Հայերեն   English   Русский  

Տոլմայի 7-րդ փառատոնին կմասնակցի զինվորներից կազմված խումբ


  
դիտումներ: 1603

Մայիսի 20-ին արդեն 7-րդ անգամ Հայաստանում տեղի կունենա Տոլմայի համահայկական փառատոնը։

Այս մասին այսօր լրագրողների հետ խոսեցին փառատոնի կազմակերպիչները:

Այս տարի Տոլմայի փառատոնը տեղի կունենա Հնաբերդ գյուղում. «Այս փառատոնն արդեն սպասված է ոչ միայն Հայաստանում, այլև մեր երկրի սահմաններից դուրս։ Ներկայումս ընթանում են Դվին հնավայրի թանգարանացման աշխատանքները, մեծ կարևորություն ունի նաև այդ տարածքը փառատոնի միջոցով բնակչության շրջանում ճանաչելի դարձնելը։ Այդ նպատակով էլ հնավայրի շրջակա գյուղերը ներառվում են այս փառատոնային ձևաչափի մեջ»,- ասաց ՀՀ Մշակույթի նախարարության Մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետի տեղակալ Երանուհի Մարգարյանը։

Վաղը ժամը 11-ից սկսվելու է մրցութային մասը: Մասնակից թիմերը 27-ն են: Պաշտոնական բացումը տեղի կունենա ժամը 13-ին: Լինելու է 25 տաղավար: Փառատոնին կմասնակցի բանակի տաղավարը՝ զինվորներից կազմված թիմով։ Կանցկացվի նաև հեծանվորդների արշավ, այսինքն՝ մասնակցելու է Սիրողական հեծանվասպորտի ֆեդերացիան:

«Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը տեղեկացրեց, որ հատկուկ այս միջոցառումը լուսաբանելու համար Հայաստան է ժամանել ռուսական Առաջին ալիքի աշխատակազմը։

Պարոն Մամուլյանի խոսքով՝ բացի տոլմայի տարբեր տեսակների համտեսից, փառատոնի ընթացքում կկազմակերպվեն այլ միջոցառումներ.« Փառատոնի կազմակերպիչները ամեն ինչ անում են, որ զբոսաշրջիկներին հավուր պատշաճի ներկայացնեն ոչ միայն փառատոնը, այլև հնավայրը, դրա հետ կապված ամբողջ ազգագրական նյութը»,- նշեց Ս. Մամուլյանը:

Զբոսաշրջիկները հնարավորություն կստանան ծանոթանալու հայկական ավանդական երաժշտությանը, երգին ու պարին:

Հատկանշական է, որ Տոլմայի փառատոնի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերել ինչպես օտարերկրացի, այնպես էլ հայաստանցի զբոսաշրջիկները:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: