Հայերեն   English   Русский  

Հայրենադարձություն դեպի…Արևմտյան Հայաստան


  
դիտումներ: 21590

«Հայաստանի Հանրապետությունը մեզ համար հայրենիք է, մեր հարազատ հայկական հողը, մենք եկած ենք ազատագրված հող, հայկական հանրապետություն, քաղաքացիություն էլ վերցուցած ենք. կապրինք, կշնչինք, կմտածինք ու կգործինք իբրև հայ, բայց վերջնական հայրենադարձ չենք: Մենք ունենք մեր հողերը, որ դեռ չեն վերադարձած մեզ: Մեր մտքի կենտրոնում Արևմտյան Հայաստանի ազատագրումն է և մեր պապերու բնակավայրերը վերադառնալը: Պիտի այդ հողերը մեզ վերադառնան: Այն ատեն միայն հայրենադարձությունը կիրականանա բոլորիս համար»,- ասում է Սիրիայում ծնված, աշխարհի տարբեր ծայրերում ապրած և 2009-ից մեկընդմիշտ Հայաստան տեղափոխված Գառնիկ Սարգիսյանը:

Գառնիկ Սարգիսյանը ծնվել է Դամասկոսում, մտավորականների ընտանիքում: Նրա գերդաստանը Արևմտյան Հայաստանից Սիրիա է գաղթել Ցեղասպանության ժամանակ: Ծնողները փոքրուց երեխաների մեջ հայկականն ու ազգայինն են սերմանել: Իրենց մանկական հեքիաթները բարի հրեշտակների մասին չէին, այլ երբեմնի հզոր Հայաստանի, հայ արքաների, հայկական ժառանգության ու նաև եղեռնի սարսափների մասին:

Երիտասարդ տարիքից Սիրիայից դուրս գալով` Գառնիկը տարբեր երկրներում է ապրել ու ամեն տեղ որոնել հայկական պատմությունն ու մշակույթը: 2009 թվականը նրա համար ճակատագրական է դարձել. «Միշտ պրպտուքի մեջ էի մեր անցյալի մասին` մանավանդ խոր անցյալի, հազարավոր տարիներ խորը: Իտալիայում էի, մի շատ հետաքրքրական գիրք գտա, որտեղ ներկայացվում էր մարդկության պատմությունը գաղտնի կազմակերպությունների տեսանկյունեն: 575 էջը ուշիուշով կարդացի: Գիրքը հակահայկական էր. ներկայացված էր աշխարհի բոլոր քաղաքակրթություններու մասին, բոլոր զարգացումներու մասին, և ոչ մի խոսք հայության մասին»:

Գառնիկը որոշում է` պիտի գա Հայաստան, որպեսզի իր մտքում մութ ծալքեր թողած բոլոր հարցերի պատասխանները, որ չի կարողացել գտնել աշխարհի որևէ գրականության մեջ, գտնի Հայաստանում: Գալիս է ու սկսում նորից որոնել:

Գառնիկ Սարգիսեան

«Շփվելով շատ իմաստուն, գիտակից, գիտուն մարդկանց հետ և պրպտումներս շարունակելով` ամբողջական պատկերացում ունեցա, թե մենք ով ենք, ինչ կնշանակե բնիկ ըլլալն ու դրա ուժը, ինչու մեր հանդեպ ցեղասպանություն տեղի ունեցած է, ովքեր էին դրա հետևը, դրա իրական հեղինակները և այլն»:

Ցեղասպանության հետևանքով հայրենազրկված ու այսօր էլ հայրենի հողերի վերադարձի գաղափարով ապրող սիրիահայը ճիշտ չի համարում 100-ամյա ողբի մեջ մնալով ապրելը: «Մենք այդ ոճիրը ո՛չ կմոռնանք, ո՛չ ալ կներենք, բայց դեպի առաջ պիտի երթանք: Ողբերգության մեջ մնալը ինքնասպանություն է: Մեր մեջ ցանեցին այդ ողբերգության հունդը, և դա մաքրելը բավական դժվար աշխատանք է»:

Պահանջատիրություն բառն էլ, ըստ նրա, շատ արծարծվեց, անգամ Ցեղասպանության 100-ամյակի կարգախոսն էր: Բայց թե դա ի՞նչ է նշանակում, ի՞նչ է արվում պահանջելու համար: Կարծում է` ոչինչ:

Գառնիկ Սարգիսյանը 2011 թվականին հիմնադրված Արևմտյան Հայաստանի Հանրապետության կառավարության անդամ է, այդ կառավարության արտգործնախարարը: Կառավարության ստեղծումն ինքնանպատակ գործողություն չէ, այն թելադրված է Արևմտյան Հայաստանի հայերի իրավունքները լավագուն ձևով պաշտպանելու և իրականացնելու հայեցակարգով ու ռազմավարությամբ: «Շատերը կըսեն, որ ատի միֆ է, ինքնակոչ գործունեություն և այլն: Ո՛չ: Եթե մի քիչ հետաքրքրվեն, մեր ազգի ոչ վաղ անցյալի` 1916-20 թվականների պատմությունը կարդան, ապա կտեսնեն, որ մենք արդեն ունեինք կառավարություն, որը միջազգային ճանաչում ստացավ 1919 թվականի հունվարի 19-ին Վերսայի Խաղաղության վեհաժողովի կողմից: Մենք այդ կառավարության շարունակողն ենք»:

Ասում է, որ իրենց կառավարությունը հարաբերվում է տարբեր պետությունների հետ: «Հանդիպումներ, բանակցություններ Արևմտյան Հայաստանի վերականգնման շուրջ,- փակագծերը բացում է Գառնիկ Սարգիսյանը` հավելելով, որ այդ բանակցություններում շեշտը դրվում է փոխադարձ շահերի վրա:- Մեր ջարդերը տեղի ունեցան, մեր իրավունքները խլվեցան որոշ ազդեցիկ պետություններու շահերու համար: Ուրեմն հարաբերությունների հիմքում պետք են ոչ թե բարոյականություն, օրենք, խիղճ կամ նման բաներ, այլ շահեր: Մենք այսօր այդ մոտեցումն ենք որդեգրել»:

Այսօրվա աշխարհաքաղաքական իրավիճակը, ըստ նրա, ամենաբարենպաստն է Արևմտյան Հայաստանի վերադարձի հարցը միջազգային լուրջ քննարկումների փուլ մտցնելու համար: «Եթե համաշխարհային այս իրավիճակի մեջ մենք չկարողանանք իրականացնել Արևմտյան Հայաստանի վերականգնումը, հետո արդեն չենք կարողանա: Իսկ Հայաստանը մեր հիմքն է, ապաստանը, և որքան որ հզոր ու կայուն ըլլա, այնքան նպաստավոր կըլլա իրականացնել մեր մեծ երազանքն ու ծրագիրը»:

Դա է պատճառը, որ Հայաստան տեղափոխված Գառնիկ Սարգիսյանը այլևս որևէ այլ տեղ իր կյանքն ու գործունեությունը չի տեսնում: Միակ բացառությունը Արևմտյան Հայաստանն է. «Այստեղից կտեղափոխվեմ միայն Արևմտյան Հայաստան»,-ասում է նա:

Խոսելով Հայաստանի Հանրապետության խնդիրների ու ժողովրդի մասին` նա օբյեկտիվորեն է վերլուծում իրավիճակը` հաշվի առնելով ու համեմատելով իր կյանքի փորձը տարբեր երկրներում: «Ինչից Հայաստանի Հանրապետության ժողովուրդը կդժգոհի, այդ դժգոհությունները բոլոր երկրներուն մեջ կան: Օրինակ՝ Եվրոպան: Ես Իտալիայի մեջ ապրած եմ: Կըսեն, թե այնտեղ մարդու իրավունքները ապահովված են և այլն: Սուտ է: Հա, իրենք մի քիչ ավելի շքեղ, ավելի բարեկեցիկ կյանք կվարեն, բայց ստրուկը դարձած են իրենց առավոտից մինչ իրիկուն աշխատելուն: Մի վայրկյան գործեն հետ մնան, անոթի կմնան»:

Նա համոզված է` Հայաստանի Հանրապետության ժողովուրդը մեծ դեր ունի իր այսօրվա վիճակի մեջ. «Ամեն ինչի մեղքն ուրիշի վրա գցելու սովորություն կա այստեղ. իշխանություն, Ռուսաստան, ՆԱՏՕ, Թուրքիա, դոլար, օլիգարխ… Այո, այս բոլորն էլ կան, բայց որպեսզի այս ամենը չկարողանան ազդեցություն թողնել, նախ ժողովուրդը պետք է հասկանա, թե ի՛նքն ինչով թերացած է: Յուրաքանչյուր երկրի հզոր տերը ժողովուրդն է: Երբ ժողովուրդը տեր կանգնի իր երկրին, ուրեմն այդ երկիրը պաշտպանված է և ուժեղ»:

Զրուցակիցս ցավով է նկատում, որ Հայաստանում բացակայում է հավաքական հարգանքը, երկրի նկատմամբ դողը: Իսկ երբ օրինակ եմ բերում քառօրյա պատերազմի ժամանակ հասարակության համախմբումը, հակադարձում է. «Լավ, պետք է միայն պատերա՞զմ լինի, որ համախմբվենք: Եթե խաղաղության ժամանակ նույն ձևով ձեռք- ձեռքի տանք, 5 տարի հետո Հայաստանը կդառնա աշխարհի ամենաառաջատար երկրներեն մեկը: Եվ սա մեր թշնամիները շատ լավ գիտեն ու տարբեր ձևերով ազդում են: Երկրի տերը` ժողովուրդը, պիտի այդ բոլորը գիտակցի: Միասնականությունը միայն խոսքով չէ: Երկու հարևան նույն շենքի մեջ չեն կարողանում գալ համաձայնության, որ շենքի մուտքը բարելավեն: Ամեն մեկն իր դռնեն ներս դրախտ կդարձնե, դուռեն դուրս ավերակ է: Դրսից եկողին համար այս պատկերները շատ հստակ են: Երբ այս վիճակը կա՝ ցանկացած թշնամի շատ հեշտորեն կըրնա աշխատիլ մեր երկիրը քանդելու համար: Իսկ եթե Հայաստանի Հանրապետությունն էլ կորցնենք, Արևմտյան Հայաստանի մասին արդեն խոսք չկա: Մեզ համար` արևմտահայերուս համար, Հայաստանի Հանրապետության կայունությունը, հզորությունը մեծ խթան է: Դրա համար էլ մենք բոլորս պիտի այդ գործին նվիրվենք»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: