Հայերեն   English   Русский  

Փոքրիկ ընթերցողն ամենևին էլ պակաս կարևոր ընթերցող չէ


  
դիտումներ: 28332

1950 թվականից մինչ օրս ամեն տարի հունիսի 1-ին նշվում է Երեխաների պաշտպանության միջազգային օրը: Այս առիթով էլ հանդիպել ենք հեքիաթագետ, թարգմանիչ, լեզվաբան, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ անգլիական բանասիրության ամբիոնի դասախոս Ալվարդ Ջիվանյանի հետ, որ նաև «Զանգակ» հրատարակչության մանկապատանեկան գրականության խմբագիրն է և Հովհաննես Թումանյանի թանգարանում գործող հեքիաթագիտության բաժնի ղեկավարը, որի շրջանակներում էլ իրականացնում է «Ոսկե դիվան» հեքիաթագիտական հանդեսի ու «Հասկեր» մանկական գրականության և բանահյուսության տարեգրքի խմբագրական աշխատանքները: Մեր զրույցը սկսեցինք երեխաների կյանքի անբաժան մաս կազմող հեքիաթից:

- Ի՞նչն է, որ հեքիաթը սիրելի է դարձնում մանուկներին, և ինչու՞ այն ընթերցողների առումով տարիքային սահմանափակում չի ճանաչում:

- Երեխայի հոգեբանության և մտածողության մեջ կան բաներ, որոնք ներդաշնակ են հեքիաթի տրամաբանությանը, ուստի հրաշապատում որևէ շարադրանք համարժեք ընկալելու համար ավելի շատ տվյալներ ունեն երեխաները, քան մեծահասակները: Ճիշտ եք, որ հեքիաթն ամենևին էլ չի ենթադրում միայն մանուկ ընթերցող: Նաև, եթե վերցնենք ժանրն ինքնին, ապա կան ամբողջ հեքաթացանկեր` նախատեսված հենց հասուն ընթեցողի համար:

- Նույն հեքիաթը կարո՞ղ է ունենալ տարբեր ասելիք` ուղղված մանուկ և հասուն ընթերցողներին:

- Այո՛, հեքիաթը կարող է ունենալ տարբեր ուղերձներ, որոնցից մանուկ ընթերցողը վերցնում է իր հասանելիքը, հասունը` ավելի խորը շերտերում իրենը: Ընդ որում, եկեք չթերագնահատենք փոքրիկ ընթերցողին, որովհետև լինում են շնորհալի երեխաներ, որոնք կարող են հեքիաթի խորհուրդն ավելի խորքային ընկալել, քան մեծահասակները: Ես երբեմն հանդիպում եմ փոքրիկների, որոնցից սովորում եմ ավելի ուշադիր կարդալ և նկատել կարևոր մանրուքները: Նրանք նույն երևույթը, թեման, պատմությունը, անունը կարող են բոլորովին այլ կերպ ընկալել և սովորեցնել, որ կա նաև այդպիսի տարբերակ:

- Ի՞նչ կասեք պատանի ընթերցողի պահանջների և մանկական գրականության առանձնահատկությունների մասին:

- Պատանի ընթերցողն այսօր ավելի հաղորդ է այլ մշակույթների, ավելի շատ լեզուների է տիրապետում, մեծ է նաև պատկերային տեղեկատվության դերը` հեռուստատեսություն, համացանց և այլն, ուստի նրա պահանջներն ավելին պիտի լինեին, քան նախկինում: «Զանգակում» աշխատելու շնորհիվ էլ ոչ միայն լսելով, այլև մոտիկից գիտեմ, որ այսօր մանկագրությունը բավական մեծ տարածում ունի, համենայն դեպս՝ շահեկան դիրքում է մեծահասակներին ուղղված գրականության համեմատ: Սպառման առաջին պատճառներից մեկն այն է, որ մանկական գիրքը ձևավորվում է շատ ավելի լավ, քան հասուն ընթերցողին ուղղված գրականությունը: Նաև թե՛ օբյեկտիվ, թե՛ սուբյեկտիվ պատճառներով ավելի նպաստավոր վիճակում է թարգմանական մանկագրությունը: Պիտի կարողանանք հասնել նրան, որ մանկական գրականության ցանկում հավասար տեղ զբաղեցնեն թարգմանված և հայալեզու հեղինակները:

- Տիկին Ջիվանյան, Դուք թարգմանել եք Ջ.Ք. Ռոուլինգի հանրահայտ վեպի առաջին երկու գրքերը` «Հարրի Փոթերը և Գաղտնիքների սենյակը» , «Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը» վեպերը, «Եսասեր հսկան» հեքիաթը, «Փոքրիկ արքայադուստրը» վեպը, «Փիթրը և Վենդին» վիպակը, «Փիթր Փենը Քենսինգթոնի այգիներում», «Վինի Փու արջուկը» վիպակը և այլ ստեղծագործություններ: Թարգմանական այս մեծ ծավալի աշխատանքները պայմանավորված են մեր մանկական գրականության ոլորտում առկա բացերո՞վ, թե՞ համաշխարհային գրականության մաս կազմելու խնդրով:

- Պատճառները տարբեր են: Նշված գրքերը Մեծ Բրիտանիայում վաղուց արդեն հաստատված արժեքներ են: Բնական է, որ կցանկանայինք` հայերենն էլ այդ շարքում հայտնվեր: Նաև կան ինչ-որ ձևով մեր խնդիրներին համահունչ գրքեր: Չմոռանանք շուկայական պահանջի հարցը: Ուստի ուղղակի անհրաժեշտություն էր հայերեն թարգմանել արդեն հարյուրավոր լեզուներով թարգմանված «Հարրի Փոթերը», որ բազում ուղերձներ ունի: Միայն չգիտեմ` այս ստեղծագործությունը ժամանակի ընթացքում կպահպանի՞ իր կարևորությունը, թե՞ ոչ: Երբ չափազանց շատ են խոսում գրքի մասին, մի տեսակ չեզոքանում է դրա խորհրդավորությունը:

- Որքանո՞վ են նոր տպագրված գրքերը ֆինանսական առումով հասանելի հայկական ընտանիքներին: Եվ արդյոք գրադարանները ստանու՞մ են նոր տպագրված գրքեր, թե՞ ոչ:

- Բարեբախտաբար թե դժբախտաբար, գիրքը, բացի մշակութային արժեք լինելուց, նաև ապրանք է, գրքերի թվաքանակի մի մասը բաշխվում է գրադարաններում (բայց Հայաստանը գրադարանաշատ երկիր է, և եթե բոլոր գրադարաններին մեկական օրինակ տրվի, ապա հրատարակիչների վիճակը դժվար կլինի), մի մասը նվիրվում է ում հարկն է, բայց, իհարկե, գիրքը պետք է վաճառվի, և գրքի գինը, ինչպես ցանկացած ապրանքի գին, պայմանավորված է դրա վրա կատարած աշխատանքներով և որակային հատկանիշներով: Գրքի վրա աշխատում են թարգմանիչներ, խմբագիրներ, սրբագրիչներ, տեխնիկական աշխատողներ և այլն: Միակ հուսադրող բանը, որ կարող եմ ասել, հետևյալն է. մեծ պահանջարկ ունեցող գրքերը (օրինակ` «Հարրի Փոթերը» «Զանգակում»), տպագրությունից որոշ ժամանակ անց ունենում են փափուկ կազմով տարբերակ, որն անհամեմատ ավելի մատչելի է:

- Ի՞նչ գրքեր են այսօր կարդում հայ մանուկները:

- Այս հարցի պատասխանը շատ պարզ է. այն, ինչ իրեն առաջարկում են: Իհարկե, որևէ կասկած չի կարող լինել դասական մանկագիրների ընթերցման առումով, անգամ ավելորդ է նշել Հովհաննես Թումանյանին կամ Ղազարոս Աղայանին. նրանք երևելի հեղինակներ են: Ուստի ցանկալի կլիներ, որ այսօվա հայ մանկագիրները դիմանային ժամանակի մրցությանը` մշակելով ազգային մանկագրության զարգացման մեր սկզբունքները: Կա նաև վերաբերմունքի պակաս, քանի որ նույն ժամանակակից հայ հեղինակներն այսօր, ոչ բոլորը իհարկե, փոքր-ինչ թերագնահատող վերաբերմունք ունեն մանկական մշակույթի հանդեպ ընդհանրապես` ի տարբերություն, ասենք, Անգլիայի կամ Ֆրանսիայի, որտեղ մանկական գրականությունն իր կարևորությամբ չի զիջում հասուն ընթերցողին հասցեագրված գրականությանը: Ասածիս իմաստն այն է, որ փոքրիկ ընթերցողն ամենևին էլ պակաս կարևոր ընթերցող չէ: Իսկ թե կոնկրետ ինչ գրքեր են կարդում հայ մանուկները, ուղղորդման համար ասեմ, որ այսօր «Զանգակի» կայքում կա ամառային ընթերցանության էջ, որտեղ ոչ միայն գրքերն են խորհուրդ տրվում, այլև կազմակերպվում են միջոցառումներ, որոնց երեխաները մասնակցում են մեծ սիրով: Ի դեպ, մենք հիմա ունենալու ենք նոր կայք, որ կոչվում է «Արշալուսիկ», կա նաև ՖԲ էջը` լի անհրաժեշտ տեղեկատվությամբ նոր լույս տեսած գրքերի մասին: Մեծ ուշադրություն կդարձվի նաև պատկերային նյութին, որտեղ, դարձյալ համեմատության մեջ, մենք կաղում ենք, քանի որ մանկական գրքերը պետք է ձևավորված լինեն տեքստերին համարժեք: Առ այսօր, թող ինձ ներվի ասել, Թումանյանի ու Աղայանի տեքստերը չունեն համարժեք պատկերազարդումներ: Ի վերջո, մանկական գրականության դեպքում գիրքը որքան տեքստ, այնքան էլ պատկեր է: Եվ որպեսզի այդ անհավասարակշիռ վիճակից նույնպես ձերբազատվենք, «Զանգակում» «Հայ մանկապատանեկան գրականության» առանձին մատենաշար ենք սկսել: Առաջինը Մկրտիչ Արմենի «Գույնզգույն թագավորությունը» հեքիաթ-վիպակն է ներկայացվել:

Ալվարդ Ջիվանյան

- Հեքիաթի ժանրն այսօր որևէ փոփոխության ենթարկվու՞մ է որակական կամ թեմատիկ առումով:

- Ցավալիորեն հեքիաթն անկում է ապրում` փոխարինվելով այլ ժանրերով: Սերիալը, օրինակ, հեքիաթի բազմաթիվ փոփոխություններով լի մի տրանսֆորմ է ըստ էության: Այն խստորեն հետևում է հեքիաթի տրամաբանությանը. բարին հաղթում է չարին, մոխրոտ աղջիկը, ի վերջո, հասնում է իր երազանքին և այլն: Հետևաբար, եթե կա պատկերային, տեխնիկապես ազդեցիկ հեքիաթ, ապա բանավոր պատումն արդեն կորցնում է իր ակտուալությունը: Մյուս կողմից էլ հաշվի առնենք, որ եթե հեքիաթի ժանրը, որպես ժողովրդական զրույց, անկում է ապրում, ապա տալիս է ճյուղավորում. վաղուց արդեն ստեղծվել է հեղինակային հեքիաթը, որը, ինչ էլ ասվի, ծագել է բանահյուսական պատումից:

- Մի փոքր կպատմե՞ք Հովհաննես Թումանյանի թանգարանում գործող հեքիաթագիտության բաժնի «Ոսկե դիվան» հեքիաթագիտական հանդեսի և «Հասկեր» մանկական գրականության և բանահյուսության տարեգրքի մասին:

- Ամենակարևոր բանը, որ այս բաժինն անում է, երկու պարբերականների («Ոսկե դիվան» և «Հասկեր») հրատարակումն է: «Ոսկե դիվանում» ընդգրկում ենք նույն թանգարանի կազմակերպած հեքիաթագիտական գիտաժողովների զեկուցումները` նվիրված հեքիաթի տարբեր կողմերի ուսումնասիրություններին, իսկ «Հասկերը» միայն մանկական գրականությանն է նվիրված: Այս երկու պարբերականներն արժևորում են եղած ու ստեղծվող հեքիաթագրությունն ու մանկական գրականությունը` փաստելով, որ կա դրանք ուսումնասիրելու և՛ հնարավորություն, և՛ անհրաժեշտություն:

- Ի՞նչ կմաղթեք մանուկ ընթերցողներին հունիսի 1-ի առիթով:

- Մաղթում եմ, որ երեխաները մի լավ հանգստանան, լինեն առողջ ու կարդան հնարավորինս լավ գրքեր, լավ հեքիաթներ:

Արփի Խաչատրյան





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: