Հայերեն   English   Русский  

​Համակարգչային հանցագործություններ (կիբեռհանցագործություն)


  
դիտումներ: 7131

Գիտատեխնիկական հեղափոխությունը սոցիալական համակարգում առաջացրեց մեծ փոփոխություններ, որոնցից էր նոր՝ տեղեկատվական հասարակական հարաբերությունների առաջացումը: Տեղեկատվական տեխնոլոգիաների առաջացումն ու զարգացումը իր հետ բերեց նոր խնդիրներ, իսկ այդ խնդիրներից լրջագույնը համակարգչային հանցագործություններն են կամ, ինչպես ասում են, կիբեռհանցագործությունները:

Համակարգչային հանցագործություններն առաջին անգամ իրավապահների ուշադրությանն արժանացան անցյալ դարի 70-ականներին, երբ ի հայտ եկան 50-60-ականներին կատարված մի շարք համակարգչային հանցագործություններ: Պատմականորեն առաջին համակարգչային հանցագործն է համարվում Ալֆոնսե Կոնֆեսսորեն (ԱՄՆ), որ 1969 թ. ապօրինի կերպով մուտք էր գործել պետական համակարգչային ցանց և իրականացրել հարկային հանցագոծություն: Ալֆոնսե Կոնֆեսսորեի պատճառած վնասը պետությանը գնահատվել է 620 հազար ԱՄՆ դոլար:

Համակարգչային հանցագործությունների դինամիկ զարգացումն արդարացիորեն ստեղծել էր համակարգչային հանցագործությունները քրեականացնելու անհրաժեշտություն: Սկզբում իրավապահ մարմինները փորձում էին համակարգչային հանցագործությունները որակել ավանդական հանցակազմերով, օրինակ՝ հափշտակություն: Սակայն համակարգչային հանցագործություններն իրենց հատկանիշներով չէին տեղավորվում այդ հանցակազմերի տրամաբանության մեջ, ուստի պետք էր առանձին նորմերով ամրագրել համակարգչային հանցագործությունների հանցակազմերը:

1973 թ. ընդունված օրենքով (Data Act) Շվեդիան առաջին անգամ սահմանեց համակարգչային երկու հանցագործություն՝ համակարգչային ցանց ապօրինի մուտք գործելը և այնտեղ առկա տեղեկատվությունը փոփոխելը, որոնք միտված են գույքային վնասներ հասցնելուն: Շվեդիայից հետո պետությունները մեկը մյուսի հետևից ընդունեցին համանման իրավակարգավորումներ: Բացառություն չէ նաև Հայաստանը: Հայրենի քրեական օրենսգրքում առկա է «Համակարգչային տեղեկատվության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունները» առանձին գլուխ: Այստեղ ընդգրկվել են հետևյալ հանցագործությունները. համակարգչային տեղեկատվության համակարգ առանց թույլտվության մուտք գործելը (ներթափանցելը), համակարգչային տեղեկատվությունը փոփոխելը, համակարգչային սաբոտաժը, համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալը, համակարգչային տեղեկատվություն ապօրինի մուտք գործելու (ներթափանցելու) համար հատուկ միջոցներ պատրաստելը կամ իրացնելը, վնասաբեր ծրագրեր մշակելը, օգտագործելը և տարածելը, համակարգչային համակարգը կամ ցանցը շահագործելու կանոնները խախտելը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: