Հայերեն   English   Русский  

Ընդդիմադիր լրագրող Աֆղան Մուխթարլըի առևանգումը պատվիրել է ադրբեջանցի գործարար. Գիվի Թարգամաձե


  
դիտումներ: 452

Վրացական ընդդիմադիր «Եվրոպական Վրաստան» կուսակցության առաջնորդ Գիվի Թարգամաձեն պնդում է, որ Թբիլիսիում ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխթարլըի առևանգումը կազմակերպել է նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի ազգականը:

Ինչպես հաղորդում է «Թուրան» լրատվական գործակալությունը, Թարգամաձեն Թբիլիսիում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նշել է, որ Մուխթարլըի առևանգումը պատվիրել է ազդեցիկ ադրբեջանցի գործարար, որի բիզնես-գործընկերն է Ուչա Մամացաշվիլին` Բիձինա Իվանիշվիլիի զարմիկը: Այդ կերպ, ըստ Թարգամաձեի, ադրբեջանցի գործարարը ցանկացել է նվել անել իր ղեկավարությանը՝ նրանց հանձնելով ընդդիմադիր լրագրողին:

Թարգամաձեն վստահ է, որ հենց այդ պատճառով ադրբեջանցի ընդդիմադիր լրագրողը Թբիլիսիում մայիսի 29-ին առևանգվել է և տեղափոխվել Ադրբեջան: Լրագրողի առևանգման մասին տեղյակ են եղել նաև Պետական անվտանգության ծառայության ղեկավար Վախթանգ Գոմելաուրին և Վրաստանի վարչապետ Գեորգի Գվիրիկաշվիլին: Թարգամաձեն հավելել է, որ առևանգողները եղել են քրեական ոստիկանության համազգեստով: Նրանք կանգնացրել են լրագրողին, ձերբակալել և ավտոմեքենան նստացրել: Դրանից հետո նրանք երեք անգամ փոխել են իրենց ուղղությունը: Ճանապարհին էլ պարզվել է, որ լրագրողի մոտ անձնագիր չի եղել, բացի այդ վերջինս իրեն վատ է զգացել, քանի որ տառապում է շաքարային դիաբետով:

Լրագրող Աֆղան Մուխթարլըն առևանգվել էր մայիսի 29-ին Թբիլիսիում և գաղտնի տեղափոխվել Ադրբեջան: Նրա դեմ ավելի վաղ ներկայացվել էին «սահմանն ապօրինի հատելու» և «մաքսանենգության» մեղադրանքներ: Մուխթարլըի դեմ ներկայացվել է նոր մեղադրանք՝ սահմանապահի նկատմամբ բռնության կիրառմամբ դիմադրության ցուցաբերում: Ադրբեջանում Սաբաիլի շրջանանի դատարանը լրագրող Աֆղան Մուխթարլըի նկատմամբ ընդունել է որպես խափանման միջոց երեք ամսով կալանքը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: