Հայերեն   English   Русский  

​Ինչպես փրկել գիտությունը Հայաստանում. գիտաշխատողի առաջարկները


  
դիտումներ: 7463

Եթե գիտության և կրթության տարանջատվածության խնդիրը չլուծվի, գիտությունը Հայաստանում կարող է վերանալ: Այս համոզման է ֆիզմաթ գիտությունների դոկտոր, ԵՊՀ տեսական ֆիզիկայի լաբորատորիայի առաջատար գիտաշխատող Արմեն Ներսեսյանը:

Նրա խոսքով՝ վերջին տարիներին Գիտության պետական կոմիտեի խրախուսման ծրագրերի և թեմատիկ ֆինանսավորման շնորհիվ զգալի առաջընթաց կա գիտության խնդիրների լուծման առումով, սակայն հիմնական խնդիրը՝ կրթության և գիտության միավորումը, դեռևս մնում է չլուծված:

«Գիտությունը համալսարանական կրթությունից առանձնացնելու փաստը, որը խորհրդային տարիներից մնացած անաքրոնիզմ է, փաստորեն մարգինալացնում է գիտության հասարակական դերն ու սպանում և գիտությունը, և համալսարանական կրթությունը: Դա արդեն հանգեցրել է կրթության, ավելի հստակ՝ մագիստրոսական կրթության վերասերման: Դա է հիմնական խնդիրն: Եթե այն չլուծվի՝ գիտությունը և համալսարանական կրթությունը պարզապես կվերանան: Եվ մենք ժամանակ չունենք: Լավագույն դեպքում մոտ 5 տարի է մնում մեզ խնդրի լուծման համար»,- ասում է նա:

Անդրադառնալով վերջերս ակտիվացած գիտությունը համալսարաններ բերելու մասին խոսակցություններին ՝ Ներսեսյանն ասում է, որ լավատեղյակ չէ դրանց. «Մի բան է խոսքը, այլ բան է գործը: Գիտությունը, փաստորեն, կենտրոնացած է ինստիտուտներում, որոնք համալսարաններից դուրս են: Եթե այդ խոսակցությունները ենթադրում են, որ ինստիտուտները և համալսարանը պետք է միավորվեն, ինչի արդյունքում ինստիտուտները կսկսեն մագիստրոսական կրթություն իրականացնել, ապա կողջունեմ դա»:

Ներսեսյանը նշում է, որ մագիստրոսական կրթությունը պետք է մատուցեն ակտիվ գործող գիտաշխատողները, քանի որ դա գիտական աշխատանքի սկիզբն է: Նա մագիստրոսական կրթության որակի խնդիրը լուծելու երկու ճանապարհ է առաջարկում:

«Առաջին՝ ինստիտուտները և համալսարանը միավորվում են մեկ ընդհանուր կառույցում՝ համալսարանում: Միաժամանակ պետք է իրականացվի համալսարանի ապակենտրոնացում, միավորումը չպետք է նշանակի, որ ինստիտուտները զրկվում են իրենց ինքնուրույնությունից: Կրթությունը և գիտությունը ենթադրում են անկախություն և ինքնավարություն,- ասում է Ներսեսյանը:- Երկրորդ ճանապարհը հետևյալն է: Ինստիտուտներն իրենց բազայի վրա պետք է սկսեն իրականացնել լիարժեք մագիստրոսական և ասպիրանտական կրթություն: Ֆիզիկոս-տեսաբանների հանրությունը վերջին տարիներին արդեն իսկ քայլեր ձեռնարկում է այս ուղղությամբ: Գիտության պետական կոմիտեն էլ աջակցում է, քանի որ գիտակցում է խնդիրը»:

Ներսեսյանը նաև նշում է, որ ֆունդամենտալ գիտության կիրառական ոլորտը կրթությունն է: Եվ գիտության ու կրթության տարանջատվածության վերացումը կհանգեցնի ինչպես գիտության զարգացման, այնպես էլ կրթության որակի բարձրացման:

Անդրադառնալով Հայաստանում կիրառական գիտությունը զարգացնելու մտադրություններին՝ Ներսեսյանն ասում է, որ խորհրդային տարիներին էլ կիրառական գիտությունը Հայաստանում ուժեղ չի եղել, իսկ ներկայի մասին խոսելն անգամ ավելորդ է: Նրա խոսքով՝ զարգացած կիրառական գիտություն ունենալու համար, ֆինանսական ներդրումներից բացի, անհրաժեշտ է նաև զարգացած հասարակական միջավայր, մասնավորապես՝ բարձր հասարակական կարգապահություն, որը չունենք: Իսկ հասարակական մակարդակում փոփոխությունները, ինչպես նշում է Ներսեսյանը, արագ տեղի չեն ունենում:

Նա նաև վստահ է՝ գիտությանը հատկացվող ներկա ֆինանսավորման պայմաններում էլ հնարավոր է գիտությունը պահպանել ու զարգացնել: Սակայն խնդիրը համակարգային է: «Օրինակ՝ եթե աշխատակիցն արաբերեն չգիտի՝ նրա աշխատավարձը բարձրացնելու դեպքում նա կսկսի՞ արաբերեն խոսել: Բնականաբար՝ ոչ: Նույնը և գիտության ոլորտում է, ֆինանսավորման ավելացումով միայն խնդիրը չի լուծվի»,- ասում է նա:

Ներսեսյանը նաև նշում է, որ գիտության և կրթության տարանջատվածության պայմաններում անգամ անհասկանալի է դառնում գիտության ֆինանսավորման անհրաժեշտությունը: «Գիտության հասարակական իմաստը կրթության մեջ է»,- ասում է նա:

Ներսեսյանը կարծում է, որ հայաստանյան գիտական և համալսարանական համակարգերը չեն համապատասխանում արդի պահանջներին: «Ինչ-որ իմաստով քայքայված համակարգ է, որն ադեկվատ էր XX դարի կեսերի պայմաններին: Հետևաբար, այժմ այն չի կարող գործել, քանի որ ոչ մի կերպ մեր պայմաններին չի համապատասխանում»,- ասում է նա:

Ստեղծված պայմաններում, Ներսեսյանի խոսքով, զարմանալի չէ, որ գիտությունը գրավիչ չէ երիտասարդների համար: «Երիտասարդն ուզում է ստեղծագործի, բավարարի իր գիտական, հասարակական և նյութական ամբիցիաները, ինչը մեր գիտական միջավայրում հնարավոր չէ»,- ասում է նա:

«Մինչդեռ նույն երիտասարդի առջև բաց է, օրինակ՝ ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտը, որը տալիս է իրենց համապատասխան ու բարձր վարձատրվող աշխատանք և կարիերայի հեռանկարներ: Այսինքն՝ այստեղ երիտասարդն իրեն զգում է սոցիալապես պահանջված, մինչդեռ գիտության ոլորտում՝ ոչ»,- ասում է նա:

Չնայած թվարկած խնդիրներին՝ Ներսեսյանը նշում է, որ Հայաստանում տեսական ֆիզիկան անհամեմատ ավելի զարգացած է, քան տարբեր ցուցանիշներով մեզ հետ համեմատելի երկրներում:

«Եթե լուծվի լիարժեք մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ստեղծման խնդիրը, ապա մենք ունենք բավարար տվյալներ, որպեսզի լինենք ձգող կետ տարածաշրջանի համար»,- կարծում է Ներսեսյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: