենք անցել՝ մասնակցելով 3 ուսումնամարզական հավաքի և Թուրքիայում կայացած միջազգային մրցաշարի: Հավաքներից 2-ն անցկացրել ենք խիստ ռեժիմով, իսկ 3-րդն առավելապես կապված էր քաշային խնդրի կարգավորման հետ:

Ֆիզիկապես պատրաստ և հոգեպես տրամադրված մեկնեցի Սերբիա: Առաջինը լինելու ցանկությունս մեծ էր, բայց այս անգամ չստացվեց: Այնուամենայնիվ, 3-րդ հորիզոնականի համար նույնպես ուրախ եմ: Գիտեմ, որ կարող եմ ավելի բարձր արդյունքի հասնել:

- Եվրոպայի առաջնությունում 4 գոտեմարտ անցկացրիք: Անցած ճանապարհն ինչպե՞ս կգնահատեք:

- Առաջին գոտեմարտս բավական բարդ ստացվեց: Միավորների աննշան տարբերությամբ՝ 5:4 հաշվով հաղթեցի Սլովակիայի ներկայացուցիչ Միկոլա Բոլոտնյուկին: Քառորդ եզրափակչի հաջորդ գոտեմարտը Բուլղարիայի ներկայացուցիչ Դիմիտար Իվանովի հետ էր: Նրան բավական հեշտ կարողացա հաղթել: Երրորդ գոտեմարտն անցկացրի Ռուսաստանի ներկայացուցիչ Ահմեդ Չակաևի հետ, որին պարտվեցի: Կարծում եմ՝ տակտիկապես սխալ աշխատեցի նրա հետ: Հարկավոր է հետևություններ անել, հավաքների ժամանակ ուշադրություն դարձնել սխալներին՝ դրանք շտկելու և հաջորդ անգամ հաղթելու համար:

Վերջին՝ սկզբունքային գոտեմարտը թուրք ըմբիշ Աբդի Զուռնաչիի հետ էր, որին արդեն ճանաչում էի: Նրան պարտվել էի Թուրքիայի մրցաշարում և հաղթելու ցանկությունս մեծ էր: Մարզիչներիս հետ հատուկ տակտիկա մշակեցի: Ուրախ եմ, որ ճիշտ գոտեմարտեցի և կարողացա հաղթել:

- Հայ հասարակությունը կրկնակի խանդավառությամբ ընդունեց այն:

- Երբ գոտեմարտում ենք թուրք կամ ադրբեջանցի մարզիկների հետ, լարվածությունն ավելի մեծ է լինում, քանի որ հատկապես այդ գոտեմարտերում հաղթանակն ուրիշ կերպ է կարևորվում. ոչ ոք չի ցանկանում պարտվել: Ցանկացած գոտեմարտ շատ լարված է անցնում, ամեն գնով փորձում ենք հաղթել: Իմ հաղթելու ցանկությունը կրկնակի էր, քանի որ թուրք ըմբիշին պարտվել էի վերջերս կայացած մրցաշարում: Կարողացա տրամադրվել, հաջող հանդես գալ և պայքարի ճիշտ տակտիկա ընտրելով՝ հաղթել:

- Սերբիայում կայացած ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը երեք բրոնզե մեդալ նվաճեց՝ հաջող քննություն հանձնելով:

- Սա ողջ թիմի հաղթանակն էր՝ թե՛ մարզիչների, թե՛ ըմբիշների, թե՛ այն տղաների, որոնք չէին մեկնել Եվրոպայի առաջնության, սակայն հավաքների ժամանակ միասին ենք մարզվում, իրար աջակցում և խորհուրդներով օգնում: Ուրախ եմ ոչ միայն ինձ համար, այլև մեդալակիր դարձած մյուս տղաների, քանի որ բոլորս միասին պայքարում էինք մեդալներ նվաճելու և երկրի պատիվը բարձր պահելու համար: Հավաքականի մյուս անդամները, որոնք պարտվեցին և չկարողացան հանդես գալ կիսաեզրափակիչ կամ եզրափակիչ փուլերում, մեզ ամեն կերպ ոգևորում ու խրախուսում էին, որ հաղթենք և մեդալներով վերադառնանք հայրենիք: Ընկերական, միասնական մթնոլորտը թիմում շատ կարևոր է: Միասնության ու համախմբվածության դեպքում միայն կարելի է լուրջ հաջողությունների հասնել: Շնորհակալ եմ մարզիչներին, մեզ աջակցողներին, հայ ժողովրդին, որ մեզ ոգևորում են և ուժ տալիս՝ առաջ շարժվելու ու նորանոր հաղթանակների հասնելու:

- Եվրոպայի առաջնությունում քննությունը պատվով հանձնեցիք: Առաջիկայում ի՞նչ մրցաշարերի եք պատրաստվում մասնակցել:

- Մրցաշարից հետո հարաբերական դադար էինք տվել: Այժմ վերսկսել եմ մարզումներն անձնական մարզիչ Ցոլակ Հարոյանի գլխավորությամբ: Մայիսի վերջին հավաքականի հետ կմասնակցեմ ուսումնամարզական հավաքների. նախ ֆիզիկական պատրաստվածության վրա կաշխատենք, հետո տեխնիկատակտիկական մարզումներ կանցկացնենք: Հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Մկրտչյանն արդեն տեղեկացրել է, որ ծանրաբեռնված հավաքներ են լինելու: Պատրաստվելու ենք միջազգային մրցաշարերի, որոնք կայանալու են Վրաստանում և Լեհաստանում: Ես հավանաբար կմասնակցեմ Լեհաստանի մրցաշարին: Այնուհետև կլինեն հավաքներ, որից հետո Ֆրանսիայում կմասնակցենք տարվա կարևորագույն ստուգատեսին՝ 2017 թվականի աշխարհի առաջնությանը:

- Վերջին շրջանում ըմբշամարտում մրցականոնների փոփոխություններ հաճախ են կատարվում: Դրանք չե՞ն ազդում մարզիկների ելույթների վրա:

- Այո, կանոնների փոփոխություններ վերջին շրջանում բավական հաճախ են կատարվում: Դա, կարելի է ասել, բարդություններ է առաջացնում և բացասաբար է անդրադառնում մարզիկների ելույթների վրա: Դեռ չենք հասցնում հարմարվել նոր կանոններին և արդեն նորից փոփոխություններ են կատարվում: Դրանից փոխվում է գոտեմարտի ընթացքը: Եվրոպայի առաջնության ժամանակ այնքան էլ ակնհայտ չէին այդ փոփոխությունները: Աշխարհի առաջնությունից հետո դրանք բավական շատ կլինեն:

Անժելա ԲԵԳԼԱՐՅԱՆ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: