Հայերեն   English   Русский  

​Մշակույթի նախարարության` քարանձավները վարձակալությամբ տալու փաստաթուղթը փոխարինվել է նորով


  
դիտումներ: 1837

Մարդկանց և պետական օղակների անտարբերության պատճառով օրեցօր ոչնչանում են Հայաստանի քարանձավների յուրահատուկ բնական էկոհամակարգերը՝ վտանգելով դրանց գոյությունը: Վերջին շրջանում ակտիվացել են Հայաստանում զբոսաշրջությունը խթանելու նպատակով դեպի տարբեր քարանձավներ այցելություններ կազմակերպող ակումբները, խմբերն ու գործակալությունները: Քարանձավագետների խոսքով՝ այդ այցելությունները վտանգում են քարանձավներում բնակվող կենդանատեսակների գոյությունը: Մագելի, Մոզրովի և Արջերի քարանձավներում, օրինակ, բնակվում են ՀՀ Կարմիր գրքում և Բնության պահպանության միջազգային միության (IUCN) Կարմիր գրքում գրանցված կենդանատեսակներ: Այդ քարանձավներն արագ վերածվում են զբոսաշրջության կենտրոնների:

Վերջերս հասարակության շրջանում մեծ աղմուկ բարձրացրեց Հայաստանի մշակույթի նախարարության` Վայոց ձորի մարզի Արենի գյուղի հնագույն քարանձավները վարձակալության տալու նախաձեռնությունը: Լուրեր էին պտտվում, որ այնտեղ զբոսաշրջությունը խթանելու նպատակով մտադիր են նաև ռեստորան բացել։

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը հանրության մտահոգությունն անհիմն էր համարել` նշելով, որ մշակութային հուշարձանների, մասնավորապես՝ քարանձավների նկատմամբ ցուցաբերած հոգատար և գրագետ մոտեցումը հնարավորություն կտա պահպանելու դրանք։ Նա նշել էր, որ Հայաստանի քարանձավների համալիրը հետաքրքրություն է առաջացնում բազմաթիվ զբոսաշրջիկների շրջանում, սակայն դրանց նկատմամբ պատշաճ խնամք չի տարվում։ Բախտի քմահաճույքին մատնված քարանձավներն ավելի մեծ վտանգի տակ են, ուստի ավելի լավ կլինի, եթե համալիրի վերահսկողությամբ զբաղվի որոշակի կազմակերպություն կամ մասնավոր անձ։

«Անկախի» հետ զրույցում Քարանձավագետների միության նախագահ Սամվել Շահինյանը նշել էր, որ քարանձավագետները դեմ են եղել մշակույթի նախարարության առաջարկած փաստաթղթի ընդունմանը, քանի որ շատ վտանգավոր փաստաթուղթ էր կազմվել:

Մասնագետի պնդմամբ, նախքան իրենց միջամտությունը, այդ փաստաթուղթը հակասություններով լի էր, նույնիսկ Սահմանադրությանը հակասող կետեր կային: Հնագիտության և ազգագրության ինստիտուտի և Քարանձավագետների միության ջանքերով ուսումնասիրվել և մշակվել է քարանձավներում հետազոտություններ իրականացնելու բոլոր չափորոշիչները հաստատող փաստաթուղթ, որն էլ ներկայացվել է մշակույթի նախարարություն:

Փաստաթուղթը ներառում է հետևյալ կետերը. քարանձավները՝ որպես պատմության և բնության հուշարձան, որոշակի սկզբունքներով հանձնվեն ոչ թե շահագործման, այլ օգտագործման, քանի որ շահագործման դեպքում մենք ականատես ենք լինում մեր ազգային բնութագրին հակասող տգեղ երևույթների: Պետք է կարևորվի ոչ թե ֆինանսական շահը, այլ հուշարձանի անաղարտության պահպանությունը: Փաստաթղթի համաձայն` հայտատուն պարտավորվում է իր աշխատանքային գործունեության ընթացքում ծագած մասնագիտական խնդիրների լուծումն իրականացնել մասնագիտական խմբի աջակցությամբ, այդ թվում` քարանձավագիտության և հնագիտության ու ազգագրության կենտրոնների հետ:

«Մեր պահանջներից մեկն էր վերացնել երկակի ստանդարտները և առաջնությունը տալ հուշարձանի պահպանությանը, ոչ թե ֆինանսական ներդրումներին, որոնք կասկածելի են, քանի որ մենք տեսնում ենք, թե այդ ներդրումների քանի տոկոսն է իրական նպատակին ծառայում: Մենք մշակույթի նախարարությանը ներկայացրել ենք ցանկացած քարանձավ հետազոտելու մասնագիտական ուղենիշներ և չափորոշիչներ: Ի վերջո, մեր տեսակետը հաղթեց: Նախարար Արմեն Ամիրյանը ըմբռնումով մոտեցավ մեր առաջարկներին, ավելին, ոչ թե համաձայնեց փոփոխության ենթարկել նախկին փաստաթուղթը, այլ անմիջապես ստորագրեց մեր առաջարկների տարբերակը: Մենք միշտ պայքարել ենք անօրինությունների դեմ, բայց արձագանք չի եղել, հարցն անգամ հասել է դատարան, բայց ապարդյուն: Իմ պրակտիկայում վերջին 25 տարում սա առաջին դեպքն է, երբ իշխանությունը համագործակցում է հասարակական կազմակերպության հետ: Նման դեպք չէր եղել, որ պետական կառույցն ընդուներ իր սխալները»,- ասաց Սամվել Շահինյանը` հույս հայտնելով, որ սա կդառնա նախարարության գործելաոճը նաև հետագայում:

Լիլիթ Վահանյան





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: