Հայերեն   English   Русский  

​Խոսք ընթերցողի. Մտորումներ հասունության բարձունքից


  
դիտումներ: 29897

Ամեն անգամ, երբ ձեռքս եմ առնում տնտեսական, հասարակական, կրթամշակութային վերլուծական «էկոնոմիկա» պարբերականի հերթական համարը, մի տեսակ կարոտս փարատող զգացողություն եմ ունենում: Եվ առաջինը, որ ուզում եմ կարդալ, «Խոսքը՝ խմբագրին» էջերն են, որտեղ գլխավոր խմբագիր Լուսյա Մեհրաբյանը հասարակական հնչեղության տարբեր թեմաներով իր խոհերն է շարադրում՝ մշտապես առանձնանալով իր ուրույն մտածելակերպով, կայուն դիրքորոշումով, լրագրողական հնարքների ուսանելի օգտագործմամբ, հայրենասիրության բաղադրատոմսերով, իր բնաշխարհի ու նախնյաց սիրով, ապագայի վառ երազանքներով:

Ճիշտ նույն զգացողությունն ունեցա՝ վերջերս ընթերցելով նրա «Երեք անգամ նույն ճանապարհով» գիրքը, որ «Էկո» մատենաշարով հրատարակել է «Վան Արյան» հրատարակչությունը: Հեղինակն այս անգամ հանդես է գալիս էսսեի ժանրով: Նա հասունության բարձունքից նայում է իր մանկությանը, գնահատում իր ծնողների կյանքի ուղին ու վաստակը:

- Իմ երկիրը իմ ծնողի կամ զավակի դերում եմ տեսնում, նրա պաշտպանն եմ: Կարծես, որպես երդում այն հնչեց,- գրում է Լուսյա Մեհրաբյանը՝ այդ վեհ գաղափարը շղարշելով գրող, լրագրող դառնալու իր կատարված երազանքի հետ: Գրում է իսկապես երդում հնչեցնելու պես:

Երդում, որ իրենն է, բայց ասված է նաև ընթերցողների անունից: Շատ բան է ասում այս գրքի էջերում Լուսյա Մեհրաբյանը երբեմնի հզոր կայսրության փլուզման, մութ ու ցուրտ, ալան-թալանի տարիների, ավերիչ երկրաշարժի և այլ իրողությունների մասին ու փորձում անաչառ գնահատել այդ նույն ժամանակի լրատվությունը, ժողովրդական ընդվզումը, երբեմն զավեշտի հասնող անտարբերությունը՝ չմոռանալով բարձրաձայնել իր հիմնական եզրահանգումը. «Ես Հայաստանի զավակն եմ ու Հայաստանի համար են իմ զավակները: Կանայք հասարակության կեսն են նաև պատասխանատվությամբ»:

…Երրորդ անգամ է Լուսյա Մեհրաբյանը գնում նույն ճանապարհով, նաև պարզում, որ իր նախնիք Անդրանիկի գյուղից են եկել, ու բարձրաձայն խոստովանում. «Իսկ մենք ամբողջ սրտով, հոգով, երազանքներով, մտքերով Լոռիում ենք, միամիտ, բանաստեղծական, զուլալ նախասկզբով հրճվանք ապրող մեծ երեխաներ»:

Սրտաբուխ պատմություններ ու գնահատականներ են հավաքված այս գրքի էջերում, որի վերջում «Դեպի ո՞ւր» հարցադրումն է ու «Նորից՝ նույն ճանապարհով» պատասխանը.«Ճանապարհը վերջին լույս է, հայոց հավերժության հույսն ու հավատը»:

Այն, ինչ մտածում էի, կարծում եմ՝ ասացի, մնում է որպես ընթերցող պատասխանել հեղինակի «Երեք գիրք եմ հրատարակել, բայց գրո՞ղ եմ, թե ոչ» հարցադրմանը:

Պատասխանը հաստատ դրական է՝ նրա հետ հաջորդ հանդիպման սպասումով:

Վաղարշակ Ղորխմազյան





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: