Հայերեն   English   Русский  

​ՎԵՐՋԻՆ ՕՐԵՐԻ ԱՂՄԿԱՀԱՐՈՒՅՑ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ


  
դիտումներ: 12868

Դեռևս պաշտոնական վիճակագրություն չկա, թե նախորդ տարվա համեմատ այս տարի որքանով է աճել կամ նվազել ծանր հանցագործությունների թիվը: Սակայն գրեթե ամեն օր արձանագրվում են ահասարսուռ դեպքեր: «Անկախն» այս համարում ներկայացնում է որոշ մանրամասներ վերջին օրերին առավել մեծ հնչեղություն ստացած ծանր հանցագործությունների մասին:

Ինչո՞ւ է կինը սպանել ամուսնուն. նոր մանրամասներ

2017 թ. մայիսի 25-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզի Գուգարք գյուղում:

Նշված օրը՝ կեսգիշերն անց, ոստիկանության բաժնում ահազանգ է ստացվել, որ Գուգարք գյուղի 6-րդ փողոցի տներից մեկի աստիճանին տղամարդու դի կա: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ տեղի ունեցածը սպանություն է, սպանվածը՝ 34-ամյա Տիգրան Մարտիրոսյանն է (տարիներ առաջ սպանված քրեական հեղինակություն «Ճաճոյի Էդո» մականունով հայտնի Էդիկ Մարտիրոսյանի որդին-հեղ.), իսկ ենթադրյալ սպանողը՝ նրա կինը՝ Լիաննա Կիրակոսյանը:

Սպանության, ինչպես նաև ապօրինի կերպով զենք-զինամթերք կրելու, պահելու և օգտագործելու դեպքերի կապակցությամբ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ, որի կարճատև նախաքննության ընթացքում արդեն իսկ բացահայտվել է կատարված հանցագործությունը:

Անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ սպանության համար ՀՀ քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածով Լիաննա Կիրակոսյանին մեղադրանք է առաջադրվել: Նրա նկատմամբ մինչդատական վարույթում ընտրվել է անազատության հետ չկապված խափանման միջոց:

Ինչպես պարզեցինք, կատարված սպանությունը խոր արմատներ է ունեցել: Կինը՝ Լիաննա Կիրակոսյանը, պարբերաբար բռնության և ծեծի է ենթարկվել ամուսնու՝ Տիգրան Մարտիրոսյանի կողմից: Հերթական վիճաբանությունը սկսվել է 2017 թ. մայիսի 24-ի երեկոյան: Ըստ տեղեկությունների՝ Տիգրան Մարտիրոսյանը, լինելով ալկոհոլային հարբածության վիճակում, իրենց տանը տեղի ունեցած վիճաբանության ժամանակ տարբեր իրեր է նետել կնոջ ուղղությամբ, ապա նրան հետապնդել «Մակարով» տիպի ատրճանակով: Լիցքավորված ատրճանակը պահել է կնոջ գլխին և սպառնացել սպանել: Այդ ընթացքում կինը նրան հրել է, վերցրել ամուսնու ձեռքից ատրճանակը և կրակել նրա ուղղությամբ, ստացած մարմնական վնասվածքներից Տ. Մարտիրոսյանը տեղում մահացել է:

Հիշյալ քրեական գործը քննող քննիչի որոշմամբ՝ պաշտպանության միջոցներ են կիրառվել կնոջ և նրա բնակարանի նկատմամբ (մինչդատական վարույթն իրականացնող մարմինը պաշտպանության միջոցներ կիրառում է բացառիկ դեպքերում, պետության կողմից պաշտպանության միջոցներ կիրառելու նպատակը դատավարության մասնակցին տարբեր ոտնձգություններից պաշտպանելն է- հեղ.):

Նշենք, որ «Ճաճոյի Էդոն»՝ Էդիկ Մարտիրոսյանը, նրա որդին` ժորա Մարտիրոսյանը և ազգականը սպանվել են 2004 թ. օգոստոսի 3-ին (Վանաձորից Ալավերդի տանող ճանապարհին նրանց մեքենան գնդակոծել են):

Մահափորձ երկու հեղինակության նկատմամբ

Տիգրան Մարտիրոսյանի սպանությունից մեկ օր առաջ աղմկահարույց հանցագործություն է կանխվել Արմավիրի մարզում: Ըստ տեղեկությունների՝ 3 անձ մահափորձ է կազմակերպել միանգամից 2 հեղինակության նկատմամբ: Մահափորձի ենթադրյալ թիրախում են եղել քաղաքացիներ Արթուր Ասատրյանը (նա հանրության շրջանում առավել հայտնի է «Դոն Պիպո» մականվամբ-հեղ.) և Արամ Վարդանյանը («Վստրեչի ապեր»):

Մինչ այս պատմության մանրամասները բերանից-բերան էին անցնում, ոստիկանությունը հաղորդեց, որ Էջմիածնի բնակարաններից մեկում վնասազերծված 3 տղամարդիկ կասկածվում են առանձնապես ծանր հանցագործության՝ սպանություն նախապատրաստելու մեջ: Պարզվում է՝ երկու հեղինակություններին սպանելու համար ենթադրյալ հանցագործները վարձակալել են բնակարան, իսկ հանցագործությունը ավարտին հասցնելու համար ապօրինի ձեռք են բերել զենք-զինամթերք:

Պաշտոնական տեղեկատվությունից զատ, մեզ հաջողվեց գործի վերաբերյալ որոշ մանրամասներ իմանալ:

Պարզվում է՝ սպանության թիրախում հենց Արամ Վարդանյանն է եղել՝ «Վստրեչի ապերը»: Նրա նկատմամբ տարիներ առաջ էլ մահափորձ է իրականացվել: Այն ժամանակ Ա. Վարդանյանը սգո արարողության է մասնակցել, որտեղ վարձու մարդասպաններ են դարանակալել: Նրանց նկատել են արարողությանը ներկա գտնված անձինք և կարողացել են ինքնուրույն պաշտպանվել:

Ենթադրյալ մահափորձի կազմակերպիչներն էլ առաջիկայում ջրի երես դուրս կգան: Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ գործին առնչվում են «օրենքով գողեր»:

Նշենք, որ մահափորձը կազմակերպելու համար երեք անձանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով (կազմակերպված խմբի կողմից պատվերով սպանության նախապատրաստություն) և 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել կամ կրել), իսկ մեկ անձի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Դանակահարել է ծնողներին, ապա նետվել շենքի 6-րդ հարկից

2017 թ. մայիսի 13-ին ահասարսուռ դեպք տեղի ունեցավ մայրաքաղաքի Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանում: 21-ամյա Վլադիմիր Կանջինյանը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է ծնողների հետ, որի ընթացքում խոհանոցային դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել մորը՝ Գայանե Մազինյանին, ապա հորը՝ Սուրեն Կանջինյանին, վերջիններս ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Ինքը՝ Վլադիմիր Կանջինյանը, ծնողներին դանակահարելուց հետո, ինքնասպանություն գործելու նպատակով իրենց շենքի 6-րդ հարկի շքամուտքի պատշգամբից ցած է նետվել և ընկել շքամուտքի մոտ կայանված ավտոմեքենայի վրա:

Քննչական կոմիտեից հայտնում են, որ հիշյալ դեպքի առթիվ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանության փորձ) հարուցվել է քրեական գործ, որի նախաքննության ընթացքում իրականացվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ հանցագործության բոլոր հանգամանքները բացահայտելու ուղղությամբ:

Մեր տեղեկություններով՝ Կանջինյանների ընտանիքը անհաշտությամբ աչքի չի ընկել, ընտանիքի անդամները բարձագույն կրթություն ունեն, աշխատում են պետական համակարգում: Իսկ վեճի արմատները ծնունդ են առել 21-ամյա երիտասարդի սիրո արկածներից:

Մաքսակետի պետի աղմկահարույց ձերբակալությունը

Մայիսի 25-ին ձերբակալվել են «Բավրա» մաքսակետի պետը և ՍՊ ընկերություններից մեկի տնօրենը՝ կաշառք ստանալու, կաշառք տալու, կաշառքի միջնորդության և առևտրային կաշառք ստանալու կասկածանքով:

ՀՀ ոստիկանության 6-րդ վարչության (կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն) կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ են ստացվել, որ մի շարք կազմակերպությունների տնօրեններ և աշխատակիցներ, ֆիզիկական անձինք, առևտրային կազմակերպություն հանդիսացող մաքսային միջնորդական (բրոքերական) ծառայություններ իրականացնող ՍՊԸ-ի աշխատակիցների միջնորդությամբ համաձայնության գալով Մաքսային ծառայության պաշտոնատար անձանց հետ, իրենց օգտին գործողություններ կատարելու՝ ՀՀ օրենքով սահմանված մաքսային արժեքից ավելի ցածր սակագնով մաքսազերծելու, ապրանքների արտահանման համար օրենքով սահմանված արժեքից ավելի ցածր սակագնով վճարում կատարելու համար անձամբ և միջնորդների միջոցով կաշառք են տվել, իսկ պաշտոնատար անձինք ստացել են:

Կաշառք ստանալու, կաշառք տալու, կաշառքի միջնորդության և առևտրային կաշառք ստանալու դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունն իրականացնում է Հատուկ քննչական ծառայությունը:

Մեր տեղեկություններով՝ հիշյալ քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացվում են անհետաձգելի քննչական և օպերատիվ-հետախուզական գործողություններ, որոնց արդյունքում հնարավոր է՝ օրերս ձերբակալվեն այլ պաշտոնատար անձինք ևս: Չնայած թե՛ «Բավրա» մաքսակետի պետը, թե՛ ՍՊ ընկերության տնօրենը չեն շտապում իրավապահներին հայտնել գործով առնչվող այլ անձանց անուններ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: