Հայերեն   English   Русский  

ԿԵՌԱՆ ԹԱԳՈՒՀԻ


  
դիտումներ: 9491

Կնոջ դերը հայ հասարակությունում միշտ էլ բարձր է եղել ու գնահատված ըստ արժանվույն: Կինը ծնող մայր է, դաստիարակ, տանտիրուհի, ամուսնու հավատարիմ զինակիցն ու թիկունքը: Իսկ երբ այդ կինը թագուհին է հայոց, սոցիալական խնդիրներին ավելանում են նաև հասարակական պարտավորություններ: Մեր պատմության մեջ ունենք դրվագներ, երբ հայոց Փառանձեմ թագուհին է բանակներ առաջնորդել պարսից ահեղ արքա Շապուհի դեմ, ունենք դրվագ, երբ հայոց հզոր տիրակալի՝ Լևոն Բ Մեծագործի կինը՝ Զապել թագուհին, իր իսկ բացած հանրային հիվանդանոցում խնամում էր շարքային քաղաքացիներին:

Այս շարքում բացառիկ տեղ ունի նաև Կիլիկյան Հայաստանի Լևոն Գ Հեթումյան արքայի (1270-1289) կինը՝ Աննա թագուհին, որ պատմության մեջ հայտնի է Կեռան թագուհի անվամբ: Ժողովուրդը և պալատականները հայոց թագուհուն կոչում էին Տիրուհի: Տիրուհի բառը հունարեն հնչում է «կիռ»: Եվ Կիռ Աննան աստիճանաբար դարձավ Կեռան:

Լևոն Գ Կիլիկիո Հեթում Ա Հեթումյան արքայի (1226-1270) որդին էր, որ իր երկարատև գահակալման ժամանակ կարողացավ երկիրը զերծ պահել մոնղոլական ավերիչ արշավանքներից ու որդուն փոխանցել շեն ու բարգավաճ մի թագավորություն: Նա թագավորեց 1270-1289 թթ. և շարունակեց հոր քաղաքականությունը: Հայոց թագուհին, իր դիրքին համապատասխան, մասնակցում էր պետական խնդիրների քննարկմանը, որոշումների ընդունմանն ու ամենուր ամուսնու ապավենն ու աջակիցն էր: «Կեռան թագուհու ավետարանի» գրիչ Ավետիսը նրա մասին նշել է,որ նա Լևոնի համար եղել է իբրև «զկենաց կցորդ և զբանից ընկեր»:

Լևոն Գ-ի թագավորության օրերին Կիլիկիայում ծաղկում էին մշակույթը, արվեստները, արհեստները: Այս գործում մեծ էր հայոց թագուհու՝ Կեռանի դերակատարությունը: Հենց Կեռան թագուհու նախաձեռնությամբ ու հովանավորությամբ Սիս մայրաքաղաքում գրվեց «Կեռան թագուհու ավետարանը», որի ծաղկողը եղել է միջնադարի անվանի մանրանկարիչ Թորոս Ռոսլինի աշակերտներից մեկը: «Կեռան թագուհու ավետարանը» պահպանվում է Երուսաղեմի սուրբ Հակոբ վանքում: Այս ձեռագիրը հայկական միջնադարյան արվեստի ամենանուրբ ու գեղեցիկ գործերից է:

Կեռան թագուհու անմիջական նախաձեռնությամբ Կիլիկիայում եկեղեցիներ, վանքեր են կառուցվել, ձեռագրեր ընդօրինակվել:

Լևոն արքայազնը իշխանուհի Աննայի հետ ամուսնացել է 1262 թ.: Բազում թեկնածուների մեջ հայոց արքայազնն ընտրեց իր ազգականի՝ Լամբրոնի բերդատեր Հեթում իշխանի դստերը՝ գեղանի Աննային, որն աչքի էր ընկնում խոհեմությամբ, նազանքով, բարձրահասակ էր, գեղեցիկ ու նրբակազմ: Ինչպես հետագայում Հեթում Բ արքան է բնութագրել մորը, Կեռան թագուհին «հոգով ամենագովելի և մարմնով գեղեցիկ թագուհի էր»:

Պատմիչները նշում են, որ Լևոնի և Աննայի հարսանիքը ճոխ է եղել, ուղեկցվել համաժողովրդական տոնախմբությամբ, մարզախաղերով: Հավանաբար դա եղել է Նավասարդ ամսին և համընկել Ամանորին ու Նավասարդյան խաղերին:

Կեռան թագուհին և Լևոն Գ արքան համատեղ կյանքի 21 տարիների ընթացքում ունեցան 15 երեխա (երեք անգամ՝ զույգ), որոնցից երկուսը մահացել էին, իսկ տասներեքին անձամբ թագուհին է սնել ու դաստիարակել:

Արքայական տան առաջնեկը, որ լույս աշխարհ եկավ 1263 թ. ապրիլի 4-ին, աղջիկ էր, և Մայր թագուհու՝ Լևոն Բ Մեծագործի դստեր պատվին նրան Զապել կամ Զաբլուն կոչեցին: Երկու տարի անց՝ 1265 թ. մայիսի 4-ին, ծնվեց արքայական ընտանիքի անդրանիկ որդին, որին պապի՝ հայոց Հեթում Ա արքայի պատվին Հեթում կոչեցին: Նա հետագայում ժառանգեց հայոց գահը և ցավոք եղավ հայոց ամենաթուլամորթ ու անկամ հայոց թագակիրներից մեկը:

1266 թ. ծնվել է դուստր Ֆիմին, 1269 թ.՝ դուստր Սիպիլը, 1270 թ.՝ արքայազն Թորոսը, 1272 թ.՝ Ռուբենը, ապա Սմբատ, Կոստանդին, Ռիթա, Թեոֆանե, Ներսես, Օշին, Ալիխան զավակները: Առհասարակ Կեռան թագուհին աշխարհի ամենաբազմազավակ թագակիրն է եղել… «Կեռան թագուհու ավետարանում» պահպանվել է արքայական գերդաստանի մանրանկարը, որում պատկերված են թագավորը, թագուհին և նրանց զավակները:

Կեռանի զավակները, ցավոք, աչքի չընկան միաբանությամբ ու նվիրումով: Հեթում Բ արքան իր գահակալման ընթացքում չորս անգամ հրաժարվեց գահից ու վանք մտավ: Մյուս զավակները, եղբայրասպան պատերազմներ մղելով իրար դեմ, հերթով բազմեցին հայոց գահին (Թորոսը, Սմբատը, Օշինը, Կոստանդինը):

Կեռան թագուհին մոլեռանդ քրիստոնյա էր: Նա իր ամուսնու վաղաժամ մահից հետո վանք մտավ, թողեց աշխարհիկ կյանքն ու գործեց որպես Մայր Թևաննա՝ մնացյալ կյանքը նվիրելով հոգևորին ու ապրելով բարեգործություններով:

Վանքում էլ, 1285 թվականի հուլիսի 28-ին, կնքեց մահկանացուն: Հայոց թագուհու մարմինն ամփոփվեց Դրազարկի վանքում՝ արքայական տապանատանը:

Վահե Լոռենց





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: