Հայերեն   English   Русский  

Կատարը ձեռքերը ծալած չի նստի ու սպասի,թե ինչ է տեղի ունենալու. արաբագետ


  
դիտումներ: 426

Վտանգ կա, որ տարածաշրջանում իսլամական ծայրահեղականությունը գլուխ է բարձրացնում:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց արաբագետ Սարգիս Գրիգորյանը:

«Ես վտանգ ավելի շատ տեսնում է Կովկասում, ոչ թե Կատարի հետ կապված դիվանագիտական սկանդալում: Այստեղ այս տենդենցը շարունակաբար ակտիվանում է : Ռուսական լրտվամիջոցները լռում են, բայց լուրջ գործընթաց է տեղի ունենում: Այնտեղ նոր գեներալ է նշանակվել, որը պատերազմում փորձ ունի: Ծայրահեղականությունն այստեղ վտանգավոր է նաև Հայաստանի համար»,- նշեց արաբագետը:

Հիշեցնենք, որ միանգամից 7 երկիր խզել է հարաբերությունները կատարի հետ:

Ըստ արաբագետի՝ Կատարը առանցքային երկիր է և լարվածությունը, որքան էլ սուր թվա, հանգուցալուծում կստանա. «Կատարը լուրջ ռեսուրսներ ունի և համարժեք պատասխան կարող է տալ: Կատարն այն երկիրը չէ, որ ձեռքերը ծալած նստի ու սպասի,թե ինչ է տեղի ունենալու: Թեև իրավիճակն իսկապես լուրջ է. երկիրը շրջափակման մեջ է ընկել»:

Սարգիս Գրիգորյանի խոսքով՝ այդ սկանդալում Սաուդյան Արաբիան մեծ դեր է ունեցել:

«Կարծում եմ, որ ԱՄՆ-ն ակտիվորեն վերադառնում է տարածաշրջան: Սրա մասին հուշում է Թրամփի՝ վերջին շրջանի քաղաքականությունը: Ես Կատարի հետ հարաբերություների վատթարացումը կապում եմ նաև Սաուդյան Արաբիայի հետ: Կատարը, ինչպես գիտեք, ՀՆԱ-ի մեկ շնչին հասնող կտրվածքով ամենահարուստն է, բնական գազի ծավալով՝ երրորդն է, այսինքն` ունի որոշակի հնարավորություններ: Ունի նաև տեղեկատվական մեծ հնարավորություն՝ «Ալ Ջազիրան»: Հետևաբար, կարծում եմ, որ սրանք լավ փաթեթավորված մեղադրանքներ էին՝ Կատարի դեմ ուղղված»,- հավելեց Սարգիս Գրիգորյանը:

Արաբագետ Արմեն Պետրոսյանը հիշեցրեց, որ թեև կատարի բնակչությունը 2.6 միլիոն է, սակայն քաղաքացիություն ունեն ընդամենը մի քանի հարյուր հազարները, այսինքն՝ նրանց հետ մուտքի վիզայի չեղարկումը վտանգ չի կարող ներկայացնել Հայաստանի համար:

Փոխարենը՝ Կատարի հետ հարաբերությունների սրացումը կարող է հեռանկարում բերել Կատար-Իրան-Հայաստան տնտեսական կապերի զարգացման, քանի որ շրջափակված Կատարի միակ ելքը դեպի աշխարհ անցնում է Իրանով:

Սարգիս Գրիգորյանը հակադարձեց՝ Կատարը սունիական աշխարհից դժվար թե մեկուսանա` Իրանի հետ հարաբերություններ սկսելու համար: Արմեն Պետրոսյանի խոսքով՝ նման պարագայում այլ ելք չի մնում:

Նա նաև գտնում է, որ եթե իրավիճակը գնա դեպի սրացում, մենք ականատես կլինենք Կատար-Թուրքիա հարաբերությունների լավացման:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: