Հայերեն   English   Русский  

​Գործ ունենք տարածաշրջանի իսլամական երկրների շարքում ժողովրդավարական լուրջ արդյունք ձեռք բերած երկրի հետ. իրանագետ


  
դիտումներ: 5793

Առաջիկա չորս տարիներին Իրանի նախագահն է լինելու Հասան Ռոհանին: Մայիսի 19-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններում գործող նախագահ Ռոհանին ստացել է քվեների մեծ մասը:

Ի դեպ, ընտրություններում մեծ ակտիվություն է գրանցվել՝ 73 տոկոս: Ընտրատեղամասերը մինչև կեսգիշեր բաց են եղել, որպեսզի քվեարկության հերթին սպասող հնարավորինս շատ քաղաքացիներ կարողանան իրացնել իրենց ընտրելու իրավունքը:

Իրանում ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը շուրջ 56 միլիոն է: Ռոհանին ստացել է քվեների 57 տոկոսը՝ 23.5 մլն ձայն: Նրա հիմնական մրցակից Էբրահիմ Ռայիսին ստացել է 15.8 մլն քվե:

Իրանում կայացած ընտրությունների և հաջորդող զարգացումների մասին «Անկախը» զրուցել է իրանագետ, ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանի հետ:

- Պարոն Ոսկանյան, մայիսի 19-ին Իրանում տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքներն ի՞նչ են վկայում:

- Իրանի նախագահական ընտրությունների հաջող ավարտը և գրանցված արդյունքը փաստացի վկայում են, որ իրանական քաղաքական համակարգի ներսում առաջ քաշված կրոնական ժողովրդավարության սկզբունքը գործուն մեխանիզմ է և դրա շրջանակներում իրանցիները զգալի հաջողություններ ունեն: Խոսքը վերաբերում է նախ և առաջ մասնակցության բարձր մակարդակին. ընտրողների մոտ 70 տոկոսը մասնակցել է ընտրությանը: Իրանի ընտրությունների երկրորդ կարևոր առանձնահատկությունն այն էր, որ ապահովվել է նախընտրական մրցակցային գործընթաց: Բավականին թեժ էր ընտրապայքարն Իրանում. հեռուստաբանավեճեր, ժողովներ, ելույթներ, հանրահավաքներ: Երկու հիմնական ֆավորիտ կար, որոնք ընդհուպ մինչև ընտրության օրը բավականին ակտիվ պայքար էին մղում հաղթողի տիտղոսը ստանալու համար:

Եվ երրորդ կարևոր փաստը, որ պետք է արձանագրել, ընտրությունների ազատ, արդար և թափանցիկ բնույթն էր: Բնականաբար, հազարավոր ընտրատեղամասերի և մի քանի տասնյակ միլիոն ընտրողների առկայության պայմաններում որոշակի թերացումներ մի շարք վայրերում արձանագրվել են, բայց գործընթացն ընդհանուր առմամբ եղել է թափանցիկ, ազատ և արդար: Մյուս կարևոր ձեռքբերումը, որ արձանագրեց Իրանը, վերընտրված նախագահի ճանաչումն էր մյուս թեկնածուների կողմից: Նախագահի մյուս թեկնածուներն ընդունել են ընտրությունների արդյունքները, հատուկ ուղերձով հանդես է եկել նաև Իրանի հոգևոր առաջնորդը՝ ըստ էության իր օրհնանքը բերելով այս ընտրությունների հաջող ավարտի կապակցությամբ:

Նշված բոլոր գործոններն ուժեղացրել են վերընտրված նախագահ Ռոհանիի դիրքերը և, ի դեմս նրա, նաև Իրանի դիրքերը արտաքին քաղաքական հարաբերություններում: Դա վերընտրված նախագահին տվել է վստահության մեծ պաշար, որպեսզի երկրի ներսում հաջողությամբ իրականացնի բարեփոխումների այն ծրագիրը, որ ներկայացրել է նախընտրական ծրագրում, ավելի ճիշտ՝ շարունակի բարեփոխումների ծրագրի իրականացումը, որ սկսել էր նախագահության նախորդ շրջանի ընթացքում:

Եթե մենք այս ամենն ի մի բերենք, ապա ակնհայտորեն գործ ունենք տարածաշրջանի իսլամական երկրների շարքում ժողովրդավարական լուրջ արդյունք ձեռք բերած երկրի հետ, որը մեզ հարևան է և Հայաստանի Հանրապետության հետ պահպանում է բարեկամական հարաբերություններ:

- Ռոհանիի հաղթանակը որքանո՞վ էր կանխատեսելի:

- Ընդհանուր առմամբ Իրանի քաղաքական գործընթացներում կանխատեսելիության մակարդակը, եթե դա կապված է անձերի հետ, բավականին ցածր է, բայց ընդհանուր քաղաքական առումով Իրանը չափազանց հաստատուն և կանխատեսելի երկիր է:

Այս իմաստով ընտրությունների գործընթացում վճռորոշ դեր ունեցով Իրանի երիտասարդությունը, որ ակտիվ մասնակցեց ու քվեարկեց հօգուտ բարեփոխող նախագահի: Սա ամենևին չի նշանակում, թե այդ նախագահն Իրանի ներսում խնդիրներ չունի, որովհետև միլիոնավոր քաղաքացիներ էլ քվեարկել են նրա մրցակցի օգտին: Ընդ որում, այդ քաղաքացիները կազմում են հասարակության ավելի անապահով շերտը, որոնք լուրջ սպասումներ ունեն Իրանի ներսում տնտեսական հաջողությունների առումով: Իրանում նաև որոշակի հասարակական բարեփոխումների ակնկալիքներ կան: Այդ իմաստով պարոն Ռոհանիի ունեցած վստահության քվեն բավարար է, որպեսզի կարողանա հաջողությամբ անդրադառնալ այս խնդիրներին և փորձի լուծումներ գտնել դրանց համար: Իսկ այդ խնդիրներն ունեն թե՛ օբյեկտիվ, թե՛ սուբյեկտիվ բնույթ: Մասնավորապես Արևմուտքի և հատկապես Միացյալ Նահանգների խստացող հռետորաբանության պայմաններում որոշակի դժվարություններ, այնուամենայնիվ, լինելու են:

Սակայն Իրանը Արևմուտքի հետ բանակցային գործընթացներում կամ փոխհարաբերություններում հանդես է գալու ավելի ուժեղ դիրքերից, ժողովրդական լեզվով ասած՝ Իրանը ներկայացնողը ուժեղ թիկունք ունեցող նախագահ է լինելու, և Արևմուտքն էլ պետք է հաշվի նստի այս փաստի հետ:

- Ձեր կարծիքով՝ Ռոհանիի վերընտրությամբ Իրանի ներքին և արտաքին քաղաքական կուրսը որևէ փոփոխության է ենթարկվելո՞ւ, թե՞ նույնությամբ շարունակվելու է:

- Հաշվի առնելով առաջ քաշված նախընտրական ծրագիրը՝ որևէ կտրուկ շրջադարձ ակնկալելը սխալ կլինի, բայց, անշուշտ, փոքր ճշգրտումներ լինելու են: Դրանք վերաբերում են նաև տարածաշրջանում բարեկամ և դաշնակից երկրների հետ հարաբերությունների վերագնահատմանը: Այս համատեքստում, Հայաստան-Իրան հարաբերությունների տեսլականը հաշվի առնելով, Ռոհանիի վերընտրությունը մեզ համար ձեռնտու հանգամանք է: Պահպանողական թեկնածուն էլ Հայաստանի շահերի տեսանկյունից ամենևին բացասական դերակատարություն չէր կարող ունենալ: Այսուհանդերձ, ձեռնտու է Ռոհանիի ընտրությունը, քանի որ կան մի շարք կարևոր հանգամանքներ: Ռոհանին ճանաչված է Հայաստանում, նախագահներ Ռոհանին և Սարգսյանը հանդիպել են Երևանում և Թեհրանում մի քանի անգամ, երկու երկրների քաղաքական ամենաբարձր մակարդակի գործիչները որոշակի հարաբերություններ ունեն, նաև՝ անձնական ճանաչելիության բավականին բարձր մակարդակ, ինչը հույս է տալիս առ այն, որ ժամանակային առումով հապավումներ հայ-իրանական օրակարգն իրացնելու գործում չեն լինի:

- Ռոհանին Արևմուտքի հետ հարաբերությունների կարգավորման կողմնակից է: Սակայն Թրամփի հռետորաբանությունը, Սաուդյան Արաբիային 110 միլիարդի զենքի վաճառքը այլ մտադրությունների մասին են վկայում: Ի՞նչ հնարավոր զարգացումներ են սպասվում ստեղծված իրավիճակում:

- Ստեղծվել է ինչ-որ առումով տարօրինակ իրավիճակ, երբ Իրանում գործ ունենք չափավոր, իսկ ԱՄՆ-ում ինչ-որ առումով ծայրահեղական նախագահի հետ: Կարծես թե դերերը փոխվել են: Եթե Ահմադինեժադի օրոք հակառակն էր, ապա այժմ կարծես Իրանը և Միացյալ Նահանգները փոխվել են տեղերով: Սա, անշուշտ, Իրանին նաև քարոզչական դաշտում որոշակի առավելություն է տալու: Գիտեք, Իրանի և ԱՄՆ-ի միջև ընթանում է ինչ-որ առումով հոգեբանական և քարոզչական պատերազմ, և այս իմաստով Իրանի դիրքերն ամրապնդվել են: Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հռետորաբանության խստացմանը, ապա կարծում եմ՝ դա պետք է դիտարկել հետևյալ տրամաբանության մեջ: Ամերիկյան կողմը փորձում է ուժեղացնել իր դիրքերը, այսինքն՝ հանդես գալ ավելի բարձր և խիստ տոնայնությամբ, որպեսզի բանակցային գործընթացներում, պատկերավոր ասած, նահանջի տեղ լինի: Բայց անհանգստացնող է այն հանգամանքը, որ Միացյալ Նահանգները հավաքում է տարածաշրջանում, շատ մեղմ ասած, դեմոկրատական ավանդույթներ չունեցող երկրներին:

Եվ չեմ կարծում, որ Ադրբեջանի մասնակցությունը Ռիադում տեղի ունեցած հակաիրանական ֆորումին կանտեսվի Իրանի կողմից: Ըստ էության, այս երկիրն ապացուցում է, որ չնայած Իրանի հետ սեթևեթանքներին, իրականում գործ ունենք հակաիրանական պետության հետ, որտեղ հակաիրանականությունը շատ դեպքերում կարող է գերազանցել անգամ հակահայկականությունը:

- Պարոն Ոսկանյան, ստեղծված պայմաններում Իրան-ԱՄՆ հարաբերությունները փակուղի՞ են մտնում, թե՞…

- Ամեն դեպքում երկու կողմերում էլ խելամիտ քաղաքական գործիչներ են՝ անկախ իրենց դիրքորոշումներից, անկախ ամերիկյան կողմում որոշակի ծայրահեղական մոտեցումներից: Իրանին չներառել մերձավորարևելյան տարածաշրջանում ընթացող որևէ գործընթացում կամ հաշվի չառնել իրանական շահերը այդ գործընթացներում խելամիտ քայլ չի լինի:

Միացյալ Նահանգները պետականության կերտման բավական ուժեղ ավանդույթներ ունեցող երկիր է, գերտերություն, որտեղ ժամանակավոր, հեղհեղուկ որոշումներ չեն կայացվում: Եվ այս իմաստով երկու երկրները կփորձեն առնվազն որոշակի նորմալացման ուղի անցնել: Ինչքանով դա կհաջողվի՝ այլ խնդիր է: Բայց հակամարտության սրացումը ձեռնտու չէ որևէ կողմին:

- Քարոզարշավի ընթացքում Ռոհանիի հիմնական մրցակիցը՝ Ռայիսին, նրան մեղադրում էր, որ բավարար ուժ և կարողություն չունի անհրաժեշտ բարեփոխումներն իրականացնելու համար: Որքանո՞վ է տեղին այս մեղադրանքը:

- Նախընտրական պայքարում բնական է, որ քննադատությունը լինում է խիստ, շատ դեպքերում՝ ոչ ռացիոնալ: Իրանի ներսում, անշուշտ, կան զգալի խնդիրներ, հատկապես՝ տնտեսական հատվածում: Եվ վերտընտրված նախագահն ունի լուրջ մարտահրավերներ այս ճակատում: Բայց կարծում եմ՝ այդ մարտահրավերներն անհաղթահարելի չեն: Համենայն դեպս, Իրանի վերընտրված նախագահը և նրա թիմը կփորձեն ամեն ջանք գործադրել, որպեսզի առկա խնդիրները լուծեն: Իսկ Ռոհանիի գործունեության արդյունքներն արդեն տեսանելի են: Անշուշտ, արդյունքներն այնքան չեն, որքան կուզենար իրանցի ընտրողը կամ Իրանի հասարակ քաղաքացին, բայց չնկատել ձեռքբերումներն արդարացի չի լինի:

- Իրանում տեղի ունեցող զարգացումները մեզ մոտ սովորաբար մամուլի ուշադրությանը քիչ են արժանանում: Ձեր կարծիքով՝ ի՞նչն է պատճառը:

- Կարծում եմ՝ այս դաշտում զգալի անելիքներ ունենք՝ Իրանը ներկայացնելու մեր հասարակությանը և Հայաստանը ներկայացնելու իրանական հասարակությանը: Խոսքը վերաբերում է ոչ քաղաքական մակարդակին:

Օրինակ՝ Թուրքիային ավելի շատ անդրադառնալն ինչ-որ չափով հասկանալի է, որովհետև այնտեղ տեղի ունեցող զարգացումները ռիսկեր ու անգամ վտանգ են պարունակում մեզ համար անվտանգության առումով: Բայց չեմ կարծում, որ բարեկամի պարագայում քիչ տեղեկացված լինելն արդարացված է: Կուզենայի օգտագործել առիթը և կոչ անել մեր երիտասարդությանը ընտրել իրանագիտություն մասնագիտությունը: Սովորելու հնարավորություն ընձեռում է ԵՊՀ-ն:

Թե՛ այժմ, թե՛ առաջիկայում անհրաժեշտ են կիրթ, բանիմաց իրանագետներ, որոնք կարող են համապատասխան խորհրդատվությունը և մասնագիտական հմտությունները ծառայեցնել թեþ պետական, թեþ մասնավոր հատվածին, ինչու չէ, նաև ԶԼՄ-ների դաշտում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: