Հայերեն   English   Русский  

​Ալթունյանն ունի բաղադրատոմսը, մնում է՝ այն կիրառի


  
դիտումներ: 3083

5 տարվա ընթացքում 30 տոկոսով նվազեցնել ծխողների թիվը, 10 տոկոսով՝ ծխելու հետևանքով առաջացող ուռուցքային հիվանդությունները:

հանրային խորհուրդ

Ահա սա է առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի հակածխախոտային նախաձեռնության նպատակը, որն իրագործելու բաղադրատոմսը նա արդեն գտել է՝ տուգանքների ավելացում, հանրային վայրերում ծխելու արգելք և ծխախոտի գնի բարձրացում:

Հանրային խորհրդի հետ հանդիպման ժամանակ Ալթունյանն ասել է, որ եթե ուզում են արդյունքի հասնել կարճ ժամանակահատվածում, ապա պետք է կտրուկ քայլեր իրականացնեն, իսկ եթե մեղմ միջոցներ կիրառեն, ապա արդյունքի հնարավոր կլինի հասնել շատ ավելի երկար ժամանակահատվածում:

Ինչպե՞ս է արձագանքում այս նախաձեռնությանը հայ հանրությունը: Հակիրճ՝ հայավարի: Իսկ ավելի կոռեկտ՝ քննադատաբար: Այո, եթե անգամ կառավարության առաջարկած բարեփոխման մեխը հանրային առողջությունն է, եթե անգամ դա բխում է մարդու անձնական շահերից, միևնույն է, հասարակությունը քննադատում է: Կարծրատիպը հետևյալն է. եթե կառավարությունն է ինչ-որ բան նախաձեռնում, ապա հաստատ մտածում է ոչ թե հանրության շահերի մասին, այլ իր: Կամ էլ ծխախոտ արտադրողներին են ուզում հարստացնել, քանի որ ծխախոտի գինը մի քանի անգամ բարձրանալու է: Այս թեզի վերաբերյալ մեզ հետ զրույցում կարճ պարզաբանում է տալիս «Մասիս Տոբակո» ընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Թադևոսյանը. «Բարձրանում է ակցիզային հարկը, բայց մեր շահույթները չեն ավելանում»:

Այնուամենայնիվ, Հայաստանում, որտեղ սոցիալական խնդիրները սուր են դրված, և հանրությունը խիստ զգայուն է ցանկացած փոփոխության նկատմամբ, նման կտրուկ փոփոխությունները իսկապես կարող են ոչ ցանկալի հետևանքներ թողնել: «Երբ աշխարհում սկսվեց ծխախոտի դեմ պայքարը և շատ երկրներում արգելվեց հանրային վայրերում ծխելը, ծխող մարդկանց առաջին արձագանքն այդ փոփոխությանը բացասական էր, քանի որ դա ընկալվում էր իբրև մարդու իրավունքների ոտնահարում: Սակայն զարգացած երկրներում այդ խնդիրն արագ հաղթահարվեց, և հանրային վայրերում չծխելն այսօր բնական և ընդունելի երևույթ է»,- նախարարի հետ հանդիպման ժամանակ նշել է Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը՝ միաժամանակ հավելելով, որ անհրաժեշտ է հաշվի առնել տնտեսվարողների շահերը, քանի որ մեր երկրում սոցիալական խնդիրը բավականին լուրջ է:

Պարզվում է՝ առողջապահության նախարարությունն այս հարցով նաև միջազգային փորձագետներին է դիմել, վերջիններս էլ միջազգային փորձն են մատնանշել, որ օրինակ՝ ծխողների ու չծխողների տարածքների հատկացումն անարդյունավետ միջոց է, քանի որ դա վերահսկելը գրեթե անհնար է: Հայաստանին խորհուրդ են տվել՝ եթե ուզում եք, որ օրենքն ամբողջությամբ պահպանվի, ապա ծխախոտի օգտագործումը փակ տարածքներում լրիվ արգելեք: Հանրային վայրերում ծխելը մասնակիորեն թույլ տալը նախարարությունը խնդրահարույց է համարում նաև կոռուպցիոն ռիսկերի և անառողջ մրցակցություն առաջացնելու տեսանկյունից:

Ժամանցի փակ վայրերում ծխախոտի արգելումը եվրոպական մի շարք երկրներում նույնպես ժամանակին ցնցումներ է առաջացրել: Շատ ռեստորաններ ու սրճարաններ օրենքի ընդունումից հետո առաջին ամիսներին որոշակի վնասներ են կրել, առաջ է եկել սպառման ծավալների մինչև 20 տոկոս նվազում, սակայն հետագա ամիսներին սպառման ծավալները կարգավորվել են այլ ապրանքների ու ծառայությունների սպառման աճի հաշվին: Ենթադրենք, եթե մարդը գնում էր սրճարան, վերցնում էր գարեջուր և ծխախոտ, ժամերով նստում ու ծխում, այժմ գարեջրի հետ միասին վերցնում է սուրճ, այլ ապրանքներ, օգտվում է ինտերնետ կապից, ծայրահեղ դեպքում՝ դուրս գալիս ծխելու ու կրկին վերադառնում:

Հայաստանի առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարջյանը թվարկում է. «Պայմաններ ստեղծել, որպեսզի մարդը չդառնա ծխող, ծխելը թողնել ցանկացողների համար ձևավորել աջակցող միջավայր, իսկ չափից դուրս շատ ծխողներն էլ քչացնեն չափաբաժինը: Այո, մեր նպատակը հանրային առողջության պահպանումն է»:

Հանրային խորհրդում հնչել է առաջարկ հանրային վայրերում ծխելն ամբողջությամբ արգելելու փոխարեն գոնե որոշակի ժամանակահատված խրախուսման մեխանիզմներ կիրառել, ենթադրենք, հարկային արտոնությունների տեսքով կամ հակառակը, որից հետո կամաց-կամաց անցնել համատարած արգելքի: «Հայաստանում բոլոր քայլերը, որոնք կատարվել են կտրուկ, հանգեցրել են անցանկալի հետևանքների: Այս դեպքում նույնպես կարող են հետևանքները ծանր լինել, ուստի պետք է այդ ամենը ճկուն եղանակներով, փուլ առ փուլ իրականացնել»,- ընդգծել է Վազգեն Մանուկյանը:

հանրային խորհուրդ

Խնդիրներից մեկն էլ գործող օրենքի չկիրառումն է: «Ծխախոտի իրացման, սպառման և օգտագործման սահմանափակումների մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածում հստակ նշված է ցանկը, թե որտեղ է արգելվում ծխելը. կրթական, մշակութային, առողջապահական հաստատություններ, քաղաքային տրանսպորտ, օդակայան, ավտոբուսի և գնացքի կայարաններ և այլն: Սահմանված են նաև օրենքը չկատարելու դեպքում պատասխանատվության դրույթները: Գործո՞ւմ է օրենքը, ո՛չ:

Ալթունյանի հակածխախոտային ռազմավարությունն էլ դեռևս պետք է օրենքի նախագծի տեսքով հասնի խորհրդարան և բուռն քննարկումների արդյունքում ընդունվի կամ մերժվի: Իսկ առավել հավանական է, որ ընդունվի: Բայց արդյոք կգործի՞, թե՞ կմնա թղթին, ինչպես ներկա օրենքի դեպքում:

Հայաստանը դեռևս 2004 թվականին վավերացրել է միջազգային Հակածխախոտային շրջանակային կոնվենցիան՝ միանալով ծխելու դեմ պայքարին, սակայն այս տարիների ընթացքում դրական տեղաշարժն ու արդյունքները շատ քիչ են:

Այո, մենք՝ հայերս, ծխող ազգ ենք և այդ առումով աշխարհում առաջատար դիրքերում ենք, եթե, իհարկե, դա կարելի է առաջատար համարել: 2016 թվականին իրականացված միջազգային հետազոտություններից մեկի համաձայն՝ Հայաստանը աշխարհի 172 երկրների շարքում զբաղեցնում է առաջին հորիզոնականը քաղցկեղային հիվանդություններից մահացության թվով, իսկ այստեղ զգալի ազդեցություն ունեն ծխելու հետևանքները: Առհասարակ սրտանոթային, շնչառական համակարգի ու քաղցկեղային հիվանդությունների, մասնավորապես՝ թոքի քաղցկեղի 80-85%-ը պայմանավորված է ծխախոտի երկարատև օգտագործմամբ: Կանոնավորապես ծխող տղամարդկանց թվով նույնպես Հայաստանը առաջատար երկրների մեջ է: Հայաստանում տարեկան ծխում են մոտ 5.8 մլրդ հատ ծխախոտ: Ծխելու հետևանքով մեր երկրում ամեն տարի մահանում է 3000-4000 մարդ։ Իհարկե, խնդիրը հրատապ է ոչ միայն Հայաստանում: Աշխարհում ծխողների ընդհանուր թիվը հասել է մեկ միլիարդի. յուրաքանչյուր չորրորդ տղամարդ և քսաներորդ կին նիկոտինից կախվածություն ունի: Աշխարհում ամեն 10 վայրկյանը մեկ ծխելու հետևանքով մահանում է մի մարդ: Ամենավատն այն է, որ այս ցուցանիշը մեծանալու միտում ունի, և 2020 թվականին արդեն յուրաքանչյուր 3 վայրկյանը մեկ կմահանա 1 մարդ։ Տարեկան 600 000 մարդ էլ մահանում է պասիվ ծխելու հետևանքով։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: