Հայերեն   English   Русский  

«Աստղ» ֆիլմն ինձ փոխել է. ռեժիսոր Աննա Մելիքյան


  
դիտումներ: 1284

«Աստղ» ֆիլմն ինձ փոխել է։ Մենք անընդհատ ինչ-որ մեջբերումներ ենք կարդում ՝ «Կյանքը հիասքանչ է», «Դա մի ակնթարթ է, և պետք է արժեքավոր բաները գնահատել » և այլն։ Մենք դրանք կարդում ենք և պարզապես անցնում։ Իսկ այս ֆիլմը ստիպեց իսկապես հասկանալ դա; Այդ հիմարիկ, տարօրինակ աղջիկը կրում է իր մեջ այդ միտքը։ Այն ասում է ՝ կյանքը հենց այս վայրկյանն է, և պետք է ապրել ուրախ, որովհետև չգիտենք՝ վաղը ինչ տեղի կունենա», - այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ոսկե Ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» անվանակարգում ներկայացված ֆիլմի ռուսաստանցի ռեժիսոր Աննա Մելիքյանը։

«Աստղը» պատմում է երեք տարբեր կերպարների մասին, ովքեր շաղկապված են խորհրդավոր ձևով՝ չհասկացված լինելուց տանջվող 15-ամյա դեռահասը, նրա գլամուրային և ամբարտավան խորթ մայրը և անտաղանդ, բայց լավատեսությամբ լի երիտասարդ դերասանուհին: Նրանց ճակատագրերը կանխորոշված չեն, իսկկյանքերը շատ փխրուն են:

Ռեժիսորը պատմեց, որ սկզբնական փուլում, երբ սկսում է նկարահանել ֆիլմերը, որևէ գաղափար հաղորդելու նպատակ չի դնում իր առջև. «Ուղղակի ծնվում է մի պատմություն, որը ցանկանում եմ ցույց տալ։ Որպես կանոն դրանք հիմնականում հիմարություններ են, և ինձ դուր է գալիս այդ տարօինակ գործընթացում, այն, որ դու կարծես թե հիմարություններ ես պատմում, սակայն երբ այդ ամենը միանում է, ինչ-որ մի բան է ստեղծվում, որը ստիպում է մարդկանց մտածել» ։

Աննա Մելիքյանը դժվարացավ պատասխանել, թե ինչ ժանրում են իր ֆիլմերը. «Ես երբեք չեմ կարողանում ստեղծել գործեր, որոնք կա՛մ կոմերցիոն, կա՛մ հեղինակային կլինեն. հեղինակային ֆիլմերի համար ես բավարար չափով խելացի չեմ, իսկ կոմերցիոն ֆիլմերի համար այնքան էլ ուրախ և հիմար չեմ։ Այդ պատճառով ես կարծես այդ երկուսի մեջտեղում եմ», - ասաց նա ՝ հավելելով, որ «Ջրահարսից» կինոնկարից հետո նրա ֆիլմերը սկսեցին բնորոշել որպես արթմեյնսթրիմ, ինչը նրան դուր է եկել ։

«Աստղ» ֆիլմը արժանացել է երկու մրցանակի Սոչիի «Կինոտավր» փառատոնի ժամանակ «Լավագույն ռեժիսոր» և «Լավագույն դերասանուհի» անվանակարգերում։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: