Հայերեն   English   Русский  

Հայ օդաչուների աճյունները վերադարձնելը դեռ պատասխան չէր.Հրանտ Մելիք-Շահնազարյան


  
դիտումներ: 1071

«Այն, ինչ տեղի ունեցավ միայն փրկարարական նպատակ ուներ. այո, գործողության ընթացքում ոչնչացվել են ադրբեջանցիներ, սակայն միայն այն պատճառով, որ նրանց չեզոքացնելով միայն հնարավորություն ստացան մոտենալու մեր օդաչուներին, և նրանց աճյունները հայրենիք վերադարձնել: Այնուամենայնիվ դեռևս հարց է մնում, թե արդյոք սա էր մեր պատասխանը», - այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հրանտ Մելիք-Շահնազարյանը` անդրադառնալով հայկական խոցված ուղղաթիռի անդամների դիերը վերադարձնելու գործողությանը:

Ըստ քաղաքագետի` ուղղաթիռի ոչնչացումը ցույց տվեց, որ Սոչիում սկսված և Փարիզում ավարտված բանակցությունների փուլը ապարդյուն էր. Ադրբեջանը նման գործողությունների գնալով բացառում է լուծում գտնելու հնարավորությունը: «Այս իրավիճակում, որքան էլ դա ցավալի է , նման միջադեպերը դառնում են սովորական պրակտիկա: Սա հարաբերությունների նոր բնույթն է», - նշեց նա:

Նրա տեղեկություններով` գործողությունը իրականացրել են 4 հատուկ ջոկատայիններ: Այդ ընթացքում 3 օդային սարք են օգտագործել, որոնցից մեկը առաջին անգամ է գործարկվել մեր պրակտիկայում: Գործողությանը բավականին երկար են նախապատրաստվել:

«Աճյունները վերադարձնելը դեռ պատասխան չէր. լավագույն պատասխանը լավ մշակված պատասխանն է: Հորդորում եմ արագ գործողություն չպահանջել մեր զինված ուժերից, քանի որ դա վերաբերում է մարդկանց կյանքին», - ասաց քաղաքագետը:

Ըստ Հրանտ Մելիք-Շահնազարյանի` հարաբերական անդորրը պահպանվում է միայն հայկական բանակի մարտունակության շնորհիվ: « Ըստ երևույթին` սա պատերազմի նոր ձև է. կհաղթի նա, ով սահմանին ավելի զգոն կլինի: Եթե ուղղաթիռի հետ կապված հապշտապ գործողությունների գնային, հնարավոր է` այս ամենը վերածվեր լայնամաստշտաբ պատերազմի: Սակայն պատերազմը վերսկսելու ցանկություն չունեն ո´չ Բաքուն, ո´չ էլ Երևանը»:

Քաղաքագետի խոսքով` հայ դիվանագետները ամեն ինչ անում են, որ հակամարտության խաղաղ կարգավորման հարցը մնա Մինսկի խմբի շրջանակներում: Սակայն Ադրբեջանը ձգտում է կազմաքանդել այդ կառույցը: Ադրբեջանը ձգտում է կարգավորման հարցի վրա մեծացնել թուրքիայի ազդեցությունը: «Համոզված եմ, որ Հայաստանի վճռականության շնորհիվ այս հարցը կմնա Մինսկի խմբի շրջանակներում»:

Հրանտ Մելիք-Շահնազարյանը նկատեց, որ այժմ ադրբեջանական ողջ քարոզչամեքենան ուղղված է այն բանին, որ հերքվի աճյունների դուրսբերումը և հայ հատուկ ջոկատայինների փայլուն գործողությունը: Սակայն ադրբեջանցիները հավատում են հայկական կողմին. դա են փաստում նրանց քննարկումները սոցիալական ցանցերում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: