Հայերեն   English   Русский  

​Էսկալացիա հանուն էսկալացիայի թուլացման


  
դիտումներ: 6022

Անզեն աչքով էլ կարելի է նկատել, որ վերջին օրերին լարվածությունը Արցախի և Ադրբեջանի զորքերի շփման գծում մեծացել է. օր չկա առանց հրադադարի ռեժիմի խախտման, և Ադրբեջանը դեռ շարունակում է ավելացնել լարվածությունը:

Այո՛, հենց Ադրբեջանը, ու այդ փաստը արդեն ոչ թե միայն մեզ համար է պարզ, այլև ամբողջ աշխարհի, քանի որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մայիսի 18-ին հայտարարություն տարածեցին շփման գծում վերջին օրերի լարվածության վերաբերյալ՝ այս անգամ արդեն որոշակի հասցեականությամբ: Հայտարարության մեջ, մասնավորապես, նշված էր. «Բազմաթիվ հավաստի աղբյուրներից հավաքված տեղեկատվության համաձայն՝ Ադրբեջանը մայիսի 15-ին շփման գծում հրթիռ է արձակել՝ ոչնչացնելով ռազմական տեխնիկա: Մայիսի 16-ի երեկոյան և հաջորդ օրը հայկական զինված ուժերը պատասխանել են տարբեր տրամաչափի ականանետային կրակահերթերով: Երկու կողմերի նման գործողությունները հրադադարի ռեժիմի զգալի խախտում և տագնապի առիթ են: Հակասական տեղեկություններ կան վերջին հրետակոծումների թիրախների, տուժածների և հասցված վնասի մասին: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը շարունակում են լրացուցիչ տվյալներ և վերլուծություններ հավաքել՝ առկա իրավիճակի մասին առավել հստակ պատկեր ունենալու համար: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները դատապարտում են վերջին օրերին հրադադարի ռեժիմի խախտումներն ու կողմերին կոչ են անում անհրաժեշտ քայլեր ձեռնարկել՝ հակամարտության գոտում հետագա սրումից խուսափելու համար»:

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նույնպես նույնը օրը ճեպազրույցի ժամանակ նշեց, որ տարբեր աղբյուրներից ստացված տեղեկություններով՝ մայիսի 15-ի ցերեկը ադրբեջանական կողմը գնդակոծել է ռազմական օբյեկտ, որը գտնվում էր շփման գծի մյուս կողմում, և մյուս կողմը համապատասխանաբար արձագանքել է:

Այս երկու հայտարարությունները հայ փորձագիտական ու պաշտոնական շրջանակներում ընդունվեցին մեծ ոգևորությամբ՝ նշելով, որ 25 տարվա մեջ առաջին անգամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները բաց տեքստով ասացին, որ Ադրբեջանն է առաջինը խախտել զինադադարի ռեժիմը` հրթիռային գնդակոծում իրականացնելով:

Իհարկե, տարընկալում կարող է առաջացնել այն պնդումը, թե Մինսկի խմբի համանախագահներն առաջին անգամ հասցեական հայտարարություն արեցին, քանի որ 2015 թվականի հունվարի 27-ին, երբ համանախագահները հանդիպել էին Կրակովում, համատեղ հայտարարություն էին տարածել, որում Ադրբեջանին մեղադրում էին լարվածություն հրահրելու մեջ: Եվ առաջին անգամ, ըստ էության, հենց 2015 թվականին էր, որ նրանք հստակ հասցեական հայտարարություն տարածեցին՝ համանախագահների կողմից մեղադրանքն ուղղված էր կոնկրետ Ադրբեջանին:

Փորձագիտական հանրությունը համանախագահների այս հայտարարությունը, ի թիվս այլոց, պայմանավորում է նաև ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի փակման հարցում Ադրբեջանի դիրքորոշման հետևանքներով: Առհասարակ դիվանագիտության մեջ, ինչպես օրերս նշում էր արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը, նեղանալու ֆենոմեն կա, ԵԱՀԿ-ում նեղացան, որ Ադրբեջանի ձեռքով փակվեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակը: Դրա պատասխանը որևէ կերպ պետք է տրվեր և տրվեց այդ հայտարարությամբ: Բայց մյուս կողմից հիշենք՝ մայիսի 15-ին ադրբեջանական զինուժը առաջնագծում կիրառեց «Սպայկ» տեսակի հրթիռներ՝ խոցելով հայկական զինուժին պատկանող զինտեխնիկա: Դրանից հետո հայկական կողմը խոստացավ խիստ հակահարված, որը և չուշացավ: Եվ դրանից հետո ԼՂՀ ՊՆ-ն տարածեց տեսանյութ, որում հստակ երևում էր հայկական կողմի ցավոտ հակահարվածը: Այս առումով, բացի ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի փակման հանգամանքից, չի կարելի բացառել նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահների՝ իրավիճակը գնալով լարվելու տեսլականի դեմն առնելու փորձը:

«Այս անգամ, ըստ էության, մատնանշում են, թե ով է եղել առաջին լարող կողմը, սկզբում ասում են, որ Ադրբեջանն է սկսել, բայց հետո խոսում են հայկական կողմի պատասխանի մասին: Այսինքն՝ ընդամենը ժամանակագրական մատնանշում կար, թե ով է սկսել լարվածությունը մեծացնել, բայց կոչերը և հորդորները կրկին ուղղված էին երկու կողմերին, և ըստ էության՝ ՄԽ հայտարարությունը կոնկրետ ինձ համար այնքան ոգևորիչ չէր, որքան հիմա ներկայացվում է հայ փորձագետների կամ քաղաքական գործիչների կողմից: Այստեղ խնդիրն այն չէ, որ մատնանշումներ է արել Մինսկի խումբը, այլ այն, որ պետք է հստակ պահանջներ ներկայացնի այն կողմին, որը խախտում է պայմանավորվածությունները: Եվ մենք այդ պահանջները չենք տեսնում, այլ տեսնում ենք, որ պահանջներն ու խնդիրները ինչպես նախկինում, այս անգամ ևս ուղղված են հակամարտության բոլոր կողմերին»,- «Անկախի» հետ զրույցում նշեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Բայց քաղաքագետը մատնանշում է Ադրբեջանի արձագանքը Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանը: Ադրբեջանի իշխանություններն այս անգամ ևս բավականին գռեհիկ արձագանքեցին՝ ասելով, թե իրենց տարածքում ինչպես հարմար կգտնեն, այնպես էլ կվարվեն:

«Այսինքն՝ անգամ այդ մատնանշումը, որ լարվածություն առաջացնող կողմն Ադրբեջանն է, պաշտոնական Բաքվի համար զսպող հանգամանք չեղավ, ավելին՝ մեկ անգամ ևս առիթ տվեց, որ վերահաստատի իրենց ռազմատենչ մարտավարությունը հակամարտության կարգավորման հարցում: Փաստորեն, խնդիր ունենք ոչ միայն միջնորդների հայտարարությունների բովանդակության, այլև դրա կիրառական մասի հետ, թե ինչպես են դրանք ընդհանրապես ազդում տարածաշրջանում իրավիճակի վրա: Եթե դա պետք է Ադրբեջանին նման հայտարարություններով հանդես գալու, այսինքն՝ իրավիճակն ավելի սրելու առիթ տա, ապա նաև պետք է մտածել, թե ընդհանրապես ինչպես կարող ենք այդ խնդիրը լուծել և միջնորդներն ինչպես կարող են իրապես օգուտ տալ խաղաղ կարգավորման գործընթացին»,- նշում է Մելիք-Շահնազարյանը:

Արա Պապյան

«Մոդուս Վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար Արա Պապյանը, անդրադառնալով Բաքվի կողմից հրադադարի ռեժիմի վերջին խախտումերին և շփման գծում «Սպայկ» կառավարվող հրթիռների կիրառմանը, նշում է, որ Ադրբեջանը հստակ ցույց տվեց, որ իրեն չի կարելի վստահել. նա սեփական խոստումները չի հարգի և չի կատարի: Հետևաբար, քաղաքագետը համոզմունք է հայտնում, որ անտրամաբական է ադրբեջանական կողմի ենթադրյալ զիջումներ կատարելը: «Այո՛, ԵԱՀԿ Մինսկի խումբը հասցեական հայտարարություն արեց, բայց, ըստ էության, մենք մեկ միավոր ռազմական տեխնիկա ենք կորցրել: Սա անպատժելիության զգացման հետևանքն է: Ադրբեջանն այն կարգի երկրներից չէ, որի հետ հնարավոր է պայմանավորվել: Այնպիսի երկրները, ինչպիսին Ադրբեջանն է, հասկանում են միայն պատժի լեզուն»,- շեշտեց Արա Պապյանը:

Ուշագրավ է, որ հայկական կողմն այս անգամ չսպասեց ո՛չ Մինսկի խմբի համանախագահների, ո՛չ էլ միջազգային հանրության արձագանքին, այլ իսկապես հրապարակային հակահարված տվեց Ադրբեջանին՝ ոչնչացնելով մի քանի հենակետեր, կապի և ՌԷՊ հանգույցներ և այլն: Եվ այս անգամ հայկական զինուժն իր այդ հակահարվածը ցուցադրեց բոլորին: Ու քանի որ Ադրբեջանը կարծես իսկապես հասկանում է պատժի լեզուն, պետք է մտածել այդ ուղղությամբ:

Իհարկե, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը վաղուց է հրապարակել իր գիտական առաջարկությունը հակամարտության լարման զսպման մեխանիզմների մասին, որի էությունը հետևյալն է. եթե հակառակորդդ Ադրբեջանի պես էքսցենտրիկ երևույթ է, փորձում է լարել իրավիճակն ու իր համար ցանկալին ստանալ շանտաժի միջոցով, ուրեմն չպետք է սպասես նրա գործողություններին, այլ ինքդ գնաս էսկալացիայի ավելացման: Այսինքն՝ հայկական կողմը պետք է կանխարգելիչ նկատառումներով նախաձեռնողականություն ցուցաբերի և իր կողմից կամաց-կամաց բարձրացնի լարվածության մակարդակը մինչև նախապատերազմական վիճակ: Այսինքն՝ հասցնի մի սահմանագծի, որից հետո պետք է սկսվեն լայնածավալ մարտական գործողություններ, բայց քանի որ Ադրբեջանը պատրաստ չէ լայնածավալ պատերազմի, իսկ հայկական օպերատիվ-տակտիկական զինանոցը ներկայումս հագեցած է, հակառակորդը, պարզ ասած, պետք է ստիպված իրեն նորմալ պահի:

Իրականում, դատելով վերջին շրջանի գոծողություններից ու հայտարարություններից, կարծես հայկական կողմը հենց այս մոտեցմանն ավելի է հակված: Բայց կա նաև տեխնիկական լուծումների անհրաժեշտություն, տակտիկական մակարդակի զենքեր են մեզ պետք, որոնք մեզ կտային ավելի անկաշկանդ քայլերի հնարավորություն:

Սերգեյ Մինասյան

«Նրանք մեզ «Սպայկով» խփեցին, մենք ստիպված նրանց ականանետերով խփեցինք, այլ հարց կլիներ, եթե «Սպայկի» մակարդակի զինատեսակներ ունենայինք, դրանցով խփելն ավելի հեշտ է, քանի որ սկզբից այդ մակարդակով պետք է հակադարձես, հետո նոր կամաց-կամաց աճեցնես լարվածությունն ու հասցնես «Իսկանդերների» մակարդակի: Այսինքն՝ այստեղ տեխնիկական լուծումների հարցը դեռ վերջնական լուծված չէ: Մեզ դեռ պետք է տեխնիկական, նախապատրաստական աշխատանքներ տանել: Ավելի կոնկրետ ասած՝ մարտի դաշտի ժամանակակից ռազմամթերք է մեզ պետք»,- նշեց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:

Իսկ ինչ վեաբերում է համանախագահների հայտարարությանը, իհարկե, սա սովորական չէ և ավելի ցանկալի բովանդակություն ունի մեզ համար, քան նախկինում արված անհասցե, անատամ ու ընդհանրական հայտարարությունները: Բայց դրանց դերն ուռճացնել այնքան էլ պետք չէ: Այլ հարց է, եթե նրանց հայտարարությունները «տրենդ» դառնան ու ավելին՝ դրանց կոնկրետ պատժիչ կոմպոնենտներ, ճնշման լծակներ ավելանան: Իսկ մինչ այդ ավելի հուսալի տարբերակ է հակահարվածներով ադրբեջանական կողմի «ատամները հաշվել» ու այդպես ստիպել հարգել սեփական պայմանավորվածությունները:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: