Հայերեն   English   Русский  

​Մարդիկ սիրում են խոսել, իսկ գործել՝ ոչ բոլորը. երիտասարդ կին ձեռներեցի հաջողության գաղտնիքը


  
դիտումներ: 43273

Շատերն են հավանաբար գարեջրի կամ գինու հետ փորձել հայկական արտադրության NUT գետնանուշը: NUT ապրանքանիշը հայկական ևս մեկ հետաքրքիր նախաձեռնություն է, որը սկսել է երիտասարդ ու սեփական ուժերին հավատացող հերթական ձեռներեցը, այս դեպքում՝ կին ձեռներեցը՝ անհատ ձեռնարկատեր Լուիզա Նալբանդյանը:

NUT ընկերությունը երիտասարդ, դինամիկ զարգացող կազմակերպություն է, որն առաջարկում է բարձրորակ արտադրանքի եզակի տեսականի: Այժմ NUT-ն ունի 5 տեսակ արտադրանք: Արտադրանքի յուրահատուկ համային հատկանիշները ստացվում են որակյալ հումքի և պատրաստման նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ: Երիտասարդ կին ձեռներեցն իր բիզնեսը սկսել է 2010 թվականին, երբ դեռ նոր էր ավարտել բուհը:

«Մեծ էր սեփական բիզնես ունենալու ցանկությունս: Գաղափարները շատ էին, սակայն անհրաժեշտ էր ստեղծել այնպիսի արտադրանք, որը նմանը չունենար շուկայում: Ես նկատեցի, որ իմ ընտրած ոլորտում չկա սուր մրցակցություն և ներմուծման խնդիրներ չկան, ինչպես ՀՀ-ում շատ ապրանքների դեպքում: Շուկան ազատ էր առողջ մրցակցության համար: Բազմաթիվ փորձարկումներից հետո վերջապես գտա բաղադրատոմսը՝ այն համը, որ կատարյալ համադրության մեջ է գարեջրի հետ»,- «Անկախին» պատմեց Լուիզա Նալբանդյանը:

Իր բիզնեսը նա սկսեց՝ ունենալով ընդամենը 20 հազար դրամ, որով, ինչպես պատմեց, գնեց 5 կգ հումք, այլ անհրաժեշտ մթերքներ ու պարագաներ և սկսեց պատրաստել իր առաջին արտադրանքը՝ NUT ապրանքանիշով: Առաջին պատրաստի արտադրանքն էլ հանձնեց ծանոթ- բարեկամների խանութներին:

«Ես չէի կարող ակնկալել, որ պահանջարկն այդքան մեծ կլինի: Միանգամից շուկան ընդունեց մեր արտադրանքն ու այդպես էլ սկսվեց NUT ապրանքանիշի պատմությունը»,- նշում է երիտասարդ գործարարը:

Լուիզա Նալբանդյան

Նախնական շրջանում Լուիզան աշխատում էր մենակ, սակայն ամուսնությունից հետո ամուսինը սկսեց օգնել բիզնեսի կազմակերպման գործում: Այժմ արդեն ունեն ընտանեկան գործ, որտեղ զբաղված է մի մեծ ընտանիք:

«Մեր գործը սկսել ենք մեկ տեսակի արտադրանքով, որը արտադրում էինք շաբաթական 5 կգ ծավալով: Տարիների ընթացքում, սպառման ցանցի ընդլայնմանը զուգահեռ, արտադրության ծավալները մի քանի անգամ մեծացան: Այժմ ունենք 5 տեսակ արտադրանք: Ներկայումս մեր արտադրանքը սպառվում է Երևանի ցանցային խանութներում, հյուրանոցներում, ժամանցի վայրերում, Լոռու, Շիրակի, Տավուշի մարզերում: Տարեցտարի ավելանում են սպառման ծավալները ՝ հասնելով մինչև 10 000 տուփի՝ 1 արտադրատեսակի համար»,- ասաց NUT-ի հիմնադիրը:

Այսօր սպառողներն ավելի ու ավելի են կարևորում առողջ ապրելակերպը, գերադասում են օգտվել էկոլոգիապես մաքուր ապրանքներից, ուստի NUT ապրանքանիշն իր առջև գերակա խնդիր է դրել սպառողներին մատակարարել առանց համային և գունային հավելումների, բնական ածխաջրերով ու սպիտակուցներով հարուստ տեսականի:

Արտադրամասը հումքը ստանում է միայն վստահություն առաջացրած մատակարարներից, իսկ արտադրության յուրաքանչյուր փուլում ներդրված որակի կառավարման ներքին համակարգերը երաշխավորում են բարձրակարգ տեսականու մատակարարումը սպառողին:

NUT-ը ձգտում է նաև առաջատար դիրք գրավել շրջակա միջավայրի պահպանության հարցերում: Այդ նպատակով NUT ապրանքանիշի արտադրանքի փաթեթավորումը լիովին ենթակա է վերամշակման , իսկ արտադրության ընթացքում առաջացած թափոնները տրամադրվում են գյուղացիական տնտեսություններին՝ երկրորդային օգտագործման համար: Այսպես ահա անթափոն արտադրության կողմնակիցն են NUT-ում, ու նրանց ջանքերը, հոգատարությունը հավանաբար սպառողները զգում են՝ համտեսելով հայկական այս համեղ բիզնեսի արտադրանքը: Եվ հոգատարությունն էլ պարգևատրվում է հաջողությամբ:

Ցանկացած բիզնես, ինչպես շեշտում է Լուիզա Նալբանդյանը, պետք է վարել սիրով՝ հավատալով վաղվա օրվա հաջողությանը, չխնայելով ժամանակը: «Դա չնորմավորված աշխատանք է ու պահանջում է անընդհատ զգոնություն և ուշադրություն: Չես կարող ժամը 9-ից մինչև 18-ը աշխատել, և հետո զբաղվել անձնական գործերով կամ հանգիստդ վայելել: Բիզնեսում գլխավոր որակը համառությունն է, որը չի թողնում ընկճվել առօրյա դժվարություններից և անհաջողություններից»,- ասում է նա ու հավելում, որ դժվարությունները հաղթահարելու հարցում իրենց օգնել է այն հանգամանքը, որ այս բիզնեսը ոչ միայն ընտանեկան ձեռնարկություն է, այլև կուռ թիմ, որտեղ յուրաքանչյուրը գիտի իր գործը և անում է այն սիրով ու անթերի՝ մտածելով, որ յուրաքանչյուր թերի աշխատանք կառաջացնի սպառողի դժգոհությունը:

Լուիզա Նալբանդյան

Իսկ որպես մի բիզնեսմեն, որ սկսել է շատ փոքրից, բայց կարողացել է հաջողության հասնել ու ընդլայնվել, Լուիզան նշում է. «Բիզնեսմենը պետք է ունենա մարդկային բոլոր դրական որակները, լինի նրբանկատ. փոքր ձեռնարկությունում դա առավել կարևոր է: Մեծ ընկերություններն ունեն համապատասխան ստորաբաժանումներ` սպասարկման որակի պատասխանատուներ, մարդկային ռեսուրսների, մարկետինգի, վաճառքի պատասխանատուներ և այլն, իսկ իմ դեպքում այդ բոլոր գործառույթները դրված են ինձ վրա: Բայց ես հասկանում եմ՝ հաջողելու համար պետք է լինել պատրաստ ամեն դժվարության: Կարևորը հավատալն է սեփական երազանքի իրականացմանը: Ինձ շատ «խորհուրդներ» էին տալիս, թե այդ ի՞նչ գործ է , որ անում ես, Հայաստանում ոչ մի բան չի աշխատի, քո ինչի՞ն է պետք, սակայն ես հավատացել եմ իմ ուժերին, ու հիմա տեսնում եք արդյունքը»:

Մեր հարցին էլ, թե՝ կա՞ ընդհանրապես հաջողության բանաձև, ու եթե այո, ապա ո՞րն է դա, պատասխանում է, թե ամեն մարդ հաջողության է հասնում իր ուրույն ճանապարհով՝ պայմանավորված երկրի, շրջապատի, մշակույթի յուրահատկություններով: Նրա կարծիքով՝ հաջողության ընդհանրական բանաձև չկա: Բայց և շեշտում է՝ անհրաժեշտ է լինել լավատես ցանկացած հարցում ու այս առումով ընդգծում՝ մարդիկ սիրում են խոսել, իսկ գործելու ոչ բոլորն են պատրաստ:

Հրաժեշտից առաջ Լուիզա Նալբանդյանն ասաց, որ հավատում է՝ NUT ապրանքանիշը՝ իր BEERNUT, NRJnut և WINEnut ենթաապրանքանիշներով, կբավարարի սպառողների պահանջարկը ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: