Հայերեն   English   Русский  

​Աթլետների հաջող ելույթը Վրաստանի բաց առաջնությունում


  
դիտումներ: 1523

Հունիսի 24-25-ը Մալթայում կայանալու է աթլետիկայի Եվրոպայի թիմային առաջնության 3-րդ խմբի մրցաշարը, որին մասնակցելու են մեր հավաքականի աթլետները:

Ստուգատեսին ընդառաջ՝ Հայաստանի առաջատար վազորդուհիներ Լիլիթ Հարությունյանն ու Էլլադա Ալավերդյանը՝ մարզիչ Արթուր Ղազարյանի գլխավորությամբ, մայիսի 24-ին մասնակցեցին աթլետիկայի Վրաստանի բաց առաջնությանը: Արթուր Ղազարյանի ներկայությունը մեծապես նպաստեց մեր մարզուհիների ելույթներին, քանի որ նրանք Վանաձորում մարզվում են Ղազարյանի և փորձառու մասնագետ Գոհար Նազարյանի գլխավորությամբ: Անշուշտ, մարզիչների համագործակցութունն իր դրական արդյունքներն է տալիս:

Ուրախալի է, որ վերջին տարիներին հայ աթլետները բավական հաջող են հանդես գալիս աթլետիկայի Վրաստանի բաց առաջնությունում: Մայիսի 19-21-ը Արտաշատում անցկացված աթլետիկայի Հայաստանի առաջնությունում նվաճած 3-ական ոսկե մեդալներին հայ մարզուհիներն ավելացրին նաև Վրաստանի բաց առաջնությունում նվաճած 1-ական ոսկե մեդալը՝ կրկին հավաստելով , որ լավ մարզավիճակում են:

Լիլիթ Հարությունյանը կանանց 400 մ վազքում 58.77 ցուցանիշով արժանացավ ոսկե մեդալի: Բարձր արդյունքներով ու վստահ մրցելույթով ուրախացրեց նաև 17-ամյա խոստումնալից վազորդուհի Էլլադա Ալավերդյանը: Նա լավագույնն էր կանանց 1500 մ վազքում:

Մեկ անգամ ևս հաստատվեց այն, որ անձնական մարզչի ներկայությունը, հատկապես՝ միջազգային մրցումներում, անհրաժեշտ ու օգտակար է և դրական ներգործություն է ունենում նրանց սաների արդյունքների վրա: Հուսանք, որ մեր մարզուհիներն այս հաջողությունը կամրապնդեն նաև Մալթայում կայանալիք Եվրոպայի թիմային առաջնության 3-րդ խմբի մրցաշարում:

Անժելա ԲԵԳԼԱՐՅԱՆ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: