Հայերեն   English   Русский  

​Մայրաքաղաքում կենդանական աշխարհը վերանում է


  
դիտումներ: 891

Միացյալ Նահանգների և Եվրոպայի քաղաքներում կառուցապատման ժամանակ կատարվում է այս կամ այն շրջանում հանդիպող թռչունների տեսակների դիտարկում և շենքերը կառուցելիս հաշվի է առնվում թռչունների բնադրման հանգամանքը: Ցավոք, մեր արդի ճարտարապետությունում նման նորմեր հաշվի չեն առնվում:

Երևանում մեծ թափով վերսկսվել են շինարարական աշխատանքները: Շինարարության տեմպերի աճի և կանաչ տարածքների կրճատման հետևանքով երգեցիկ թռչունների որոշ տեսակներ անհետացել են: Փոխարենն ավելացել են ագռավներն ու կաչաղակները, որոնք քաղաքի աղտոտման ցուցիչ են: Դրանց պոպուլյացիայի աճի պատճառը, ըստ մասնագետների, քաղաքի կառուցապատումն է և դրա հաշվին կանաչ գոտիների ոչնչացումը: Այդ թռչուններն արագ են բազմանում այնտեղ, որտեղ աղբը շատ է, այդ թվում և շինարարական աղբը: Դրանք կարող են սնվել նաև երգեցիկ թռչունների ձվերով, ինչը մեծ վնաս է պատճառում բնությանը: Քաղաքի աղտոտումը մեծ առնչություն ունի երգեցիկ թռչունների կորստի և ագռավների ու կաչաղակների բնադրման հետ: Ինչքան քաղաքն աղտոտվի, այնքան այդ թռչունների քանակը կավելանա:

«Վերացնելով պուրակներն ու անտառները՝ մենք վերացնում ենք նաև երգեցիկ թռչունները: Այնպիսի թռչնատեսակներ, ինչպիսիք են վարդագույն սարյակը, բեղավոր երաշտահավը, շիկապոչ սոխակը, փոքր երաշտահավը, ջրածիծառը, կանաչ գոտիների կրճատման հետևանքով պարզապես հեռացել են այլ վայրեր»,- «Անկախի» հետ զրույցում ասաց «Թռչնասերների կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Սիլվա Ադամյանը:

Մասնագետի խոսքով` ինքն այս մասին տարիներ շարունակ խոսում է, ահազանգում է նաև քաղաքապետարանում: Նույնիսկ սեփական նախաձեռնությամբ մի շարք կազմակերպությունների հետ փորձել է կարգավորել խնդիրը. թռչնաբներ են տեղադրել քաղաքի որոշ հատվածներում:

«Մեր նախաձեռնությունը ոչ մի արդյունք չտվեց, որովհետև վերսկսված շինարարական աշխատանքները, ծառահատումները և պուրակների ոչնչացումը օր-օրի մեծ չափերի են հասնում: Մենք կենսամիջավայրի փոփոխության լուրջ խնդիր ունենք մայրաքաղաքում, որին բնորոշ կենդանական աշխարհը հետզհետե ոչնչանում է: Կլիմայական փոփոխությունների և կենսամիջավայրի փոփոխության հետ պակասել է մանգաղաթև կոչվող թռչնատեսակը: Այս տարի վարդագույն սարյակների քանակության անկում է նկատվել, պոպուլյացիան քիչ է: Այն թռչունները, որոնք ժամանակին բնադրվել են Երևանում, այսօր բնադրավայրեր չունեն: Այն կենսամիջավայրը, որը ստեղծվել է Երևանում, թույլ չի տալիս, որ այդ թռչունները բնադրվեն: Մյուս տեսակները, որոնք ոչնչացման շեմին են, մանր և երգեցիկ թռչուններն են, դրանք բնակվում են այգեպատ տարածքներում»,- ասաց Սիլվա Ադամյանը:

Նրա խոսքով՝ 80-ականներին Երևանում եղել է 151 տեսակի թռչուն, այսօր մնացել է 122 տեսակ, որը լուրջ կորուստ է: Պատճառն այն է, որ մեզ մոտ էկոլոգիական աղետ է, քաղաքը գնում է դեպի անապատացում:

«Մոնումենտի այգիներն ավերեցին, Դալմայի այգիները հիմնահատակ քանդեցին: Նորից պետք է սկսել այգիներ տնկել, որպեսզի վերականգնվի քաղաքի կենսաբազմազանությունը: Հակառակ դեպքում մենք կկորցնենք երգեցիկ թռչունները և փոխարենը ձեռք կբերենք ագռավներ, կաչաղակներ, քարաթռչնակներ»,- ասաց մասնագետը:

Լիլիթ ԽԱՉԱՏՐՅԱՆ






Մեկնաբանություններ - 1

Յուրիկ Հակոբյան     31.05.2017 1920թՙՙ քաջարի,, դաշնակների լքած անապատ Էրիվանի փոխարեն ՙՙմարդակերՙՙ կոմունիստները 1991թ երիտհայերին հանձնեցին վարդագույն, կանաչների մեջ կորած Երեվանը: Իսկ հիմա վայելեցեք:
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: