Հայերեն   English   Русский  

​Նպատակասլաց պետք է լինես, լավատես և աշխատասեր. կին գործարարի հաջողության բանաձևը


  
դիտումներ: 28744

Ռուսական լրատվամիջոցները վերջերս գրեցին, թե «հայկական հագուստը նվաճում է Փարիզը»:

Նկատի ունենին 30 տարի հագուստ արտադրող հայկական «Ֆիրմա Լիդա» ընկերության և ռուս նշանավոր մոդելավորող Վալենտին Յուդաշկինի համագործակցությունը: Յուդաշկինը պարբերաբար համագործակցում է «Ֆիրմա Լիդայի» հետ՝ Փարիզում ցուցադրվելիք իր հագուստի նմուշների պատրաստումը վստահելով հայկական ընկերությանը:

«Ֆիրմա Լիդայի» հիմնադիր տնօրեն Լիդա Սարգսյանն էլ «Անկախի» հետ զրույցում նշում է, որ իր կյանքում չի օգտագործում «դժվարություն» հասկացությունը, իր ընկալումներից ու բառապաշարից հանել է այդ բառը:

«Կարող է մեկի համար այն, ինչ լինում է, դժվարություն դիտարկվի, միգուցե իրականում դա հենց դժվարություն էլ լինի, բայց ես դրան չեմ նայում որպես դժվարության, այլ մտածում եմ, որ հենց այդպես էլ պիտի լինի. եթե կյանք է, ուրեմն այդպես էլ կլինի, ոչ թե դժվարություն է, այլ կյանքի սովորական ընթացք՝ մի օր լավ, մի օր՝ վատ: Աստված ոչ անի, որ մարդուն հիվանդություն, դժբախտություն պատահի, մնացածը դժվարություն չէ, պետք է հաղթահարես: Ուստի ես չեմ հասկացել և չեմ հասկանում, երբ ասում են՝ դժվարություն»,- նշում է Լիդա Սարգսյանը՝ հավելելով, որ իր համար գոյություն չունեն նաև հոգնել, նախանձ հասկացությունները ևս: Այս առումով շեշտում է՝ ուրիշի հաջողության համար անկեղծ ու սրտանց կուրախանա, քանի որ անկեղծ ցանկանում է, որ բոլորը հաջողակ լինեն: Ասում է՝ այդպիսով էլի իր մասին է մտածում. եթե բոլորը հաջողակ լինեն, դա իրեն էլ է օգուտ, ինչքան բոլորը հաջողակ ու երջանիկ լինեն, այնքան իր գործերն առաջ կգնան:

Լիդա Սարգսյանը մասնագիտությամբ մանկավարժ է եղել, բայց շատ է սիրել կարուձև, դա նրա հոբբին է եղել: 1987 թ., երբ ԽՍՀՄ-ում սկսվեց կոոպերատիվ շարժումը, այդ ժամանակ նա էլ որոշեց, որ անպայման պետք է սեփական արտադրություն ունենա, ու արդեն 1988 թ. հիմնեց արտադրամասը:

«Այդ ժամանակ ունեի ընդամենը 300 ռուբլի փող և մեկ հատ սովորական տնային կարի մեքենա: Վարձեցի մի տարածք ու այնպիսի մարդկանց սկսեցի ընդունել աշխատանքի, որոնք կարի մեքենա ունեին: Սկզբում 30-ից ավելի աշխատակիցներ կային: Այդ ժամանակ մենք երկու հերթով էինք աշխատում. մարդիկ ուզում էին ավելի շատ աշխատել ի տարբերություն հիմիկվա, երբ աշխատուժ գտնելը շատ դժվար է, դողում ես ամեն մի աշխատողի համար, մասնագետ չկա, դու ես սովորեցնում աշխատանքի նրբությունները: Իսկ 80-ականներին իմ աշխատողները ոչ թե գործարաններից էին եկել, այլ բժիշկներ էին, մանկավարժներ, դերասաններ, ուսանողներ: Այսինքն՝ երկրորդ հերթը հենց դրա համար էր՝ այդ մարդկանց համար, որոնք իրենց հիմնական աշխատանքից հետո մեր արտադրամասում էին աշխատում: Եվ հետաքրքիր է, որ նրանց շնորհիվ համեմատաբար ավելի բարձր որակ էի ապահովում: Նրանք ավելի պարտաճանաչ էին: Ու այն ժամանակ մենք ամբողջ ԽՍՀՄ-ում պայմանագրեր ունեինք, մեր ապրանքն արտահանում էինք: Եվ այդպես կամաց-կամաց մեր ուղին հարթեցինք»,- ժպտալով վերհիշեց մեր զրուցակիցը:

Ընկերությունը, որ սկզբում կոոպերատիվ էր կոչվում, սկզբնական տարիներին արտադրում էր կանանց հագուստ, որը բացի Խորհրդային Հայաստանի խանութներից, սպառվում էր ամբողջ Միությունում: Բայց 1992-93 թթ. մի հետաքրքիր դեպք է պատահում. Լիդա Սարգսյանը մինչ այդ մեկնել էր Միացյալ Նահանգներ ու վերադառնալուց հետո ուշադրություն է դարձնում հայ կանանց հագուկապին: Այդ ժամանակները հիշելով՝ բնորոշում է մեկ բառով՝ հիասթափություն… Այդ ժամանակ «Ֆիրմա Լիդա» աշխատանքի է գալիս Սումգայիթից մազապուրծ մի հայ դերձակ, որ մասնագիտացած էր տղամարդկանց կոստյումներ կարելու գործում: Այս երկու հանգամանքների ազդեցությամբ այդ ժամանակներից «Ֆիրմա Լիդան» սկսում է կարել արդեն տղամարդու հագուստ:

«Հետո տեսա, որ Հայաստանում տղամարդու կոստյումներ արտադող արտադրամաս չկա, մտածեցի՝ ինչո՞ւ ոչ, կարելի է պրոֆիլը փոխել ու տղամարդկանց կոստյումներ արտադրել: Տղաներս էլ մեծացան, դարձան կոստյում հագնող, ամուսինս էր կոստյում հագնում… Մի խոսքով, մտածեցի, որ կարելի է տղամարդու համար արտադրել: Բացի այդ, կինը տղամարդուն ավելի գեղեցիկ է հագցնում: Իհարկե, ավելի դժվար ուղի ընտրեցի, քանի որ տարվա ընթացքում կանայք ավելի շատ են հագուստ գնում, քան տղամարդիկ: Փաստորեն, ինքս ինձ համար այդպիսի դժվարություն ստեղծեցի. դժվարություն այնքանով, որ տղամարդկանց մասին մտածեցի, բայց տղամարդիկ իմ մասին չեն մտածում, գնում թուրքական, չինական հագուստ են առնում»,- ժպտալով ասում է Լիդա Սարգսյանը:

Երբ պատկերացնում ենք, թե ինչ դժվարությունների միջով են անցել «Ֆիրմա Լիդան» ու նրա հիմնադիր տնօրենը, հաշվի առնելով Արցախյան պատերազմի, մութ ու ցուրտ տարիների ուրվականները, ապա հարց է առաջանում, իսկ ինչպե՞ս դիմացան ու հասան այս օրվան: Այս տեսանկյունից էլ Լիդա Սարգսյանը հիշում է, որ մութ ու ցուրտ տարիներին աշխատում էին դիզելային գեներատորով, այդքան սպառում ունեին: Հիմա «Ֆիրմա Լիդա» ընկերությունը կարում է տղամարդկանց համար գրեթե ամեն ինչ, բացի տրիկոտաժեղենից. վերարկուներ, պիջակներ, վերնաշապիկներ, շալվարներ, կոստյումներ: Ներկայումս ընկերությունը նաև անկողնային ամեն տեսակի պարագաներ է արտադրում:

Պրպտում են, ինչպես նշում է ընկերության հիմնադիր տնօրենը, որպեսզի տեսնեն, թե որտեղ ինչ կարող են անել, որ շարունակեն աշխատել: Լինում են պահեր, երբ տիկին Լիդան մտածում է՝ վերջ, թողնելու է իր տասնամյակներով պահած, փայփայած ու կայացրած գործը, բայց անմիջապես էլ զղջում է, ափսոսում իր վերջին 30 տարվա ոչ թե գործը, այլ կյանքը. հենց այդպես է վերաբերվում «Ֆիրմա Լիդային»:

«Ամենակարևորը աշխատասիրությունն է, դա է պահանջվել հաջողության հասնելու համար: Նպատակասլաց պետք է լինես, լավատես և աշխատասեր,- նշում է Լիդա Սարգսյանն ու հավելում,- եթե ինքդ չաշխատեցիր ու աշխատասեր չեղար՝ ոչնչի չես հասնի: Ես համարում եմ, որ այն ամենին, ինչին այսօր հասել եմ, հասել եմ իմ աշխատասիրության շնորհիվ: Վախկոտ չեմ, բայց հիմա ավելի շատ եմ վախենում, քան նախկինում, երևի տարիքից է: Ասում են՝ շատ ուժեղ մարդ եմ, չգիտեմ, ասում են»:

Երկարամյա փորձից ելնելով՝ տիկին Լիդան համոզված է, որ բիզնեսում հաջողելու համար ամենից կարևորը ռիսկի դիմելու ունակությունն է: Կարևոր է նաև ուժեղ օգնողներ ունենալը՝ ընտանիք, հարազատ-բարեկամներ, որոնք միշտ նրա թիկունքին կանգնած են եղել: Բայց դրանով հանդերձ կարևորում է ինքնուրույն որոշումներ կայացնելը:

«Ես աշխատել եմ լսել բոլոր կարծիքներն ու խորհուրդները, բայց միշտ որոշումներն ինքս եմ կայացրել: Որովհետև ամեն մեկն իրենն է ասում, ու եթե ես իմ որոշածը չեմ անում՝ ինչ-որ բան չի ստացվում: Լավ ընտանիք պետք է ունենաս, որ խիղճդ հանգիստ լինի: Դրանք, թվում է, երկրորդական են, բայց ոչ, շատ կարևոր են, պետք է ինքդ քո և դիմացինի նկատմամբ պահանջկոտ լինես: 30 տարի աշխատում ենք, ու միշտ ասել են, որ մեր արտադրանքը շատ լավն է, բայց ես դեռ իմ արտադրանքը չեմ հավանում և միշտ առաջին հերթին ասում եմ՝ հենց ես հավանեցի, ուրեմն պետք է էլ չաշխատեմ: Ես չեմ բավարարվում եղածով, անընդհատ ուզում եմ ավելի լավը, ավելի լավը»,- շեշտում է Լիդա Սարգսյանը:

Նա վստահ է՝ մարդ միշտ պետք է ձգտի կատարելության:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: