Հայերեն   English   Русский  

Հայաստանում բոլոր քայլերը, որոնք կատարվել են կտրուկ, հանգեցրել են անցանկալի հետևանքների.Վազգեն Մանուկյան


Հանրային խորհուրդը ՀՀ առողջապահության նախարարի հետ քննարկել է ոլորտի խնդիրները


  
դիտումներ: 465

Հանրային խորհրդում ս.թ հունիսի 5-ին տեղի է ունեցել քննարկում առողջապահության ոլորտի խնդիրների վերաբերյալ, որին մասնակցել են նաև ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը և Հայաստանի առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարջյանը:

Նախարարը Հանրային խորհրդին ներկայացրել է ոլորտի զարգացման տեսլականը, ընթացիկ խնդիրներն ու առաջիկա ծրագրերը:

Ըստ Լևոն Ալթունյանի՝ առողջապահական ոլորտում ծախսերը մոտ 180 տոկոսով գերազանցում են պետական բյուջեով նախատեսված գումարը: Այս և այլ խնդիրներ հաշվի առնելով՝ նախարարությունը ձեռնարկել է բարեփոխումների գործընթաց, որի շրջանակում նախատեսվում են իրականացվել մի շարք ծրագրեր: Առաջին հերթին պետք է կարգավորվեն պետպատվերի բաշխման մեխանիզմները, որպեսզի պետպատվերը լինի հասցեական, հնարավորինս շատ քաղաքացիներ անվճար կարողանան օգտվել բժշկական ծառայություններից, և նվազեցվեն կոռուպցիոն ռիսկերը:

Ոլորտի մյուս բարեփոխումը էլեկտրոնային առողջապահական համակարգի ներդրումն է լինելու, որի ժամանակ հիվանդը հերթագրվելուց մինչև վճարում ամեն ինչ կատարելու է էլեկտրոնային եղանակով:

Մյուս կարևոր բարեփոխումը, ըստ Լևոն Ալթունյանի, օպտիմալացումն է: Հայաստանում առկա է բուժծառայություն մատուցող 488 հաստատություն, որից 190-ը՝ ստացիոնար, մնացածը՝ ամբուլատոր: Ներկայացնելով միջազգային վիճակագրական տվյալներ՝ նախարարը նշել է, որ բուժհաստատությունների թիվը մեր երկրում շատ ավելին է, քան դրա պահանջարկն է, որի հետևանքով տեղի է ունենում ռեսուրսների անիմաստ վատնում:

Հանրային խորհրդի անդամները մտահոգություն են հայտնել ՀՀ կառավարության մասնավորեցման ծրագրում ներառված մի շարք բուժհաստատությունների վերաբերյալ՝ նշելով, այդ քայլով պետությունը մասնավորին է հանձնում այնպիսի ոլորտներ, որոնք առնչվում են հանրային առողջությանը, հիվանդությունների կանխարգելմանը, և որտեղ կարևոր է պետության կարգավորիչ դերը:

Նախարարը հավաստիացրել է, որ բուժհաստատությունների մասնավորեցման դեպքում պետությունը չի նվազեցնելու իր հսկողությունն ու պատասխանատվությունը, իսկ կարգավորիչ դերը ավելացնելու է: Այնուամենայնիվ, Լևոն Ալթունյանը պատրաստակամություն է հայտնել այդ բուժհաստատություններից յուրաքանչյուրի վերաբերյալ Հանրային խորհրդի անդամների, շահագրգիռ կողմերի հետ կազմակերպել առանձին քննարկումներ:

Հանդիպման ընթացքում բարձարցվել են բժիշկների մասնագիտական ներուժի և բժշկական տեխնիկայի ձեռքբերման ու արդյունավետ օգտագործման խնդիրները: Նախարարը նշել է, որ մի կողմից կա նեղ մասնագետների կարիք, մյուս կողմից՝ ավելորդ քանակ: Նա հայտնել է, որ օպտիմալացման հետևանքով անգործ մնացած բժիշկների համար անվճար կկազմակերպվեն վերապատրաստման դասընթացներ, և վերջիններիս կառաջարկվի զբաղեցնել համակարգի այն ոլորտները, որտեղ մասնագիտական դեֆիցիտ կա:

Խորհրդի անդամները նախարարի հետ քննարկել են նաև հակածխախոտային նոր ռազմավարությունը, որով առաջարկվում է ընդլայնել հանրային վայրերում ծխելու արգելքը: Հանրային խորհրդի անդամները դրական են գնահատել նախարարության հակածխախոտային քաղաքականությունը՝ կարևորելով հանրային առողջության ուղղությամբ իրականացվող քայլերը, միաժամանակ մտահոգություն հայտնել, որ կտրուկ քայլերը մեր երկրում կարող են ոչ ցանկալի հետևանքներ առաջ բերել: «Երբ աշխարհում սկսվեց ծխախոտի դեմ պայքարը, և շատ երկրներում արգելվեց հանրային վայրերում ծխելը, ծխող մարդկանց առաջին արձագանքը այդ փոփոխությանը բացասական էր, քանի որ դա ընկալվում էր իբրև մարդու իրավունքների ոտնահարում: Սակայն զարգացած երկրներում այդ խնդիրն արագ հաղթահարվեց, և հանրային վայրերում չծխելն այսօր բնական և ընդունելի երևույթ է»,-նշել է Վազգեն Մանուկյանը՝ միաժամանակ հավելելով, որ անհարժեշտ է հաշվի առնել տնտեսվարողների շահերը, քանի որ մեր երկրում սոցիալական խնդիրը բավականին լուրջ է:

Լևոն Ալթունյանը, պարզաբանելով նախաձեռնությունը, նշել է, որ իրենց նպատակը 5 տարվա ընթացքում 30 տոկոսով ծխողների քանակի նվազեցումն է, ինչն էլ իր հերթին 10 տոկոսով կնվազեցնի ուռուցքային հիվանդությունների քանակը: Այդ ցուցանիշներին հասնելու համար, ըստ նախարարի, պետք են կտրուկ քայլեր՝ տուգանքների ավելացում, հանրային վայրերում ծխելու արգելք և ծխախոտի գնի բարձրացում: «Եթե խոսքն արդյունքների մասին է, բաղադրատոմսը կա: Իսկ եթե այդ միջոցներն ավելի մեղմ լինեն, ապա արդյունքի հնարավոր կլինի հասնել ավելի երկար ժամանակահատվածում»,-ասել է Ալթունյանը:

Հանրային խորհրդում հնչել է առաջարկ հանրային վայրերում ծխելն ամբողջությամբ արգելելու փոխարեն գոնե որոշակի ժամանակահատվածում խրախուսման մեխանիզմների կիրառումը, ենթադրենք, հարկային արտոնությունների տեսքով կամ հակառակը, որից հետո կամաց-կամաց անցնել համատարած արգելքի: «Հայաստանում բոլոր քայլերը, որոնք կատարվել են կտրուկ, հանգեցրել են անցանկալի հետևանքների: Այս դեպքում նույնպես կարող են հետևանքները ծանր լինել, ուստի պետք է այդ ամենը ճկուն եղանակներով, փուլ առ փուլ իրականացնել»,-նշել է Վազգեն Մանուկյանը:

Խնդիրներից մեկն էլ գործող օրենքի չկիրառումն է, ըստ որի պետք է սահմանափակվի սրճարաններում, ռեստորաններում և այլ հանրային վայրերում ծխախոտի օգտագործումը:

Նախարարի հետ հանդիպմանը բարձրացվել են նաև էկոլոգիային, բժշկագիտությանը, բժիշկների մասնագիտական որակի բարձրացմանը, հեռահար բժշկության և սպորտային բժշկության զարգացմանը, դեղորայքի շուկային վերաբերող հարցեր:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: