Հայերեն   English   Русский  

Բերբերյան. Հակակարկտային պաշտպանության համար նախատեսված գումարներն օգտագործվել են ոչ նպատակային


  
դիտումներ: 842

«Ողջունելի է, որ կառավարության անդամները հասկացան, որ Բերբերյանը ճիշտ է, հակակարկտային կայաններն էֆեկտիվ չեն:

Տասը տարի էր պետք դրա համար»: Panorama.am-ի հետ զրույցում ասել է Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը՝ անդրադառնալով վարչապետի հայտարարությանը:


Նա ողջունելի է համարում նաև, որ «կառավարությունն ունեցավ կամքի ուժ, խոստովանեց իր սխալները և անցնում է այն համակարգին, որը Հայաստանում կաշխատի»:

Կազմակերպության նախագահը համարում է, որ հակակարկտային կայանների գնման վրա ծախսված գումարներն օգտագործվել են աննպատակային:

«Կառավարության անդամների մեջ կա իրար գործերի չմիջամտելու ինչ-որ հմտություն, հարևան նախարարի բոստանը քար չեն գցում: Եթե հիշում եք, Սերգո Կարապետյանը քարը գցեց Արտակարգ իրավիճակների նախարարության բոստանը: Նախանցած տարի այդ սարքերի գնումները դադարեցրեց, իհարկե մենք էլ ենք օգնել այդ հարցում, հիմնավորումներ ենք տվել: Բայց գարնանը նորից ձեռք բերեցին»,-ասել է Բերբերյանը:

Նա կարծում է, որ գերատեսչական ինչ-որ պայքար կա, որը չի բխում ոչ պետության, ոչ էլ ժողովրդի շահերից:

«Չինովնիկները պետք է հասկանան, որ աշխատում են ոչ թե մի քանի հաստիք ավել ունենալու համար, այլ ժողովրդի համար: Անցած տարի մեր միավորումը հայտարարությամբ հանդես եկավ, ասավ, էդ սարքերը ում անվան տակ ուզում եք աշխատացրեք, բայց ժողովուրդը դրա կարիքը չունի»,-նշել է ՀԿ նախագահը:

Նա ասել է,որ Արգենտինայից բերված սարքերը Հայաստանում սկսել են աշխատեցնել ոչ թե ացետելինով, այլ՝ բութանով:

«Բութանը 5 կմ-ից ավել չի բարձրանում, իսկ կարկուտը ձևավորվում է 8-10 կմ բարձրության վրա: Ես գտնում եմ, որ գումարների փոշիացում է եղել: Եթե անցած տասը տարում այդ կայանների ձեռքբերման համար ծախսված գումարները ներդրվեին ցանցային պաշտպանության համակարգի վրա, ինչ կլիներ: Մինչդեռ հիմա էլ պայքարում են ցանցային համակարգի դեմ»,-ասաց նա:

Բերբերյանն ասում է, որ չափազանցված թվեր են հրապարակում, իբր մեկ հա տարածքի ցանցապատման համար անհրաժեշտ է 20-30 հազար դոլար:
«Իրականությանը չի համապատասխանում, տասն անգամ ուռճացված թվեր են: Իրականում խոսքը 2-3 հազար դոլարի մասին է»,-ասաց նա:

Բերբերյանը համարում է, որ արդյունավետության տեսանյունից առավել ճիշտ է կիրառել ցանցապատումը: Այն կարկուտից պաշտպանում է 100 տոկոսով:
ՀԿ նախագահը կարծում է, որ պետական բյուջեի միջոցներն աննպատակ ծախսելու համար ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվի, ինչպես եղավ 2011թվականին ցորենի անորակ, ոչ ծլունակ սերմացու ներկրելու դեպքում:

«Չինովնիկների անպատժելիությունը կարծես թե պետությունը երաշխավորում է, որը մեր լուրջ թերություններից է»,-ասաց նա:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: