Հայերեն   English   Русский  

Վարկային համակարգի կապիտալն էական աճ է ունեցել. Անդրանիկ Գրիգորյան


  
դիտումներ: 2028

Կենտրոնական բանկը հրապարակել է « Ֆինանսական կայունության հաշվետվություն, 2016 թվական » պարբերականը:

«2016 թվականը ֆինանսական համակարգում բավական հետաքրքիր տարի էր: 2015 -2016 թվականների ընթացքում վարկային համակարգի կապիտալն էական աճ ունեցավ»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Կենտրոնական բանկի Ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը՝ անդրադառնալով հաշվետվության կարևոր կետերին:

«Եթե փորձենք բնութագրել վարկ-ավանդ դինամիկան, ապա այդ հարաբերակցությունը 107 % է, և ինչքան մոտ է 100-ի՝ տոկոսային արտահայտությամբ, այդքան խոսում է բանկային համակարգի իրացվելիության և երկարաժամկետ վարկունակության մասին, այսինքն՝ վարկերի տրամադրումը հիմնականում ֆինանսավորվում է ավանդների հաշվին»,-ասաց պարոն Գրիգորյանը:

Տարվա ընթացքում ԿԲ-ն շարունակեց տոկոսադրույքների նվազման դինամիկան. «Տոկոսադրույքների դինամիկան շարունակու է կայուն կերպով նվազել: 2015-ին որոշակի աճ կար ավանդների մասով, իսկ 16-ին ճշգրտում եղավ և ապա շարունակական աճ»,-ասաց նա:

2016 թվականն աչքի է ընկել ֆինանսական միջնորդության աճով՝ վարկերն ու ավանդները նախորդ տարիների համեմատ ունեցել են բարձր աճ:

Հիմնական մարտահրավերները արտաքին շուկայից բխող ռիսկերն էին, որոնք պայմանավորված էին համաշխարհային տնտեսության դանդաղ աճի տեմպերով. «Դրանք ազդեցություն ունեցան Հայաստան դրամական հոսքերի վրա: Նման մարտահրավերների պարագայում որոշում էր կայացվել մեծացնել կապիտալի նվազագույն չափը: 2015-16 թթ-ին 175-180 մլրդ դրամի կապիտալի ներհոսք եղավ ֆինանսական համակարգ, որի զգալի մասը՝ 150 մլրդը միայն 2016-ին», - ասաց նա:

Հայաստանի գործընկեր երկրներում տնտեսական ակտիվության ցածր մակարդակը, մասնավոր դրամական փոխանցումների կրճատումը շարունակում են մնալ որպես արտաքին հատվածից փոխանցված հիմնական ռիսկեր՝ զսպելով ՀՀ գործարար միջավայրի աշխուժացումը և բնակչության եկամուտների աճը:

2015-16 թվականների ըթնացքում առևտրային բանկերը համալրել են նորմատիվային կապիտալը: Իրականացվել են բանկերի ձեռքբերումների և միացումների 4 գործարքներ:

Ըստ ԿԲ-ի ներկայացուցիչների՝ կատարված սթրես –թեստերի արդյունքները վկայում են, որ բանկային համակարգի կողմից ապագա ռիսկերը կլանելու ունակությունը բարձրացել է՝ երաշխիք հանդիսանալով ֆինանսական համակարգի գործունեության անընդհատության պահպանման համար:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: