Հայերեն   English   Русский  

Տարածաշրջանում ստեղծված իրավիճակի պատճառով Հայաստանը չպետք է խուճապի մատնվի, բայց և չպետք է թուլացնի զգոնությունը. իրանագետ


  
դիտումներ: 1589

Տարածաշրջանում ստեղծված իրավիճակի պատճառով Հայաստանը չպետք է խուճապի մատնվի, բայց դա չի նշանակում, որ պետք է զգոնությունը թուլացնի: Այսօր Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ անդրադառնալով Իրանում տեղի ունեցած ահաբեկչությանը և դրա հնարավոր հետևանքներին տարածաշրջանի վրա` ասաց իրանագետ Ահարոն Վարդանյանը: Իրանագետի խոսքով` ահաբեկչական գործողությունները Հայաստանի սահմանին միշտ եղել են, այն օրվանից, երբ իսլամիստական խմբավորումները գոյություն են ունեցել: Պարզապես այլ խնդիր է, որ մեր սահմանակից երկրում նման մասշտաբի ահաբեկչական գործողություններ տեղի չեն ունեցել:

«Իմ կարծիքով` ահաբեկչական գրոհով փորձել են Իրանին հունից հանել և երկրում ապակայունացնել իրավիճակը։ Մինչդեռ իրանական մենթալիտետը հետևում է «ոթ չափիր, մեկ կտրիր» ասացվածքին: Սխալ կլինի, եթե Իրանից կտրուկ գործողությունների սպասենք»,-ասաց Ահարոն Վարդանյանը:

Ասուլիսի մյուս բանախոս, իրանագետ Արտյոմ Տոնոյանն էլ վերլուծելով այն պատճառները, որոնք կարող էին հիմք հանդիսանալ Իրանում ահաբեկչական գործողությունների համար, նշեց, որ մինչ այժմ վերլուծաբանները հնչեցրել են երեք պատճառ, որոնք բացատրում են Իրանի դեմ ուղղված արշավը:

Առաջինն Իրանի և Կատարի գործակցային հարաբերություններն են: Հիշեցնենք, որ ավելի վաղ տասը մահմեդական պետություն խզեց հարաբերությունները Կատարի հետ: Սա այն դեպքում, երբ ստեղծված իրավիճակի ֆոնին Իրանի և Կատարի հարաբերություններն ավելի ջերմացան: Սաուդյան Արաբիային սա ձեռնտու չէ: Վերլուծաբանների մի մասը կարծում է, որ իրավիճակն ավելի սրվեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Սաուդյան Արաբիա կատարած այցից հետո:

Երկրորդ խմբի վերլուծաբանների դիտարկմամբ՝ «Իսլամական պետություն» խմբավորումը պարտություն է կրում Մոսուլում, պատճառը իրանական կողմի աջակցությունն է: Վերլուծաբանների մի փոքր հատված էլ համարում է, որ Իրանում տեղի ունեցած ահաբեկչությունը պայմանավորված է ներքաղաքական զարգացումներով: Այստեղ տեսնում են պահպանողականների մեղքի բաժինը:

«Ես հերքում եմ այս վերջին մոտեցումը, քանի որ մի կարևոր հանգամանք կա: Իրանում հարձակումներ տեղի ունեցան երկրի խորհրդանշական վայրերում՝ այաթոլա Խոմեյնիի դամբարանի մոտ և խորհրդարանի շենքում: Իրանը, լինելով պահպանողական երկիր, դժվար թե երկրում ունենար խորհրդանիշներն անարգող քաղաքական միավորներ: Իրանում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունները ցույց տվեցին, որ ոչ մի երկիր ապահովագրված չէ նման արհավիրքից»,- ասաց Արտյոմ Տոնոյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: