Հայերեն   English   Русский  

​ Հայաստանի պատվիրակությունը մասնակցեց ՄԱԿ-ի Ասիայի և Խաղաղօվկիանիայի տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի ստեղծման 70-ամյակին նվիրված 73-րդ նստաշրջանին


  
դիտումներ: 22765

Մայիսի 17-ից 19-ը Բանգկոկում տեղի ունեցավ ՄԱԿ-ի Ասիայի և Խաղաղօվկիանիայի տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի 73-րդ նստաշրջանը, որը նվիրված էր հանձնաժողովի ստեղծման 70-ամյակին:

Նստաշրջանի աշխատանքներին մասնակցեց նաև Հայաստանի պատվիրակությունը՝ Չինաստանում ՀՀ դեսպան Սերգեյ Մանասարյանի գլխավորությամբ:

Նստաշրջանի ընթացքում քննարկվեցին Հայաստանի համար կարևոր նշանակություն ունեցող հարցեր՝ մակրոտնտեսական քաղաքականությանը, աղքատության նվազեցմանը, առևտրին և ներդրումներին, տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացմանը, բնապահպանությանը, գիտությանն ու տեխնոլոգիաներին, էներգետիկային, արտակարգ իրավիճակներում համագործակցությանը, սոցիալական զարգացմանն ու այլ բնագավառներում համագործակցությանն առնչվող խնդիրների լայն շրջանակ:

Դեսպան Մանասարյանը, հանդես գալով ելույթով, նշեց, որ Հայաստանը կարևորում է Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների՝ մինչև 2024թ. Վիեննայի գործողությունների ծրագրի պատշաճ իրականացումն ու, չնայած տարածաշրջանում ստեղծված բարդ աշխարհաքաղաքական իրավիճակի և երկու հարևան երկրների կողմից շարունակվող շրջափակմանը, Հայաստանը ջանքեր է գործադրում ներկա մարտահրավերները հաղթահարելու և միջազգային ու տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացներում հնարավորինս ներգրավվելու ուղղությամբ:

Դեսպան Մանասարյանն անդրադարձավ Եվրասիական տնտեսական միությանը ՀՀ անդամակցության հետ կապված համագործակցության նոր հեռանկարներին, մասնավորապես՝ սահմանափակ ներքին շուկայի ընդլայնման և ներդրումների խրախուսման առումով: Տրամադրելով մանրամասն վիճակագրական տվյալներ՝ ՀՀ պատվիրակության ղեկավարը ներկայացրեց ՀՀ տնտեսության առաջնային ոլորտներում տեղի ունեցող կարևոր զարգացումներն ու հեռանկարները, ինչպես նաև իրականացվող և նախատեսվող ծրագրերն ու նախագծերը, ՀՀ կառավարության կողմից իրագործվող ներդրումների համար նպաստավոր քաղաքականությունը:

Միջազգային և տարածաշրջանային համագործակցության խթանման գործում Սերգեյ Մանասարյանը կարևորեց նաև Եվրամիության հետ գործակցության հեռանկարներն ու հարևան Իրանի և Վրաստանի հետ իրականացվող համատեղ խոշոր ենթակառուցվածքային ծրագրերը:

Նստաշրջանի արդյունքում ընդունվեցին մի քանի տասնյակ որոշումներ և բանաձևեր՝ ուղղված տարածաշրջանում սոցիալ-տնտեսական զարգացմանն ու տնտեսության տարբեր բնագավառներում համագործակցության խթանմանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: