Հայերեն   English   Русский  

Դատախազը ներկայացնում է 23-ամյա գյումրեցու դաժան սպանության մանրամասները


  
դիտումներ: 808

Մայիսի 18-ի գիշերը Գյումրիում տեղի ունեցած դեպքի մասով մանրամասներ է ներկայացրել Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը: Դատախազի փոխանցմամբ՝ տեղեկություններ կան, որ երիտասարդից մոտ մեկ օր լուրեր չեն եղել: Նա չի պատասխանել հեռախոսազանգերին ու դռան թակոցներին:

«Մայիսի 18-ին ժամը 01:00-ի սահմաններում Գյումրի քաղաքի Կամոյի փողոցի 71 ա շենքի 3-րդ բնակարանում հայտնաբերվել է նույն բնակարանի բնակիչ, 1994 թվականին ծնված Արթուր Հարությունյանի դիակը՝ գլխի հատվածում բութ առարկաների բազմաթիվ ներգործություններով», - ասում է Կարեն Գաբրիելյանը:

Դեպքի վայրի զննության արդյունքները վկայել են՝ առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով նախատեսած հանցագործության հատկանիշներ /այն է՝ սպանություն, որը զուգորդվել է ավազակային հարձակմամբ/:

«Անմիջապես իմ հանձնարարությամբ Շիրակի մարզային քննչական վարչության քննիչի կողմից հիշյալ հոդվածի հատկանիշներով քրեական գործ է հարուցվել, կատարվում է նախաքննություն: Առեեևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ինչպես նաև դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ», - նշում է դատախազը:

Կարեն Գաբրիելյանի փոխանցմամբ, այս պահի դրությամբ դեռևս կասկածյալներ կամ բերման ենթարկված անձինք չկան:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: