Հայերեն   English   Русский  

​Դավիթ Խիթարյան. «Մրցաշարերին մասնակցում ենք մեդալներ ձեռք բերելու համար»


  
դիտումներ: 2035

Մայիսի 13-14-ը Օրենբուրգում կայացավ մեծահասակների ձյուդոյի Եվրոպայի գավաթի խաղարկությունը, որին Հայաստանի մեր հավաքականը մասնակցեց 11 մարզիկով: Հայ ձյուդոյիստներից առավել հաջող հանդես եկան Ֆերդինանդ Կարապետյանն (73կգ) ու Անդրանիկ Չափարյանը (81 կգ)՝ արժանանալով բրոնզե մեդալի:

«Անկախի» հետ զրույցում Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Դավիթ Խիթարյանն ամփոփում է մրցաշարի արդյունքները, խոսում առաջիկա մրցաշարերի և Հայաստանում անցկացված մարզչական սեմինարի մասին:

- Օրենբուրգի մրցաշարին մասնակցեց ձյուդոյի մեծահասակների հավաքականի հիմնական կազմը: Մրցաշարը ցույց տվեց, որ թիմի իրական առաջատարներն են Ֆերդինանդ Կարապետյանն ու Անդրանիկ Չափարյանը: Յուրաքանչյուրը մասնակցեց 5 գոտեմարտի: Մեր մարզիկները 4-ական հաղթանակ տարան, 1-ական պարտություն կրեցին և գրավեցին 3-րդ տեղը:

Կարող եմ ասել, որ տղաներն իրենց առավելագույն հնարավորություններով հանդես չեկան, բայց և այնպես հավաքականի մարզչի համար պարզ դարձան այն խնդիրները, որոնց շուրջ հետագայում հարկավոր է ավելի շատ աշխատել:

- Հավաքականի կազմի 10-ից ավելի մարզիկ մասնակցեց մրցաշարին և միայն 2-ը հաջող հանդես եկան: Այս արդյունքները բավարարո՞ւմ են ֆեդերացիային:

- Բնական է, որ մյուս մարզիկների արդյունքները չեն կարող գոհացնել ֆեդերացիային: Տղաների մասնակցությունն այնքան էլ հուսադրող չէր: 2-3 մարզիկների հետ աշխատանքները կշարունակվեն, քանի որ նրանք հետագայում ավելի բարձր մարկարդակով հանդես գալու հնարավորություն ունեն: Կլինեն նաև մարզիկներ, որոնց ֆինանսավորումը կդադարեցվի, քանի որ նրանց աշխատանքը գոհացուցիչ չէ: Ցավոք, այսօր ձյուդոյի ֆեդերացիան կենտրոնացված բազա, բավարար ֆինանսական հնարավորություններ չունի, որպեսզի կարողանանք մարզիկներին շուրջտարի պահել ուսումնամարզական հավաքների մեջ: Պատասխանատվությունը դրվում է նրանց անձնական մարզիչների վրա: Ակնհայտ է, որ նրանք բավարար աշխատանք չեն իրականացնում:

Ձյուդոյի ֆեդերացիայի մարզչական խորհուրդը՝ Թաթուլ Հովհաննիսյանի ղեկավարությամբ, այդ բացթողումները կուսումնասիրի, քննարկումներ կլինեն և որոշում կկայացվի: Մարզիկները կընդգրկվեն հավաքականի կազմ այն դեպքում, երբ փոփոխություններ կնկատենք նրանց պատրաստվածության մակարդակում:

- Մայիսի 20-21-ը, Արմեն Նազարյանի գլխավորությամբ, Ֆերդինանդ Կարապետյանն ու Անդրանիկ Չափարյանը Եկատերինբուրգում մասնակցեցին «Մեծ սաղավարտ» մրցաշարին: Մրցանակային տեղեր զբաղեցնել չստացվեց:

- «Մեծ սաղավարտը» բարձրակարգ վարկանշային մրցաշարերի շարքում է: Ֆերդինանդ Կարապետյանն ու Անդրանիկ Չափարյանը մասնակցեցին որպես հավաքականի առաջատարներ: Բավական ուժեղ կազմ էր հավաքվել. մասնակիցների թվում էին օլիմպիական խաղերի մրցանակակիրներ, աշխարհի չեմպիոններ:

Անդրանիկ Չափարյանը երկու հաղթանակ տոնեց՝ գրավելով 7-րդ տեղը: Նրա մասնակցությունն այս կարգի մրցաշարում կարելի է դրական գնահատել: Հնարավորություն եմ ունեցել առցանց հետևելու գոտեմարտերին: Վստահաբար կարող եմ ասել, որ առաջընթացը նկատելի է: Հետագայում հարկավոր է աշխատել Անդրանիկի դիմացկունության և արագաուժային հատկությունների վրա, և արդյունքները չեն սպասեցնի:

Ֆերդինանդ Կարապետյանն այս անգամ իր գոտեմարտում չկարողացավ հաղթել: Տղաները մեծահասակների հավաքականի առաջատարներն են: Այս մրցաշարերը օլիմպիական խաղերի համար վարկանշային միավորներ են տալիս, և բնական է, որ մենք մասնակցում ենք մեդալներ ու վարկանիշներ ձեռք բերելու համար, ուստի հարկավոր է շատ աշխատել ավելի բարձր արդյունքներ ունենալու համար:

- Տարին հագեցած է մրցաշարերով: Առաջիկայում ի՞նչ մրցաշարերի են պատրաստվում մասնակցել մեր մարզիկները:

- Հունիսի 2-ից երիտասարդական հավաքականը Սոչիում մասնակցելու է ուսումնամարզական հավաքի: Հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Նազարյանի առաջարկով կազմի մեջ ենք ընդգրկել նաև Անդրանիկ Չափարյանին և Ֆերդինանդ Կարապետյանին, որպեսզի նրանք պահպանեն մարզավիճակը, միաժամանակ իրենց փորձն ու վարպետությունը փոխանցեն մեր երիտասարդ մարզիկներին:

Այնուհետև մեծահասակների հավաքականը Մինսկում կմասնակցի ուսումնամարզական հավաքի և Եվրոպական գավաթի խաղարկությանը, որը նաև փորձնական մրցում կլինի աշխարհի առաջնությունից առաջ:

- Սպորտում հաջողության հասնել կարելի է հմուտ և փորձառու մարզիչների շնորհիվ: «Օլիմպիական համերաշխություն» ծրագրի շրջանակներում Հայաստանում մարզչական սեմինար անցկացրեց օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Վալերի Դվոյնիկովը: Սեմինարն ի՞նչ նպատակ էր հետապնդում:

- 3-րդ տարին անընդմեջ Հայաստան ենք հրավիրում միջազգային փորձագետների, որոնք 10-օրյա սեմինարներ են անցկացնում մարզչական կազմի հետ: Հրավիրված բոլոր մասնագետները նախկինում անվանի մարզիկներ, օլիմպիական խաղերի մրցանակակիրներ և աշխարհի չեմպիոններ են եղել, իսկ այժմ ոլորտի փորձառու մասնագետներն են: Սեմինարները նպատակ ունեն մարզիչների միջոցով բարձրացնել մարզիկների պատրաստվածության մակարդակը:

Սեմինարին մասնակցեց շուրջ 30 մարզիչ Երևանից, Գյումրիից, Վանաձորից, Արցախից: Կարծում եմ՝ նրանց թիվը պետք է ավելին լինի, դպրոցները պետք է շահագրգռված լինեն մարզիչների վերապատրաստման հարցում: Բավական արդյունավետ սեմինարներ են՝ մեթոդական ցուցումներով, որոնք մեծապես կօգնեն մարզիչներին մարզումները ճիշտ և արդյունավետ կազմակերպելու համար:

«Օլիմպիական համերաշխությունը» միջազգային օլիմպիական կոմիտեի ծրագիր է, որն իրականացվում է ՄՕԿ-ի, Ազգային օլիմպիական կոմիտեների, միջազգային և ազգային ֆեդերացիաների հետ համագործակցելով: Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեին և վերոնշյալ կառույցներին մեզ նման հնարավորություն ընձեռելու համար:

Անժելա ԲԵԳԼԱՐՅԱՆ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: